Գերմանիայի Բունդեսթագում փետրվարի 25-ին կքննարկեն Հայոց ցեղասպանության հարցը՝ հարգանքի տուրք մատուցելով 100 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության զոհերի հիշատակին:

 

 

Քննարկումը նախաձեռնել է Բունդեսթագի «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցությունը, որի համանախագահն ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրն է: Հարցի քննարկմանը կտրամադրվի 45 րոպե:

 

 

«Դաշինք 90/Կանաչներ» կուսակցությունը և դրա համանախագահը բազմիցս դատապարտել են Հայոց ցեղասպանությունը՝ հորդորելով Թուրքիային ընդունել պատմական իրողությունն ու առերեսվել կատարվածին:

 

 

Գերմանիայի խորհրդարանը 2005 թվականին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշում: Բունդեսթագի որոշման մեջ, սակայն, չի օգտագործվել Հայոց ցեղասպանություն եզրը, այլ նշվել է «հայերի կոտորածներ»: 2015 թվականի մարտին Գերմանիայի խորհրդարանի նախագահ Նորբերթ Լամերտը հայտարարել էր, որ «Օսմանյան կայսրությունում առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ողջ աշխարհի աչքի առաջ տեղի ուենցածը ցեղասպանություն էր: Եվ դա 20-րդ դարի վերջին ցեղասպանությունը չէր»:

 

 

Ապրիլի 24-ին Բունդեսթագում լսումներին ընդառաջ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել էր, որ ինքն այն պատգամավորների կողքին է, ովքեր կողմ են հայերի զանգվածային սպանությունները «ցեղասպանություն» անվանելուն: Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկն ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված արարողության ժամանակ իր ելույթում օգտագործել էր «ցեղասպանություն» եզրույթը: