Ասկերանի շրջանում 2014թ. հուլիսի 14-ին' ժամը 14:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմից արձակված կրակոցից խաղաղ բնակիչ է մահացել: Այս մասին նշված է ԼՂՀ գլխավոր դատախազության տարածած հայտարարության մեջ, որում, մասնավորապես, ասված է.

 

«2014թ. հուլիսի 14-ին' ժամը 14:00-ի սահմաններում, Արվիդ Դանիելյանը Ասկերանի շրջանի վարչական տարածքում գտնվող Ակնա թաղամասի մերձակայքում տեղակայված' «Սարիջալու» կոչվող տեղանքում, Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի «Ագրոտնտեսություն թիվ 1» ՓԲ ընկերությանը պատկանող' իրեն ամրակցված «Ջոն-դեր» մակնիշի 13-97 ՆԿ պետհամարանիշի տրակտորով հերկի աշխատանքներ կատարելու ժամանակ, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մարտական դիրքերից ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, ազգային ատելության շարժառիթով արձակված կրակոցի հետևանքով, դեմքի շրջանում ստացել է հրազենային գնդակային վիրավորում և տեղում մահացել:

 

Նշված փաստի առթիվ 2014թ. հուլիսի 14-ին, ԼՂՀ ոստիկանության ՔՎ Ասկերանի շրջանի քննչական խմբի կողմից հարուցվել է թիվ 151026.14 քրեական գործը' ԼՂՀ քր. օր-ի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարումը և հսկողությունն իրականացնում է Ասկերանի շրջանի դատախազությունը»: