ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի հայ համայնքը գոհունակություն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առիթով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիոսկոս պապի մատուցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարե լիցին նվիրված պատարագի մասին ԱՄՆ ամենահայահոծ նահանգի հայության արձագանքն է փոխանցում The Los Angeles Times թերթը:
«ԱՄՆ հայ համայնքի համար պապը խիզախ քայլ կատարեց՝ չնայած Թուրքիայի Հանրապետության սպառնալիքներին»,- ասել է Գլենդեյլի քաղաքապետ Զարեհ Սինանյանը: Նրա խոսքով' Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը և 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածը որպես ցեղասպանություն ճանաչելուց ԱՄՆ-ի հրաժարվելը հայերին թույլ չի տալիս ապաքինվել և առաջ շարժվել: «Դա նման է արյունահոսող վերքի, որը պարզապես չի լավանում: Այն չի փակվում, չի ապաքինվում»,- հավելել է Գլենդեյլի քաղաքապետը:
Սինանյանը հույս է հայտնել, որ Հռոմի պապի հայտարարությունը կխրախուսի Միացյալ Նահանգներին «դադարեցնել քաղաքական խաղերը» և ճանաչել ցեղասպանությունը: «Ես իսկապես հույս ունեմ, որ նախագահ Օբաման խիզախ քայլ կկատարի և կանի այն, ինչը ճիշտն է»,- The Los Angeles Times-ին ասել է նա:
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը նույնպես իր հայտարարությունում ասել է. «Պապի խոսքերը կոգեշնչեն մեր նախագահին և Կոնգրեսին՝ նման հանձնառություն ցուցաբերել և ճծմարիտը խոսել Հայոց ցեղասպանության մասին, հրաժարվել Թուրքիային բնորոշ ժխտողական և կոծկող քաղաքականությունից»: