«Mediamall.am»  լրատվականն ամփոփում է անցնող օրը.













Դիվերսիոն հարձակում՝ հայ-ադրբեջանական սահմանին. հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի

 

 

 

Անցած գիշեր սահմանին դարձյալ լարվածություն է նկատվել: 

 

Անհանգիստ է եղել հատկապես հայ-ադրբեջանական սահմանը: Այս անգամ էլ թշնամին դիվերսիոն անհաջող փորձ է կատարել և ըստ տեղեկությունների՝ կորուստներ ունի: Ինչպես փոխանցում են ԳԱԼԱ-ի աղբյուրները, առնվազն երկուսը դիվերսիոն խմբից պայթել են ականի վրա:

 

 

Լուրեր.com-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ Տավուշի սահմանում անցած գիշեր լարվածություն է նկատվել, կրակոցների թիվը սովորականից մոտ 200 անգամ ավելի է եղել:



Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հայկական կողմին հաջողվել է դիվերսիոն խմբին հետ մղել: Հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի:






***





ԱԺ-ում լսումները մեկնարկեցին լարված իրավիճակում

 

 

 

 

Ազգային ժողովում մեկնարկում է «2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով հետաձգված խորհրդարանական լսումները:

 

Լսումները տեղի են ունենում 334 սենյակում, և լսումներին ներկա անձանց թիվը բավականին շատ է, շատերն անգամ ոտքի վրա են հետևում լսումների ընթացքին:

Մինչ լսումների մեկնարկը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն առաջարկեց տեղափոխվել ԱԺ նիստերի դահլիճ, որտեղ աշխատանքները կազմակերպելն առավել նպատակահարմար կլինի:

 

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը նշեց, որ դա իրենց որոշակի ժամանակ է պահանջում, և պետք չէ փոխել լսումների դահլիճը:

 

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հետաքրքվեց, թե ինչու է լսումների ժամանակը մեկ ժամ քսան րոպե:

«Դուք ուզո՞ւմ եք մեկ ժամ քսան րոպեում նման լրջագույն հարց քննարկել»,- ասաց Զոհրաբյանը:

 

Վերջինիս ի պատասխան՝ Հովհաննես Սահակյանն ասաց, որ լսումների օրակարգի վերջում նշված է, որ նիստը կարող է երկարաձգվել:

«Քաղաքական շոուների բեմահարթակ այս նիստը չդարձնեք»,- ասաց Սահակյանը:

 

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ևս ձայն խնդրեց և ասաց. «Շատ արհեստական է լարվում նիստը, տրամաբանական հարցեր են, եկեք գնանք նիստերի դահլիճ»:

Վերջինիս առաջարկը ևս չընդունվեց:

Այս պահին լսումները շարունակվում են 334 սենյակում:

 

 

 

***

 

 

 

Հանգիստ եղեք, դիմելու եմ. Գևորգ Կոստանյան

 

 

 

Ազգային ժողովում այս պահին շարունակվում են Գյումրիում տեղի ունեցած ողբերգության հարցով խորհրդարանական լսումները:

Լսումներին ներկա պատգամավորներն իրենց հարցերն են ուղղում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:

 

ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը և ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գլխավոր դատախազին ուղղեցին միևնույն հարցը, թե երբ է Գևորգ Կոստանյանը պատրաստվում նամակով դիմել ՌԴ գլխավոր դատախազին:

 

Պատասխանելով Հովհաննես Մարգարյանին՝ Գլխավոր դատախազն ասաց. «ՌԴ իրավապահ մարմիններին ներկայացվել են մի շարք միջնորդություններ: «Ես խոստացել եմ, որ պետք է դիմեմ և դա իմ պարտականությունն է, ես պարտավոր եմ դիմել գլխավոր դատախազին նման պահանջով և դա կատարելու եմ, բայց դիմումներն ինքնանպատակ չեն, իրականացվում են համապատասխան փուլում, և դա կատարելու եմ այն փուլում ու այն հիմքերի դեպքում, որ բավարար հիմք կտան ստանանք մեզ համար արդյունքը: Երբ ունենամ անհրաժեշտ բոլոր հիմքերը, դիմելու եմ»,- ասաց նա:

 

Պատասխանելով Նաիրա Զոհրաբյանի հարցին՝ նա նշեց. «Ես երբեք չեմ դրժում իմ պարտականությունների կատարման որևէ գործընթաց, երբեք: Դիմելու եմ, պետք է ունենամ անհրաժեշտ հիմքեր, որպեսզի այդ դիմումով հիմնավորեմ ցանկացածս, երբ որ իրականացնում ենք մեր պարտականությունները ի պաշտոնե, իր գործողությունները պետք է լինեն հիմնավորված, պետք է ունենան համապատասխան հենք, հիմք: Երբ ես դա կունենամ, իսկ ես դա կունենամ, անպայման, պարտադիր դիմելու եմ: Հարգելիներս հանգիստ եղեք, դիմելու եմ»- ասաց նա:

 

 

 

***

 

 

 

«Ալիևը գնա, ժողովրդավարությունը գա». Սկանդալ Գերմանիայում

 

 

 

Աշխատանքային այցով հունվարի 21-ին Գերմանիա մեկնած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին այդ երկրում դիմավորել են բողոքի ակցիայով:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, միջազգային իրավապաշտպան «Լրագրողներ առանց սահմանների», Amnesty International, Human Rights Watch կազմակերպությունների և ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման եկած Ալիևին նրա նստավայրի առջև դիմավորել են հակաալիևյան պաստառներով և կոչերով: Նրանք ձեռքներին բռնել են Ադրբեջանում ձերբակալված քաղբանտարկյալների, իրավապաշտպանների և լրագրողների լուսանկարները և նրանց անհապաղ ազատելու պահանջով լոզունգներ:

 

Նիդեռլանդցի լրագրող Բերտուս Բոումանը BBC-ի ադրբեջանական ծառայությանը հայտնել է, որ ակցիայի գլխավոր կարգախոսը եղել է «Ալիևը գնա, ժողովրդավարությունը գա» (Aliyev out, democracy in): Ակցիայի մասնակիցները Գերմանիայի կառավարությանը կոչ են արել ճնշում գործադրել Ալիևի վրա մարդու իրավունքների և մամուլի ազատության ապահովման հարցերում:

 

«Ազադլըգ»-ը գրում է, որ Բեռլինում Ալիևն արժանացել է ոչ միայն բողոքների, այլ նաև կանգնել իր համար դժվար պատասխանելի բազմաթիվ հարցերի առաջ, և աշխատել վիճակից դուրս գալ հարցերին տալով ոչ ազնիվ, իրականությունից հեռու պատասխաններ:

 

 

 

***

 

 

 

Վ.Պերմյակովից վերցվել են փորձանմուշներ և նշանակվել համեմատական փորձաքննություններ

 

 

 

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր քննչական վարչության վարույթում շարունակվում է 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը։

 

Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հնչեղությունը և կարևորելով հասարակության տեղեկություն ստանալու իրավունքը՝ տեղեկացնում ենք, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովից հայ քննիչները վերցրել են փորձանմուշներ՝ դեպքի վայրում հայտնաբերված հետքերի, վերցված փորձանմուշների հետ համեմատական, այդ թվում' դատակենսաբանական, գենետիկական, քրեագիտական փորձաքննություններ նշանակելու համար։

 

Վ.Պերմյակովի հարցաքննությունը տեղի է ունեցել փաստաբանի և թարգմանի մասնակցությամբ, իսկ հարցաքննությունը, օրենքով սահմանված կարգով, տեսաձայնագրառվել է։ Քննության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ մեղադրյալի ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Կից ներկայացվում ենq կադրեր՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից Վ.Պերմյակովի հարցաքննությունից։ (Կադրերում երևում են նաև փաստաբանը և թարգմանը, որոնց դեմքերը փակվել են՝ նրանց անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով)։

 

 

 

***

 

 

 

Վրաերթի է ենթարկվել ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախկին նախարարը

 

 

 

Այսօր՝ հունվարի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com –ը՝ ժամը 19:10-ի սահմաններում 62-ամյա Միշել Օզսիսմանը իր վարած Opel մակնիշի 15 OO 178 համարանիշի ավտոմեքենայով Բաբաջանյան փողոցում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն 56-ամյա Կամո Իվանի Աթայանին:

 

 

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

 

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: