«Mediamall.am»  լրատվականը ներկայացնում է անցնող օրվա առավել ուշագրավ տեղեկատվությունը.

 

 

Դալարիկ-Մյասնիկյան ճանապարհին «Նիսսան»-ը գլորվել է ձորը. կա տուժած

 

 

ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 12-ին' ժամը 02.05-ին, ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-17 մինչ համայնքային ավտոճանապարհի Դալարիկ-Մյասնիկյան հատվածի 2-րդ կմ-ում «Նիսսան» մակնիշի 91ԼՏ009 պ/հ ավտոմեքենան (վարորդ' Ե. Հ., ծնված 1991թ.)դուրս է եկել երթևեկելի մասից և մոտ 300 մ գլորվել ձորը:

 

Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Ե.Հ-ին, ով ուղևոր Լ. Հ.-ի հետ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

 

 

***

 

Ոստիկանները հայտնաբերել են 18-ամյա երիտասարդին կողոպտած անձանց

 

 

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն օրերս բաժին են հրավիրել 1996թ. ծնված Նարեկ Մ.-ին: Նա հաղորդում է տվել, որ սեպտեմբերի վերջին Երևանի Սեբաստիայի և Լենինգրադյան փողոցների խաչմերուկի մոտ իրեն են մոտեցել 2 անծանոթ անձինք, խաբեությամբ ուղեկցել Սեբաստիայի փողոցի հարակից այգի, ծեծի ենթարկել և դանակի սպառնալիքով հափշտակել պարանոցի շղթան' խաչով, ոչ թանկարժեք մետաղից պատրաստված թևնոց, արևային ակնոցներ և գրպանի փոքր դանակ:

 

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված անձինք են 1962թ. ծնված Քյարամ Մ.-ն և 1981թ. ծնված Հակոբ Հ.-ն, որոնք տարված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել են ոստիկանության բաժին:

Հափշտակվածը մասամբ առգրավված է: Կատարվում է նախաքննություն:

 

 

***

 

Մենք ուզում ենք տեսնել փոփոխություն. «Դ!ԵՄ ԵՄ»

 

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Ֆինանսների նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության մի քանի տասնյակ անդամներ, ովքեր պահանջում էին իրավական ակտ ընդունել և «Նպատակային պարտադիր սոցիալական վճարի» մասին օրենքով պահումներ չկատարել պետական և մասնավոր սեկտորում համատեղությամբ աշխատողներից:

 

 

Քանի որ ակցիայի մասնակիցներին ոստիկաններն այդպես էլ թույլ չտվեցին մոտենալ Ֆինանսների նախարարության շենքին, նրանք ակցիան շարունակեցին կառավարության մոտ, որտեղ դիմադրության չհանդիպեցին:

 

 

«Պարո՛ն վարչապետ, ձեր ուշադրությունն ենք հրավիրում այս ամենի վրա: Դուք բազմիցս խոստացել եք, որ այս խնդիրը ձեր ուշադրության կենտրոնում կլինի, սակայն մենք դա չենք տեսնում: Մենք ուզում ենք տեսնել փոփոխություն: Դուք տվել եք հանձնարարություն, բարի եղեք հետամուտ լինել, որպեսզի հանձնարարությունը կատարվի,- ասաց «Դ!ԵՄ ԵՄ» թիմի անդամ Գևորգ Գորգիսյանը:

 

Ակցիայի վերջում մասնակիցները Հովիկ Աբրահամյանին ուղղված նամակ հանձնեցին կառավարությանը: Գագիկ Խաչատրյանին և Արմեն Աշոտյանին ուղղված նամակները նախաձեռնության անդամները կուղարկեն փոստով:

 

 

***

 

 

ՌԴ-ում ինքնասպան է եղել ազգությամբ հայ Արամ Խաչատրյանը

 

Նոյեմբերի 11-ին Մոսկվայի «Եվրոպական» առևտրի կենտրոնի տասնյակ այցելուների առջև ինքնասպանություն է գործել 38-ամյա Արամ Խաչատրյանը: Այս մասին հայտնել է "Московский Комсомолец"-ը:

 

Բարձրանալով պատկերասրահի պարիսպը՝ տղամարդը ցած է նետվել:

Տղամարդը ծանր վնասվածքներ է ստացել, սակայն դեռ որոշ ժամանակ ողջ է մնացել: Նա մահացել է շտապօգնության բժիշկների ձեռքին: Զոհվածի մոտ հայտնաբերել են 1976թ.-ին ծնված Արամ Խաչատրյանի վարորդական իրավունքը՝ տրված ԱՄՆ-ում:

 

 

***

 

Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից խոցվել է հայկական ուղղաթիռ. ԼՂՀ ՊՆ

 

Այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը:

 

Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ:

Միջադեպի մանրամասները ճշտվում են:

 

 

***

 

 

Հակառակորդի կողմից ԼՂՀ ՊԲ ուղղաթիռը խոցելու հետևանքով 3 մարդ է զոհվել

 

Այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը:

 

Նախնական տեղեկություններով՝ հայկական կողմն ունի 3 զոհ։

Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ:

 

 

***

 

 

Վիճաբանություն ու հարվածներ՝ Դիլիջանում

 

Նոյեմբերի 11-ին, ժամը 19.50-ին, 1972 թ. ծնված Գագիկ Դ.-ն ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է տվել, որ նոյեմբերի 10-ին, ժամը 21.00-ի սահմաններում, իրեն և 1977 թ. ծնված Տիգրան Գ.-ին մի հիմնարկության շինհրապարակի տարածքում տեղակայված տնակներից մեկում հրավիրել են ընթրիքի, որի ընթացքում իր և 1984 թ. ծնված Վահրամ Ն.-ի միջև առաջացած վիճաբանության ժամանակ վերջինս և 1974 թ. ծնված Գնել Խ.-ն հարվածել են իր մարմնի տարբեր մասերին' պատճառելով վնասվածքներ:

 

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Գագիկ Դ.-ին հարվածել և վնասվածքներ են պատճառել նաև 1988 թ. ծնված Սերգեյ Ա.-ն և 1956 թ. ծնված Ներսես Ն.-ն:

Գագիկ Դ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

 

Նախապատրաստվում են նյութեր:

 

 

***

 

 

Քաղաքագետը Բաքվի սադրիչ գործողությունը պայմանավորում է Իրանի նախագահի այցով Ադրբեջան

 

Պաշտոնական Բաքուն երբեք բաց չի թողնում տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների տարածաշրջանային այցերը' ցույց տալու համար, որ հակամարտությունը սառեցված չէ։

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման կարծիք է հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը' նշելով, թե ադրբեջանական ռազմուժի սադրիչ գործողություններն այս ան գամ նվիրված են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի պաշտոնական այցին Ադրբեջան։

 

«Ռոուհանին, ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, արդեն Բաքվում է։ Պարզ է, որ նման կերպ Ալիևի վարչակազմը հերթական անգամ ընդգծեց իր հավատարմությունը հայկական պետությունների հետ իրավիճակը լարելու վաղուց մշակված քաղաքականությանը»,- ասվում է քաղաքագետի ֆեյսբուքյան գրառման մեջ:

 

Նա հավանական է համարել այն, որ այս անգամ պաշտոնական Բաքուն կփորձի Իրանի նախագահի շուրթերից հակահայկական, կամ գոնե թե ադրբեջանցիների ունկը շոյող հայտարարություններ կորզել:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

«Ծնկաչոք հրադադար եք մուրալու. անվերջ ու անսպառ չէ մեր համբերությունը». Մանվել Գրիգորյան

 

 

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների և անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում ռազմաուսումնական վարժանքներ իրականացնելիս Արցախի Պաշտպանության բանակի ՄԻ-24 ուղղաթիռի' Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցվելու փաստի կապակցությամբ:

 

Վշտակցելով Ադրբեջանի այս աննախադեպ սադրանքին զոհ գնացած քաջ հայորդիների հարազատներին, մեր ժողովրդին, ՀՀ և Արցախի նախագահներին և պաշտպանության նախարարներին՝ միաժամանակ համոզված եմ, որ մեր հերոս տղաների հոգիները պատվավոր տեղ են գտնելու դրախտում, իսկ նրանց օրինակով դաստիարակվելու են սերունդներ:

 

ԵԿՄ-ն նաև զգուշացնում է Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությանը, որ անվերջ ու անսպառ չէ մեր համբերությունը: Հավատացած եղեք, որ եթե մեզ փորձեք պատերազմ պարտադրել, եթե ձգտեք նմանօրինակ սադրանքներ հրահրել, խստորեն պատժվելու եք, դարձյալ, ինչպես 1994-ի մայիսին, ծնկաչոք հրադադար եք մուրալու, բայց այս անգամ արդեն մարտերն ընթանալիս կլինեն Բաքվում:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

Կառավարությունը հաջորդ շաբաթ կքննարկի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու ընդդիմության առաջարկը

 

 

Կառավարությունը մյուս շաբաթ կքննարկի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ եռյակի առաջարկը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

 

«Մենք հաջորդ շաբաթ կքննարկենք այդ հարցը նաև ընդդիմության հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նա:

 

Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի եռյակի հերթական հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշել էր, որ իրենք քննարկել են նաև ՀՀ Նախագահի հարցազրույցը, որում նա հայտարարել է, որ կառավարությանն առաջարկել է կրկին անդրադառնալ ոչ իշխանական ուժերի 12 կետերին:

 

Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ եռյակն առաջարկում է կառավարությանը անմիջապես հանդես գալ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ, ինչը ևս քառյակի 12 կետերից մեկն է, և ժամանակ ու ֆինանսական միջո ցներ չի պահանջում: Հակոբյանը նշել էր, որ միայն այդ դեպքում իրենք իշխանությունների հետ պատրաստ կլինենի քննարկել մյուս կետերը: