Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը որոշել է պաշտոնաթող լինել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հուլիսի 14-ին հաղորդել է Twitter-ի իր միկրոբլոգում:

 

«Չորս տարվա ծառայությունից հետո այսօր ես թողնում եմ արտաքին գործերի նախարարի պաշտոնը»,- գրել է դիվանագետը: Հեյգի խոսքով՝ 2015 թվականի մայիսից ինքը նաև կդադարի կատարել խորհրդարանի անդամի պարտականությունները: «26 տարի քաղաքականության մեջ անցկացնելուց հետո ես որոշեցի ինձ նվիրել այլ գործերի, որոնցով միշտ էլ ցանկանում էի զբաղվել»,- պարզաբանել է նա:

 

Դրա հետ մեկտեղ, ըստ Reuters-ի տվյալների, ԱԳ նախարարը նման որոշում է ընդունել «կառավարությունում վերադասավորումների շրջանակներում», որոնց մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարելու է հուլիսի 15-ին: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ Հեյգին փոխարինելու է պաշտպանության ներկայիս նախարար Ֆիլիպ Համոնդը:

 

BBC-ն նշում է, որ կառավարության ղեկավարն արդեն մեկնաբանել է Հեյգի որոշումը: Քեմերոնի խոսքով՝ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ոչ միայն «արտաքին գործերի առաջնակարգ նախարար էր», այլեւ «մերձավոր վստահելի անձ, իմաստուն խորհրդատու և մեծ բարեկամ»: «Նա կմնա պետության առաջին քարտուղարը և իմ դե ֆակտո քաղաքական տեղակալն ընտրությունների նախաշեմին»,- հավելել է վարչապետը:

 

Ուիլյամ Հեյգը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարն է 2010 թվականի մայիսից, Համայնքների պալատի անդամ՝ 1989 թվականից: