Թուրք մտավորական, ակտիվիստ, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուն ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք Հայոց ցեղասպանություն հիշատակի միջոցառմանը: Օսմանյան կայսրության կողմից նախապես ծրագրված և իրականացրած 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա միջոցառումը տեղի կունենա ապրիլի 9-ին: Արարողությունը կազմակերպվել է հայ-ամերիկյան կազմակերպությունների, ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրասենյակի համատեղ ջանքերով' միասին վերահաստատելու համար ընդհանուր պարտավորությունը Հայոց ցեղասպանության ճշմարտացի ու արդար լուծման գործում:

 

Թուրք հայտնի մտավորական, գրող, հրապարակախոս Ռագըփ Զարաքոլուն Հայոց ցեղասպանությունը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքորոշման իրավունքը ճանաչած թուրք մտավորականներից է: Նա նաև «Բելգե» հրատարակչության հիմնադիր-տնօրենն է և հեղինակն է շատ հրատակությունների, որոնց թեմաներն են, մասնավորապես, Թուրքիայի փոքրամասնությունների խնդիրները և ազատությունը։