Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում Հռոմի Պապը ճառ չարտասանեց, քանի որ նրա համար խորհելու, մտորելու պահեր էին: Հունիսի 25-ին Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին:

 

«Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կարճ խորհրդածության պահեր ապրեց հուշահամալիր այցելելիս: Ֆրանցիսկոս Պապի ոճն ավելի հարիր է լռությանն ու աղոթքին»,-ասաց Լոմբարդին: Անդրադառնալով թանգարանի պատվո հուշամատյանում Պապի գրառմանը' Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրենը շեշտեց, որ կաթոլիկների առաջնորդը հանպատրաստից տողեր է ավելացրել արդեն որոշված տեքստին:

 

«Նա ավելացրել է մի քանի խոսք, որոնք բխում են իր այս օրերի փորձառությունից»,-հավելեց Լոմբարդին' խոսելով նաև Ֆրանցիսկոս Պապի և ցեղասպանությունը վերապրածների ժառանգների հանդիպման մասին:

 

Լոմբարդիի խոսքով' Ֆրանցիսկոս Պապը ժամանակ չունեցավ թանգարան այցելելու, բայց գիտի, որ այնտեղ պահվում է կարևոր փաստաթուղթ' Բենեդիկտոս 15-րդ Պապի նամակը' հասցեագրված Օսմանյան սուլթանին, որով նա միջնորդում էր հանուն հայերի փրկության:

 

«Մենք նաև այս առավոտ ցնծությամբ տեսանք լուսապայծառ Արարատ լեռը: Այս պատմական պահին Հայաստանի խորհրդանիշ Արարատը բացվեց մեզ»,-փաստեց Լոմբարդին:

 

Ճեպազրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաև հայերի հետ Պապի առնչությանը: «Նա խորը հարաբերություններ ուներ Արգենտինայի հայկական համայնքի հետ: Երեկ էլ հանդիպեց արգենտինահայ առաքելական եպիսկոպոսի հետ, նրանք իրար շատ լավ ճանաչում են ու բարեկամներ են: Հայ ժողովուրդը նրա համար նորություն չէ, հայկական պատմությունը՝ ևս: Նրա համար մեծ ուրախություն է հայկական մշակույթի սկզբնաղբյուրի հետ շփվելը, որը խարսխվում է գիտելիքի ու բարեկամության երկար նախապատմության վրա»,-եզրափակեց Սուրբ Աթոռի լրատվության պատասխանատուն: