«Mediamall.am» լրատվականն ամփոփում է օրը.




Մեր փողը խի՞ տանք դրանց. Մանվել Գրիգորյանը՝ էլեկտրաէներգիայի թանկացման մասին


Մեղք ա էս ժողովուրդը, թանկացնելը ծանր կնստի ժողովրդի վրա: Հա, ես փող ունեմ, բայց մեր փողը խի՞ տանք դրանց: Լիքը խնդիրներ կառաջանան հոսանքի թանկացումով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:

 

 

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էրԼՈՒՐԵՐ.com-ը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դիմել է «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին»՝ հոսանքի սակագնի վերանայման հայտով: Ընկերությունն առաջարկում է բնակչության համար էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամի սակագինը բարձրացնել 17 դրամով: Եթե հանձնաժողովը համաձայնի՝ սպառած էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը ներկայիս 41 դրամ 85 լումայի փոխարեն կդառնա 58 դրամ 93 լումա, իսկ գիշերային սակագինը՝ 48 դրամ 93 լումա՝ ներկայիս 31.85 դրամի դիմաց:

 

 

***

Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձը բեմադրված չի եղել. Վլադիմիր Գասպարյան



Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձը բեմադրված չի եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

 

Գասպարյանը նշեց նաև, որ մահափորձի դեպքով հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն, և ինքը ոչինչ ասել այս պահին չի կարող:

 

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էրԼՈՒՐԵՐ.com-ը  մայիսի 20-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում հրազենային կրակահերթ էր արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին գտնվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Նախնական տվյալներով՝ավտոմեքենայի մեջ եղել է ևս երկու հոգի՝ վարորդը և մարզպետի օգնականը: Տուժածներ չկան։ Դեպքի առթիվ Քննչական ծառայության Հատուկ կարևորության գործերի քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրում կատարվում է զննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Երևանից դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալը, քննիչներ, ոստիկանության քրեագետ-փորձագետներ, օպերատիվ խումբ։

 

***

 

Աբովյանի քաղաքապետի թեկնածուներից մեկն ինքնաբացարկ է ներկայացրել

 

Աբովյանի քաղաքապետի թեկնածուներից Սամվել Հակոբյանը քիչ առաջ ինքնաբացարկ է ներկայացրել։ Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ը տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվական ծառայությունից:

Նշենք. որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել էր 6 թեկնածու: ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման մշտական հանձնաժողովի փորձագետ, գլխավոր մասնագետ, անկուսակցական Վահագն Գևորգյանը, 28-ամյա Էդվին Թադևոսյանը, արդեն նախկին ՀՀԿ-ական Արթուր Գեղամի Հարությունյանը (Պալաչ) և ևս մեկ Արթուր Գեղամի Հարությունյան, անկուսակցական Կարապետ Իսրայելյանը:

 

***
 
Մայիսի 28-ը հայ ժողովրդի պատմության ամենապայծառ էջերն է զարդարում. ՀՀ Նախագահ
 
Հայ ժողովրդի պատմության ամենապայծառ էջերն է զարդարում Մայիսի 28-ը: Այն մեր ժողովրդի համար սեփական ուժերով ապրելու իրավունքը հերոսաբար պաշտպանելու փառահեղ օրինակ է և հայկական պետականության վերականգնման փայլուն սկիզբ: Այս մասին Սարդարապատի հուշահամալիրում հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ներկայացնելով Հանրապետության օրվա կապակցությամբ ուղերձը:

«Թուրքական բանակի դեմ Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում տոնած մայիսյան հաղթանակները փրկեցին Արևելյան Հայաստանի վերջին հողակտորները և դրանց վրա ապրող հայությանը: Բոլորի համար պարզ էր, որ Արևելյան Հայաստանի համար նախատեսված էր նույն ճակատագիրը, ինչին արդեն արժանացել էր արևմտահայությունը: Այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել և դեռ իրականացվելու են: Այսօր մեր պարտքն է արձանագրել, որ հայերի իսպառ բնաջնջումը կասեցրել ենք մենք՝ հայ ռամիկն ու շինականը, հայ ռազմիկն ու քաղաքական գործիչը, ուսուցիչը և հոգևորականը. մենք կասեցրել ենք մայիսյան հերոսամարտերով, հայկական պետականության ստեղծմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ՀՀ Նախագահը:

 

Սարդարապատում Հայաստանի Առաջին Հանրապետության 97-ամյակին նվիրված տոնակատարությունները մեկնարկեցին հանդիսավոր շքերթով, այնուհետև Նախագահը Սարդարապատի թանգարանում պարգևատրեց մշակույթի և արվեստի գործիչների, զինծառայողների, բազմազավակ ընտանիքների: