Իտալա-արաբական «Ասադակահ» կենտրոնն իր գոհունակությունն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապին, ով ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ երիտթուրքական կառավարության կազմակերպած 1.5 մլն հայերի կոտորածն անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' «Ասադակահ» կենտրոնի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Հովհաննես Պողոս II-ի գահակալությունից ի վեր առաջին անգամ այս բառերը քանդեցին անտարբերության ու լռության պատը, որին երկար տարիներ բախվել է այս ողբերգությունը:
Ավելի վաղ, կենտրոնը գրավոր նամակներ էր հղել ՄԱԿ-ին, Եվրոպական խորհրդարանին և Իտալիայի կառավարությանը' խնդրելով 2015 թվականը ճանաչել հիշատակի տարի, ինչպես նաև ապրիլի 24-ը հռչակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր' ոգեկոչելու կանխամտածված ոճրագործությունների ժամանակ կոտորված մեկուկես միլիոն հայերի հիշատակը: Սակայն այդ խնդրանքն անպատասխան է մնացել:
«Զարմանալի չէ Թուրքիայի զայրացած արձագանքը և Վատիկանում իր դեսպանի հետկանչը: Անկարայի դիրքորոշումը, որը սպանություններից մոտ հարյուր տարի անց դեռ հրաժարվում է ընդունել հանցագործությունը' ժխտելով, որ այն ցեղասպանություն է, ստիպում է Եվրոպային կանխել Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը, քանզի նրա քաղաքականությունն անհամետեղելի է եվրոպական առանցքային արժեքներին»,- ասվում է «Ասադակահ» կենտրոնի հաղորդագրությունում:
Նշվում է, որ Թուրքիայի կառավարությունը մեղավոր է նաև մարդու իրավուքների և քաղաքացիական ազատությունների դեմ իրականացվող շարունակական ոտնձգությունների, Սիրիան և Իրաքը արյան մեջ թաթախած ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ:
Հայոց ցեղասպանության հիշատակը ոգեկոչելու և Թուրքիայի կողմից պատմության խեղաթյուրումներին վերջ տալու նպատակով իտալա-արաբական կենտրոնը հրապարակել է իտալացի երեք լրագրող Ալեսանդրո Արամուի, Ջիան Միկալեսինի և Աննա Մազոնիի «Հայոց ցեղասպանությունը. լռության 100 տարի. վերջին վերապրածների արտասովոր պատմությունը» խորագրով գիրքը: Գրքում ներակայացված են ցեղասպանության տարիներին բռնության, հալածանքների և աքսորի ենթարկված հայերի բացառիկ վկայությունները: Կենտրոնը մտադիր է գրքի մեկ օրինակ նվիրել Հռոմի Ֆրանցիսկոս պապին' ի երախտագիտություն այն ամենի, որ նա անում է Ցեղասպանության հիշատակի պահպանման համար: