«Mediamall.am» լրատվականը ներկայացնում է անցնող օրվա առավել ուշագրավ տեղեկատվությունը.













Հայաստանի պատվիրակությունը համարժեք պատասխան է պատրաստել ադրբեջանցիների նախաձեռնությանը ԵԽԽՎ-ում

 

 

 

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունն առաջին իսկ հնարավորության դեպքում կբարձրացնի Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումների և վերջին օրերին իրականացվող դիվերսիոն ներթափանցման փորձերի հարցը:

 

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը: «Վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգում նման հարց ընդգրկված չէ, սակայն մենք պետք է տեսնենք, թե օրակարգային հարցերից որ մեկի շրջանակներում կարող ենք այդ մասին խոսել: Բնականաբար, առաջին իսկ հնարավորության դեպքում մենք կբարձրաձայնենք Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց պատգամավորը:

 

Անդրադառնալով ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության ղեկավարի այն հայտարարությանը, թե վեհաժողովի առաջիկա նստաշրջանի ընթացքում իրենք պատրաստվում են բարձրացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների դատավճռի անօրինականության հարցը՝ Արփինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ ադրբեջանցիների կողմից նման անհեթեթ նախաձեռնությունը հայկական պատվիրակության կողմից համարժեք պատասխան կստանա: «Ես ծանոթ եմ այդ հայտարարությանը:

 

Եթե ադրբեջանցիներն իսկապես հանդես գան նման անհեթեթ նախաձեռնությամ բ, ինչը, կարծում եմ, կսահմանափակվի միայն ելույթներով, հայկական կողմը նրանց համարժեք պատասխան կտա, սակայն այս պահին ես չեմ ցանկանում բացահայտել այդ պատասխանի մանրամասները»,- մանրամասնեց Արփինե Հովհաննիսյանը:

 

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում Հայաստանի հետ կապված հարց ընդգրկված չէ, սակայն կան հետաքրքիր հարցեր, որոնց վերաբերյալ հայկական պատվիրակությունը ելույթներ կունենա: «Օրակարգում ընդգրկված են մի շարք հետաքրքիր հարցեր, այդ թվում՝ հրատապ ռեժիմով քննարկվող հարցը, որը վերաբերում է բոլորին հայտնի Ֆրանսիայում իրականացված ահաբեկչությանը:

 

Ընդգրկված են նաև զեկույցներ մեդիայի ազատության և Եվրոպայում քրիստոնյաների նկատմամբ խտրականության դրսևորումների վերաբերյալ: Որոշ հարցերի շուրջ Հայաստանի պատվիրակությունը ելույթներ կունենա»,- եզրափակեց պատգամավորը:

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը կանցկացվի Ստրասբուրգում՝ հունվարի 26-30-ը:

 

 

 

***

 

 

 

Քաղաքացին ոստիկանությանը տեղյակ է պահել, որ կացինով մարդ է խփել

 

 

 

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից hունվարի 23-ին, ժամը 02.55-ին, Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Վարդաշենի 6-րդ փողոցի տներից մեկի բնակիչ, 1989 թ. ծնված Վահե Մ.-ն և հայտնել, որ ինքը կացինով մարդ է խփել:

 

Նույն օրը, ժամը 03.45-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը նշված հասցեից իրենց մոտ է տեղափոխել մոտ 60 տարեկան տղամարդու՝ «պոլիտրավմա» ախտորոշմամբ:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 02.30-ին, վիճաբանության ժամանակ Վահե Մ.-ն կացնով (բութ մասով) հարվածել է 1959 թ. ծնված Հրայր Հ.-ին: Ըստ բժշկի տեղեկանքի Հրայր Հ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ժամը 04.10-ին Վահե Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին: Կատարվում է հետաքննություն:

 

 

 

***

 

 

 

Ադրբեջանցի դիվերսանտը ցանկանում է դիմել ԼՂՀ նախագահին՝ ներման խնդրանքով

 

 

 

Շահումյանի շրջանում ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-­դիվերսիոն խմբի անդամ, ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովը առայժմ չի ցանկանում բողոքարկել առաջին ատյանի դատարանի վճիռը: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ադրբեջանցի դիվերսանտի փաստաբան Էրիկ Բեգլարյանը՝ նշելով, որ Ասկերովը մինչեւ հունվարի 29-ը դեռ ժամանակ ունի որոշում կայացնելու համար:

 

«Դատավճռից հետո տեսակցել եմ պաշտպանյալիս, նա հայտնել է, որ չի ցանկանում վճիռը բողոքարկել, և ամենայն հավանականությամբ կօգտվի ԼՂՀ նախագահին ներման խնդրանքով դիմելու հնարավորությունից»,- ասաց փաստաբանը:

 

Անցած տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած, լրտեսության, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը դեկտեմբերի 29-ին ԼՂՀ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են, համապատասխանաբար, ցմահ և 22 տարվա ազատազրկման:

 

 

 

***

 

 

 

Նախահարձակ ադրբեջանական կողմը տվել է առնվազն 14 զոհ, 20-ից ավելի վիրավոր. ԼՂՀ ՊԲ

 

 

 

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում անցած շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1800 անգամ' հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 20 000 կրակոց: Նույն ժամանակահատվածում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները շփման գծի տարբեր հատվածներում ձեռնարկել են երկու տասնյակից ավելի հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք հանդիպելով հայ դիրքապահների կուռ պաշտպանությանը, կորուստներ կրելով հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը:

 

«Հարկ է ընդգծել, որ չնայած ադրբեջանական կողմը այդ երկրի նախագահի 2014թ. սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության զորքերի շփման գծում անվտանգության մի շարք կանոնների վերաբերյալ» հրամանագրից հետո լիովին կասեցրել է սեփական զինուժին վերաբերող ցանկացած բացասական, առավել ևս' շփման գծում ձախողումներին վերաբերող տեղեկատվության հրապարակումը, այնուամենայնիվ ՊԲ-ի տրամադրության տակ եղած միջոցների կիրառմամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում նախահարձակ հակառակորդը' ղարաբաղյան ուժերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում տվել է առնվազն 14 զոհ, 20-ից ավելի վիրավոր, շարքից հանվել է մեկ հրամանատարական և զինվորներ տեղափոխող «Սադկո» տիպի մեկ մարդատար ավտոմեքենա:

 

ՊԲ-ն շփման գծի ողջ երկայնքով ոչ միայն վստահորեն կատարում է իր առջև դրված մարտական խնդիրը, այլև ըստ անհրաժեշտության ձեռնարկում է օպերատիվ մարտավարական նշանակության պատժիչ գործողություններ և ճնշում հակառակորդի դրսևորած ակտիվությունը»,-ասված ՊԲ հաղորդագրության մեջ:

 

 

 

***

 

 

 

Արամ Ա.-ն ժամանել է Հայաստան

 

 

 

Արամ Ա. Կաթողիկոս ժամանել է Հայաստան: Հայաստանում գտնվելու ընթացքում Նորին Սրբությունը մասնակցելու է Հայոց ցեղասպանության 100-ամյակի Կենտրոնական Հանձնախմբի ժողովին, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ի հետ Արամ Ա.-ն նախագահելու է Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման հանձնախմբի ժողովը:

 

 

 

***

 

 

 

Հակառակորդը կրկին դիվերսիոն հարձակողական գործողություն է ձեռնարկել. հայկական կողմը կորուստներ չունի

 

 

 

Ս.թ. հունվարի 24-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում' Տավուշի մարզի ուղղությամբ հակառակորդը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը և գնդակոծել սահմանային դիրքերն ու բնակավայրերը: Սահմանագծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից ձեռնարկվել են դիվերսիոն գործողությունների փորձեր:

 

Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների և պատժիչ գործողությունների արդյունքում հակառակորդի դիվերսիոն խմբերի առաջխաղացումը շփման գծի տարբեր հատվածներում կասեցվել է, դիվերսիոն խմբերի անդամները, կրելով զգալի կորուստներ, հետ են շպրտվել: Հակառակորդի կորուստների թիվը ճշտվում է:

 

Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:

ՀՀ զինված ուժերը շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով և այսուհետ ևս կձեռնարկեն իրավիճակին համարժեք գործողություններ:

 

 

 

***

 

 

 

Մարիուպոլի հրետանային ռմբակոծման հետևանքով 10 մարդ է զոհվել. Ուկրաինայի ՆԳՆ

 

 

 

Մարիուպոլում հրետանային ռմբակոծման հետևանքով նախնական տվյալներով 10 մարդ է զոհվել: Այս մասին գրել է Газета.Ru-ն' վկայակոչելով Ուկրաինայի ՆԳՆ գլխավոր վարչության Դոնեցկի մարզային բաժնի պետ Վյաչեսլավ Աբրոսկինին:

 

Նրա տվյալներով՝ կրակահերթի տակ են ընկել բնակեցված մի շարք շրջաններ:

«10 մարդ է զոհվել: Տեղեկությունը ճշգրտվում է»,- գրել է Աբրոսկինը Facebook-յան իր էջում:

 

Հաղորդվում է, որ ահազանգել են քաղաքային ոստիկանությանը:

Դեպքի վայրում աշխատում է քաղվարչության քննչական թիմը:

 

 

 

***

 

 

 

Հայաստանում ադրբեջանցի գերիներ չկան. հերքվում է ադրբեջանական հերթական սուտը

 

 

 

Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանցի գերիներ չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը հերքեց Ադրբեջանի իր պաշտոնակից Ֆիրուդին Սադիգովի ներկայացրած վիճակագրությունը, համաձայն որի' Հայաստանում պահվում են 31 գերիներ, ովքեր Ադրբե ջանի քաղաքացիներ են:

 

«Ամեն անգամ հայտարարություն անելիս կամ վիճակագրություն ներկայացնելիս նրանց թվերը փոխվում են: 2009թ. թվականին Ադրբեջանը հայտարարում էր, որ Հայաստանում 5000 գերի ունեն, հետո հասկացան, որ աբսուրդ թիվ են հրապարակում, սկսեցին կամաց-կամաց թիվը նվազեցնել: Մի քանի ամիս առաջ հայտարարեցին, որ Հայաստանում ավելի քան 40 գերի կա, հիմա թիվը հասավ 31-ի:

 

Անկեղծ ասած, այս ամենն արդեն վերածվում է զավեշտի: Իրենք էլ չեն հասկանում, թե ոնց են աշխատում, ինչ են անում: Յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն, քաղաքացիական պաշտպանն եր իրենց հերթին վիճակագրություն են ներկայացնում, չգիտես որտեղից փաստաթղթեր ներկայացնում ու ամեն անգամ գերիների տարբեր թվով: Պաշտոնապես եւս մեկ անգամ հաստատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ազգությամբ ադրբեջանցի գերի գոյություն չունի»,- ասաց Կապրիելյանը: