«Mediamall.am» լրատվականն ամփոփում է օրը.








Սերժ Սարգսյանն ընդգծել է Ադրբեջանի անպատասխանատու քայլերին համարժեք գնահատականի արժանացնելու կարևորությունը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եվրոպայի ժողովրդական կուսակցության գագաթնաժողովում, որը տեղի է ունենում Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, խոսելով եվրոպական տարածաշրջանում համագործակցության եւ անվտանգության ապահովման մասին՝ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «Այն շարունակում է լրջագույն մարտահրավեր մնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ եվրոպական անվտանգության համար: Ադրբեջանը չի դադարեցնում սադրանքների, սպառնալիքների եւ հակահայկական քարոզչության իր գործելաոճը՝ ձգձգելով հակամարտության կարգավորման գործընթացը: Հակահայկական արշավը զուգորդվում է Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների հետ, իսկ ռեժիմի ընդդիմախոսները վաղուց որակվում են որպես Հայաստանի գործակալներ:

 

 

Մեր ընդհանուր տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող Ադրբեջանի անպատասխանատու քայլերը չպետք է անարձագանք մնան եվրոպական գործընկերների կողմից։ Դրանք պետք է արժանանան համարժեք գնահատականի»,- նշել է Սերժ Սարգսյանը:

 

 

ՀՀ նախագահը կոչ է արել տուրք չտալ տարբեր միջազգային հարթակներում Ադրբեջանի ապակառուցողական նախաձեռնություններին եւ դրանով իսկ չկիսել պատասխանատվությունը տարածաշրջանում լարվածության ավելացման հարցում:


***


Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի դեպքի առթիվ մշակվել են մի շարք վարկածներ


ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկամամբ կատարված սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական և օպերատիվ-որոնողական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 19 հատ պարկուճ, 3 հատ գնդակի միջուկ։

 

 

Քրեական գործով մշակվել են մի շարք աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ գործողություններ, հարցաքննվել և հարցաքննվում են մի շարք անձինք։ Սյունիքի մարզպետի և ավտոմեքենայի մեջ գտնված մյուս, ինչպես նաև քրեական գործով հարցաքննված մի քանի այլ անձանցից վերցվել են փորձանմուշներ և կրակոցների արգասիքների հետքերի առկայությունը պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ։

 

 

Քրեական գործով նշանակվել են դատաձգաբանական, դատաքիմիական, դատաբժշկական , դատահետքաբանական և այլ փորձաքննություններ։

 

 

Նախաքննությունը շարունակվում է։

 

 

Մայիսի 20-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում հրազենային կրակահերթ է արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին գտնվել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, վերջինիս օգնականն ու վարորդը։

 

***

 

Սյունիքի մարզպետարանը' Սուրեն Խաչատրյանի դեմ մահափորձի և կասկածյալներ լինելու մասին


Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ կրակահերթը եղել է դիմահար: Այս մասինԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեցին Սյունիքի մարզպետարանի մամուլի բաժնից:

 

Հարցերին՝ պատասխան կրակահերթ եղե՞լ է, թե՞ ոչ, նկատե՞լ են՝ ո՞վ է կրակում, կա՞ արդյոք կասկածյալ, մամուլի բաժնից մեզ ասացին.

 

 

 

«Մանրամասների չենք տիրապետում: Կարող ենք միայն ասել, որ եղել են կրակոցներ՝ դիմահար ուղղությամբ: Գործը գտնվում է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: Քննություն է ընթանում: Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ եղել է կրակահերթ՝ մեքենայի ուղղությամբ, իսկ կասկածներ, թե ով է, իհարկե չկան: Մենք չենք սկսելու մտածել և կասկածել, թե ո՞վ կարող էր կրակել»,- ասաց Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարությանը:

 

 

 

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր ԼՈՒՐԵՐ.com-ը, մայիսի 20-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում հրազենային կրակահերթ էր արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին գտնվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Նախնական տվյալներով՝ավտոմեքենայի մեջ եղել է ևս երկու հոգի՝ վարորդը և մարզպետի օգնականը: Տուժածներ չկան։ Դեպքի առթիվ Քննչական ծառայության Հատուկ կարևորության գործերի քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրում կատարվում է զննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Երևանից դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալը, քննիչներ, ոստիկանության քրեագետ-փորձագետներ, օպերատիվ խումբ։

 

 

***

 

ԵՄ-ն հարգում է Հայաստանի որոշումը. Մերկել

 

Եվրամիությունը հարգում է զարգացման սեփական ուղիներ որոնելու՝ «Արևելյան գործընկերության» ծրագրի յուրաքանչյուր մասնակից պետության իրավունքը, ընդ որում՝ պահպանելով համագործակցությունը ԵՄ-ի հետ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռիգայի գագաթնաժողովի նախաշեմին Բունդեսթագում ելույթի ժամանակ, գրում է ՌԻԱ «Նովոստին»:

 

 

«Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը, որը, ԵՄ-ի հետ ինտենսիվ բանակցություններից բացի, փնտրում է ավելի սերտ տնտեսական համագործակցություն Ռուսաստանի, ԵՏՄ-ի հետ: Մենք հարգում ենք նաև Ադրբեջանի դիրքորոշումը, որը դեռևս ուղիներ չի փնտրում ԵՄ անդամակցության համար և իր համար դեր չի տեսնում ԵՏՄ-ում: Մենք նաև պատրաստ ենք շարունակել երկկողմ համագործակցությունը Բելառուսի հետ՝ չնայած ակնհայտ տարաձայնություններին»,- հայտարարել է Մերկելը:

 

 

Հիշեցնենք, որ «Արևելյան գործընկերության» ծրագիրը նպատակուղղված է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ համագործակցության զարգացմանը: