mediamall.am կայքն առանձնացրել է անցնող օրվա կարևորագույն իրադարձությունները.

 

Խոշոր վթար է տեղի ունեցել Մոսկվայի մետրոպոլիտենում․ կան զոհեր


Մոսկվայի մետրոպոլիտենում ռելսերից դուրս է եկել մարդատար երեք վագոն. խոշոր վթարի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 3, վիրավորվել մոտ 50 մարդ: Այս մասին հայտնում է ria.ru-ն։

Մոտ 20 մարդ շարունակում է արգելափակված մնալ գնացքի վագոններից մեկում: Տուժածների մեծ մասը քերծվածքներ ու թեթև վնասվածքներ են ստացել, աակայն կան նաև ծանր վիրավորներ:

Վթարից հետո կազմակերպվել է մարդկանց տարհանում:

 

***

 

Ադրբեջանական բանակը ևս մեկ զինվոր է կորցրել

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարության արեւմտյան տարածաշրջանում տեղակայված զորամասերից մեկի զինվոր Օրխան Լազըմ օղլու Խալիլովը ինքնասպան է եղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, զինվորը զոհվել է իրեն ամրակցված զենքից արձակված կրակոցից: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաստատել է փաստը: Փաստի առնչությամբ ռազմական դատախազությունը քրեական գործ է հարուցել, կատարվու մ է հետաքննություն:

 

Այս տարվա ընթացքում սա ադրբեջանական բանակում գրանցված ինքնասպանության թվով 12-րդ դեպքն է: Ադրբեջանը հաճախ առաջնագծում զինադադարը խախտելու կամ զինված ուժերի կողմից իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր կորուստները, որպես կանոն, միջադեպերին հաջորդող օրերին ներկայացնում է որպես ոչ կանոնադրական հարաբերությունների, ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, անզգուշության, հիվանդության կամ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունք:

 

Վերջին շրջանում Ադրբեջանի ԶՈւ շարքերում հաճախակիացել են նաեւ արտակարգ դեպքերը, որոնք ծագում են զինծառայողների միջեւ հակամարտության հողի վրա:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, 2014 թ. սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 49 զինծառայող, որոնցից 39-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 94 զինծառայող էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

 

***

 

Գազայի հատվածում հրթիռակոծությունը շարունակվում է. ռմբակոծվում է Կարմիր ծովի ափամերձ քաղաքը

 

Գազայի հատվածում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով պաղեստինցի զոհերի թիվը հասել է 187-ի, իսկ վիրավորներինը գերազանցել է մի քանի հարյուրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, իսրայելական ռմբակոծությունները կատարվում են Գազայի հատվածի տարբեր, մաս նավորապես Ռաֆհ, Խան Յունիս, Աբսան, Դեր Բալահ բնակավայրերի ուղղություններով: Իսրայելական աղբյուրները տեղեկացնում են, որ Գազայի հատվածից հրթիռակոծությունը շարունակվում է, ռմբակոծվում է նաև Կարմիր ծովի ափամերձ Էյլաթ քաղաքը:

 

Ավելի վաղ՝ հուլիսի 14-ին, Եգիպտոսն առաջ է քաշել Իսրայելի և Գազայի հատվածի միջև կրակը դադարեցնելու նախաձեռնություն, համաձայն որի հուլիսի 15-ի առավոտյան պետք է դադարեցվի հրթիռակոծությունը: Եգիպտոսը նաև առաջարկել է բացել սահմանային անցումները մարդկանց տեղաշարժը թեթևացնելու համար:

 

Կահիրեում առաջիկա օրերին տեղի կունենա Արաբական երկրների լիգայի արտահերթ հանդիպումը, որտեղ կքննարկվեն հարցեր լարված իրավիճակի վերաբերյալ: Իր հերթին Ջոն Քերին հուլիսի 15-ին նախատեսել էր մեկնել Կահիրե և քննարկել իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ հարցեր, սակայն այցելությունը հետաձգվել է: Պատճառների վերաբերյալ տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:

 

Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողությունն սկսել է հուլիսի 8-ին: Պաղեստինի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ հազար հրթիռ: Իսկ Իսրայելը ռմբակոծել է պաղեստինյան 1500 նպատակակետ: Իսրայելական կողմից զոհերի մասին տեղեկություններ չկան, միայն հայտնի է, որ 15 մարդ վիրավորվել է:

 

***

 

Սպանություն Կոտայքի մարզում՝ եկեղեցու մոտ

 

Ոստիկանության Կոտայքի բաժնում հուլիսի 14-ին' ժամը 11.30-ին, ահազանգ է ստացվել, որ Ակունք գյուղի եկեղեցու մոտ սպանություն է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը' ժամը 11.00-ի սահմաններում, Ակունք գյուղում գտնվող «Պողոս Պետրոս» եկեղեցու մոտ, վիճաբանության ժամանակ, 1980թ. ծնված Ավգուստին Ա.-ն բութ գործիքով հարվածել է 1955թ. ծնված Ֆիրդուս Մուրադյանի գլխի հետնամասին, ինչի հետևանքով Մուրադյանը տեղում մահացել է: Նույն օրը ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը' ժամը 18.30-ին, Ավգուստին Ա.-ն ներկայացել է քննչական բաժանմունք:

Ավգուստին Ա.-ն ձերբակալված է:

Նախաքննությունը շարունակվում է:

 

***

 

Դեսպան Տիգրան Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Բարաք Օբամային

 

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Սարգսյանը հուլիսի 14-ին իր հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը դեսպան Սարգսյանը նշել է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները առանձնանում են բարձր մակարդակով և արդյունավետ համագործակցութամբ։ ՀՀ դեսպանը հավելել է, որ երկու երկրների միջև առկա է հարաբերությունների զարգացման մեծ ներուժ, և իր առաքելությունն ուղղված է լինելու փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու փոխգործակցության շրջանակի ընդլայնմանը:

 

Ողջունելով և շնորհավորելով Տիգրան Սարգսյանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վստահություն է հայտնել, որ ՀՀ նորանշանակ դեսպանն իր հարուստ փորձն ու գիտելիքները լավագույնս կծառայեցնի երկու բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունների խորացման գործին:

 

Նախագահ Օբաման շեշտել է, որ Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ փոխադարձ հարգանքի և շահերի վրա հիմնված հարաբերությունները, գործընկերությունը միջազգային խաղաղապահ առաքելություններում, ինչպես նաև ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական զարգացման ուղղությամբ համագործակցությունը:

 

Նախագահ Օբաման ընդգծել է նաև, որ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հանձնառությունը՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և ամրապնդելու Հարավային Կովկասի անվտանգությունը:

 

Զրուցակիցներն ընդգծել են, որ ամերիկահայ համայնքը կարևոր դերակատարություն ունի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում:

 

***

 

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը պաշտոնաթող է լինում

 

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը որոշել է պաշտոնաթող լինել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հուլիսի 14-ին հաղորդել է Twitter-ի իր միկրոբլոգում:

 

«Չորս տարվա ծառայությունից հետո այսօր ես թողնում եմ արտաքին գործերի նախարարի պաշտոնը»,- գրել է դիվանագետը: Հեյգի խոսքով՝ 2015 թվականի մայիսից ինքը նաև կդադարի կատարել խորհրդարանի անդամի պարտականությունները: «26 տարի քաղաքականության մեջ անցկացնելուց հետո ես որոշեցի ինձ նվիրել այլ գործերի, որոնցով միշտ էլ ցանկանում էի զբաղվել»,- պարզաբանել է նա: Շարունակությունն այտեղ:

 

***

 

Ցնցող փաստեր' իսլամիստ ահաբեկիչների հետ Էրդողանի համագործակցության մասին

 

Սիրիայում զինված դիմակայություն իրագործող ահաբեկիչները, զենքերով հանդերձ, այդ երկիր են թափանցել Թուրքիայի Հաթայի (Անտիոք) նահանգի Աքչակալե սահմանակետով' Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ուղեկցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման ցնցող լուր է հրապարակել թուրքական «Այդընլըք» թերթը, որը միաժամանակ հայտնել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն անհանգստաց ել է այդ իրադարձության բացահայտումով: Սիրիա զենք-սպառազինություն եւ ահաբեկիչներ փոխադրելու համար Էրդողանը խիստ քննադատության է ենթարկվել ինչպես Թուրքիայում, այնպես էլ Արեւմուտքում:

 

Թերթը հայտնում է, որ Թուրքիայի դատախազությունը հետաքննություն է սկսել այդ պնդումների հարցով: Հղում կատարելով վստահելի աղբյուրներին' թերթը գրում է, որ թուրքական կառավարության հանձնարարությամբ «Ահրար-ի Շամ» ահաբեկչական զինված խումբը, որը ներկայում գործում է «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» արմատական ծայրահեղական խմբավորման կազմում, Թուրքիայում ձեռք բերած զենք-սպառազինությամբ եւ տարբեր խմբավորուների ահաբեկիչների հետ Սիրիա է անցել Թուրքիայի տարածքով:Շարունակությունն այտեղ:

 

***

 

Ասկերանի շրջանում ադրբեջանական գնդակից խաղաղ բնակիչ է զոհվել

 

Ասկերանի շրջանում 2014թ. հուլիսի 14-ին' ժամը 14:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմից արձակված կրակոցից խաղաղ բնակիչ է մահացել: Այս մասին նշված է ԼՂՀ գլխավոր դատախազության տարածած հայտարարության մեջ, որում, մասնավորապես, ասված է.

 

«2014թ. հուլիսի 14-ին' ժամը 14:00-ի սահմաններում, Արվիդ Դանիելյանը Ասկերանի շրջանի վարչական տարածքում գտնվող Ակնա թաղամասի մերձակայքում տեղակայված' «Սարիջալու» կոչվող տեղանքում, Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի «Ագրոտնտեսություն թիվ 1» ՓԲ ընկերությանը պատկանող' իրեն ամրակցված «Ջոն-դեր» մակնիշի 13-97 ՆԿ պետհամարանիշի տրակտորով հերկի աշխատանքներ կատարելու ժամանակ, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մարտական դիրքերից ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, ազգային ատելության շարժառիթով արձակված կրակոցի հետևանքով, դեմքի շրջանում ստացել է հրազենային գնդակային վիրավորում և տեղում մահացել: Ամբողջական նյութն այստեղ:

 

***

 

Պայթյուն' Աֆղանստանում. առնվազն 89 մարդ Է զոհվել

 

Աֆղանստանի արեւելքում առնվազն 89 մարդ Է զոհվել շուկաներից մեկում իրականացված պայթյունի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի բանակի մի աղբյուր:

 

Ավելի վաղ հաղորդվել Էր 38 զոհվածների եւ ավելի քան 80 վիրավորների մասին:

 

Պայթյունը տեղի Է ունեցել Պակտիկայի նահանգի Ուրգունի շրջանի բազմամարդ շուկայում: ԶԼՄ-ների տվյալներով՝ գործի Է դրվել պայթանյութով հանդերձված ավտոմեքենա: Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

***

 

ՌԴ-ի իրավապահների կողմից սպանության մեղադարքնով 2 տարի հետախուզվողը հայտնաբերվել է Վայքում

 

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 14-ին' ժամը 14.20-ին, ճանապարհային ոստիկանության Վայքի քննչական խմբում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1989թ. ծնված Նիկոլայ Ա.-ն:

Վերջինս 2012թ. մարտի 30-ից ՌԴ Վլադիմիրի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:

 

***

 

Անհետ կորած 17-ամյա քարվաճառցու դին հայտնաբերել են. Armlur.am

 

Քիչ առաջ Armlur.am-ը տեղեկացավ, որ Քարվաճառի գերեզմանների մոտ գտել են Քարվաճառի բնակիչ, օրերս, ըստ տեղեկությունների, դիվերսանտների կողմից գերեվարված 17-ամյա Սմբատ Ցականյանի դին:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին լուրեր էին տարածվել, որ ադրբեջանցի դիվերսանտները Քարվաճառի 17-ամյա մի բնակչի են գերեվարել, ում մի քանի օր շարունակ հարազատները գտնել չէին կարողանում:

 

 

***

 

 

ՌԴ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչն այցելել է Մոսկվայի մետրոյում հայազգի տուժածներին

 

Ռուսաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչն այցելել է Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած հայազգի ուղևորներին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը: «ՀՀ դեսպանության դիվանագետը այցելել է Մոսկվայի հ.67 և հ.79 քաղաքային հիվանդանոցներ' տեղում տուժածների առողջական վիճակի մասին տեղեկանալ ու նպատակով: Տուժած հայազգի անձանց քաղաքացիությունը դեռևս ճշտված չէ»,- աված է հաղորդագրության մեջ:

 

Նշված է նաև, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հաղորդած տվյալների համաձայն' այսօր առավոտյան Մոսկվայի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ուղևորների շրջանում կան հայազգի անձինք.

 

1) Քոչարյան Մերի Աշոտի – 20 տարեկան, Մոսկվայի հ.67 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել ողնաշարի կոտրվածքով և գլխուղեղի փակ վնասվածքով;

 

2) Բուլղադարյան Աննա Օլեգի – 23 տարեկան, Մոսկվայի հ.79 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել աջ ճաճանչոսկրի կոտրվածքով և տրավմատիկ ցնցումով:

 

ՌԴ-ում ՀՀ դեսպանության տեղեկություններով' Քոչարյան Մերին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վերջինիս վիճակը գնահատվում է ծայրաստիճան ծանր: Բուլղադարյան Աննան ևս տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:

 

***

 

Վաղը Մոսկվայում սգո օր է հայտարարված

 

Մոսկվայի իշխանությունները հուլիսի 16-ին սուգ են հայտարարել մետրոյում տեղի ունեցած վթարի հետեւանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը:

 

«Վաղը Մոսկվայում սուգ Է հայտարարվում»,- լրագրողներին հայտել Է Սոբյանինը:

 

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը գերատեսչությունում կայացած սելեկտորային խորհրդակցության ժամանակ հայտնել Է, որ Մոսկվայի մետրոպոլիտենի Արբատսկո-Պոկրովսկայա գծում տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհվածների ընդհանուր թիվը հասել Է 20-ի:

 

«Յոթ զոհվածներ հանձնվել են քննչական մարմիններին եւ գտնվում են նախասրահում, եւս վեց մարդ գտնվում Է առաջին վագոնում, երկրորդ վագոնում մնում Է զոհվածների վեց մարմին»,- ասել Է գերատեսչության ներկայացուցիչը:

 

Նա ճշտել Է, որ վեր բարձրացված յոթ զոհվածներից չորսը տղամարդ են եւ երեքը՝ կին: Շարունակվում են աղետի հետեւանքների վերացման աշխատանքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: