«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.
Շըփ-թըփ մի՛ արեք. ԱԺ-ում «բեսպրեդել» է
Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հատուկ ընթացակարգով քննարկելու հարցը:
Օրենքի նախագիծը հատուկ ընթացակարգով քննարկելուն կողմ քվեարկեց 64, դեմ՝ 5, ձեռնպահ 1 պատգամավոր:
Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը և նշեց, որ օրենքի նախագիծը լրացուցիչ քննարկումների կարիք ունի և չի կարելի այն 24-ժամյա ռեժիմով անցկացնել:
«Շըփ-թըփ մի արեք, թողեք հանգիստ քննարկենք»,- առաջարկեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ ընդգծեց, որ կարիք չկա շտապելու՝ ընդգծելով, որ այն կարելի է հանգիստ քննարկել և ընդունել, օրինակ, մի քանի ամիս հետո:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ընդգծեց, որ կառավարությունը ներկայացրել է շատ լավ նախագիծ, որով խթանվելու է արտահանումը: Նա նշեց, որ օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում հնչել են բոլոր կարծիքները և բովանդակային քննարկումների մեջ մտնելու կարիք չկա:
***
Ինձնից «աչոտ» պահանջողը թուրքից բեթար ա, «սապլյակ» թուրք ա. Մանվել Գրիգորյան
«Իրանք են որոշել, իրանք էլ իրանցից փոշմանել են: Ոչ ոք չի կարող պետության կամ Հանրապետության նախագահի դեմ կռվել: Ո՞նց կարա մեկը պետության դեմ կռվի, սկի թուրքը չի կարում: Դրանք մնացածը մանր-մունր բաներ են»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը:
Վերջինս նշեց նաև, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև երբեք էլ լարվածություն չի եղել, իսկ իր և Ռուբեն Գևորգյանի («Ծաղիկ Ռուբո») հարաբերությունների մասին ասաց. «Ինձնից մենակ թուրքն ա պատասխան պահանջում, որովհետև թուրք եմ կոտորել: Իմ թշնամին մենակ թուրքն ա: Ով ինձնից փորձի պատասխան պահանջել, թուրքից էլ բեթար ա, «սապլյակ» թուրք ա»:
***
ԼՂ հակամարտության գոտում սահմանային լարվածությունը թուլացել է. Սեյրան Օհանյան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սահմանային լարվածությունը թուլացել է: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դա կապում է մի շարք գործոնների, այդ թվում' հայկական զինված ուժերի պատրաստվածության մակարդակի բարձրացման և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների գործունեության հետ: «Հայկական կողմը սահմանների ամրացման ուղղությամբ ակտիվ աշխատանք է տանում: Դիտարկման համակարգն է արդիականացվում, որպեսզի սահմանում տիրող իրավիճակի վերահսկողությունն ավելի արդյունավետ լինի»,-«Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախարար Օհանյանը:
Նախարարի խոսքով' սահմանում տիրում է հարաբերական հանդարտ վիճակ: Դա հետևանք է նաև նրա, որ Մինսկի խմբի համանախագահներն աշխատանք են տանում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման ուղղությամբ: «Մենք' որպես ուժային կառույցների ղեկավարներ' միշտ հորդորում ենք միջնորդներին' դիվանագիտական ճանապարհով քայլեր ձեռնարկել հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Սեյրան Օհանյանը:
Նա ընդգծեց, որ ԼՂՀ պաշտպանության բանակը և ՀՀ զինված ուժերը մշտապես աշխատանքներ են տանում' կատարելագործելու տեխնիկան: Հայկական երկու պետությունների զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում անվտանգության ու խաղաղության երաշխավորն են:
***
Գալուստ Սահակյանը՝ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցի մասին
«Ես կարծում եմ դադարը պայմանավորված է նրանով, որ նոր քաղաքական իրավիճակ է, և մարդիկ պիտի կարողանան քննարկել և որոշումներ կայացնեն, դրա հետ կապված կլինի»: Այս մասին ասյօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի՝ ԱԺ նիստերը բոյկոտելուն:
Պատասխանելով այն հարցին, թե Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցն ինչ վիճակում է, Գալուստ Սահակյանն ասաց. «Եթե ցանկություններով առաջնորդվեմ՝ ես չեմ ցանկանում նման տիպի նախադեպեր ստեղծել, որովհետև իրավական տեսակետից լրիվ հիմնավորումները կան, լրացուցիչ պատճառաբանությունների եմ սպասում, այդ պատճառով Գագիկ Ծառուկյանին նամակ եմ ուղարկել, որպեսզի հիմնավոր պատասխանի բացակայությունների համար»:
Դիտարկմանը, թե Սահակյանը որքան ժամանակ է սպասելու Գագիկ Ծառուկյանի պատասխանին, ԱԺ նախագահը նշեց, որ ինքը շտապելու ոչինչ չունի:
Խոսելով այն մասին, թե իր կարծիքով ԲՀԿ-ի գործունեությունն ընդդիմադիր դաշտում կշարունակի՞, Սահակյանն ասաց. «Կարծում եմ, որ պիտի շարունակի:
***
Այլանդակ երևույթներ՝ գազի գնի վերաբերյալ. Արամ Մանուկյան
«Այնքան շատ ասելիք կա, չգիտեմ՝ որն ասեմ: Հայտնաբերել եմ շատ խախտումներ, նյութերը շատ են խոսելու, ժամանակը թույլ չի տալիս բոլոր հարցերի մասին խոսեմ»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:
«Խոսեմ գազի սակագնի մասին, որը յուրաքանչյուր ընտանիքի և քաղաքացու է անհանգստացնում: Ներկայացնում եմ մի քանի այլանդակ երևույթներ գազի գնի վերաբերյալ:
Ասում եք՝ գազի սպառումը վեց անգամ ավելացել է տարիների ընթացքում, դրա պատճառով աշխատողների և սպառողների քանակն ավելացել է, բնականաբար, ավելացել է նաև սպառման քանակը: Երբ սպառողների քանակն ավելացել է, յուրաքանչյուրը միջինը 300 դոլար վճարում է արել, այնպես որ շահույթը ևս ավելացել է: Թվերն ավելի խոսուն են»,- ասաց Մանուկյանը:
***
Հանրապետությունում մեկ օրում արձանագրվել է գողության 12 դեպք
Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 4 պատահարի հետևանքով զոհվել է 1 մարդ, 4-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, փետրվարի 24-25-ին հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության 12, խարդախության 5, մաքսանենգության և յուրացման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք:
***
Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքները լինելու են բաց և թափանցիկ
Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը ստեղծվել է այն նպատակով, որպեսզի հնարավոր լինի վեր հանել և քննարկել բոլոր այն խնդիրները և տեղեկությունները, որոնց մասին խոսվում է տարբեր հարթակներում: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հարցին:
«Մենք այս հանձնաժողովը, որը ղեկավարում է հանրապետության վարչապետը և որում ընդգրկված են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններից մեկական պատգամավոր, ստեղծել ենք, որպեսզի միասին, համատեղ ուժերով քննարկենք, վեր հանենք բոլոր այն խնդիրները, բոլոր այն տեղեկությունները, որոնց մասին խոսում են տարբեր հարթակներում: Եվ երբ այդ քննարկումների արդյունքում կունենանք իրավական հիմքեր, իրավապահ մարմինների օգնութամբ կիրականացնենք նաև պատժիչ գործողություններ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:
Նա հավաստիացրեց, որ այս հարցում իշխանությունները որևէ կերպ կաշկանդված չեն: «Որևէ մեկ անձի, քաղաքական գործչի, գործարարի նկատմամբ մենք չունենք որևէ պարտավորվածություն: Մեր աշխատանքները լինելու են թափանցիկ, պարզ, անկեղծ: Եվ ես համոզված եմ, որ եթե մենք բոլորս ունենանք այս համոզվածությունը, մենք կկարողանանք հաջողություն գրանցել»,- շեշտեց վարչապետը:
Հովիկ Աբրահամյանն առաջարկում է միասին, համատեղ ջանքերով վեր հանել առկա խնդիրները և լուծում տալ դրանց՝ օգտագործելով իշխանության լծակները: «Իսկ դուք ասում եք' ընդդիմությանը վերահսկողական լծակներ տվեք: Ես ցանկանում եմ, որ մենք բոլորս միասին լուծենք մեր ժողովրդի առջև ծառացած սոցիալական խնդիրները:
Արդեն շուրջ մեկ տարի է՝ ես նշանակվել եմ վարչապետ: Որևէ մեկը թող ասի, որ ես վարչապետ կամ Ազգային ժողովի նախագահ լինելու տարիներին որևէ բիզնես գործունեություն եմ ծավալել կամ որևէ բիզնեսի հետ սերտաճած եմ: Ուղղակի տարբեր ամբիոններից մարդիկ անհիմն խոսում են: Ես առաջարկում եմ միասին աշխատել:
Խորհրդի նախագահը նույն լիազորություններն ունի, ինչ անդամը: Տարբերությունը ո՞րն է: Ես ասում եմ' վեր հանենք և խնդիրներին լուծում տանք: Դատարկ խոսակցություններն անհիմն եմ համարում, դրանք փչացնում են առողջ մթնոլորտը: Ես ևս մեկ անգամ ասում եմ՝ եկեք միասին խնդիրներին լուծում տանք»,- եզրափակեց Հովիկ Աբրահամյանը: