ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի հայ համայնքը գոհունակություն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առիթով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիոսկոս պապի մատուցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարե լիցին նվիրված պատարագի մասին ԱՄՆ ամենահայահոծ նահանգի հայության արձագանքն է փոխանցում The Los Angeles Times թերթը:
«ԱՄՆ հայ համայնքի համար պապը խիզախ քայլ կատարեց՝ չնայած Թուրքիայի Հանրապետության սպառնալիքներին» ,- ասել է Գլենդեյլի քաղաքապետ Զարեհ Սինանյանը: Նրա խոսքով' Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը և 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածը որպես ցեղասպանություն ճանաչելուց ԱՄՆ-ի հրաժարվելը հայերին թույլ չի տալիս ապաքինվել և առաջ շարժվել: «Դա նման է արյունահոսող վերքի, որը պարզապես չի լավանում: Այն չի փակվում, չի ապաքինվում»,- հավելել է Գլենդեյլի քաղաքապետը:
Սինանյանը հույս է հայտնել, որ Հռոմի պապի հայտարարությունը կխրախուսի Միացյալ Նահանգներին «դադարեցնել քաղաքական խաղերը» և ճանաչել ցեղասպանությունը: «Ես իսկապես հույս ունեմ, որ նախագահ Օբաման խիզախ քայլ կկատարի և կանի այն, ինչը ճիշտն է»,- The Los Angeles Times-ին ասել է նա:
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը նույնպես իր հայտարարությունում ասել է. «Պապի խոսքերը կոգեշնչեն մեր նախագահին և Կոնգրեսին՝ նման հանձնառություն ցուցաբերել և ճծմարիտը խոսել Հայոց ցեղասպանության մասին, հրաժարվել Թուրքիային բնորոշ ժխտողական և կոծկող քաղաքականությունից»:
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ապրիլի 12-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ, որը մատուցում էր Հռոմի Ֆրանցիոսկոս պապը: Դա պատմական իրադարձություն էր, քանի որ առաջին անգամ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը պատարագ էր մատուցում՝ հիշատակելով Ցեղասպանությունը: Հռոմի պապի խոսքով' մարդկությունն անցյալ դարում երեք մեծագույն ողբերգություն է ապրել: «Առաջինը համընդհանուր ձևով սահմանվում է որպես 20-րդ դարի համընդհանուր առաջին ցեղասպանություն, որին զոհ գնաց ձեր ազգը, ինչպես նաև հույներն ու ասորիները, զոհ գնացին նաև կանայք, ծերեր, նույնիսկ երեխաներ: Մյուս երկուսի պատասխանատուն նացիզմն ու ստալինիզմն են:
Թվում է, մարդկությունը չի դադարում անմեղ արյուն թափելուց, թվում է, թե մարդկային ընտանիքը չի կարողանում սովորել իր սխալներից, և այսօր ևս տակավին կան ոմանք, որ ջանք են թափում վերացնելու իրենց նմաններին, մեղսակցությամբ նրանց, ովքեր անտարբերությամբ չեն գործում: Դեռ չենք սովորել, որ պատերազմը խենթություն է:Սիրելի հայ հավատացյալներ, այսօր հիշում ենք խոցված սրտով, այդ անսահման խենթ ողբերգության 100-ամյակը, հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքը արնահոսի»,- ասել է Հռոմի Ֆրանցիկոս պապը:
Պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ինչպես նաև հայ կաթոլիկների պատրիարք Ներսես Պետրոս XIX-ը: Պատարագը նախաձեռնել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը: