«Mediamall.am»  լրատվականն ամփոփում է օրը. 







Վարչապետ հայրիկի օգնությամբ


Հունիսի 7-ին Արտաշատում ընտրելու են նոր քաղաքապետի: Առաջադրվել էին 3 թեկնածու՝ ՀՀԿ-ից՝ Արգամ Աբրահամյանը, Հովհաննես Ղազարյանը՝ «Գազի Հովոն», ով անկուսակցական է և հիմնական մրցակից էր համարվում, և նույնպես անկուսակցական Գարեգին Համբարձումյանը: Այսօր հայտնի դարձավ, որ ինքաառաջադրված անկուսակցական Գարեգին Համբարձումյանը հետ է վերցրել փաստաթղթերը՝ ընտրապայքարում միայնակ թողնելով վարչապետի որդուն:



«Անընտրություն» ընտրության մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում բավականին երկար ժամանակ է, ինչ ՏԻՄ համակարգը քաղաքական բաղադրիչից հեռացել է կամ ընդհանրապես իր մեջ չի պարունակում քաղաքական բաղադրիչ:

 

 

Ըստ մեր զրուցակցի՝ չկա ՏԻՄ ընտրություն՝ բացառությամբ Երևան քաղաքի ավագանու և Գյումրիի՝ մասնակիորեն: Մնացած բոլոր տեղերում ՏԻՄ համակարգ գոյություն չունի: Այս պարագայում ընդդիմադիրների մասնակցությունը դառնում է արդեն իսկ չեղած ֆինանսական ռեսուրսների վատնում, իսկ ընդդիմադիրներն իրենց այդպիսի շռայլություն թույլ տալ չեն կարող.

 

 

«Ես չգիտեմ՝ այնտեղ ճնշում եղել է, թե ոչ, բայց ցանկացած պարագայում խնդիր չեմ տեսնում: Նույնիսկ եթե այդ թեկնածուները մնային ադմինիստրատիվ, այլ ռեսուրներ էին օգտագործվելու իշխանության ներկայացուցչի համար, բնականաբար հնարավորություն չէր լինելու պայքարելու», - ասաց Արմեն Մարտիրոսյանը:

 

 

Նա նկատեց նաև, որ Հայաստանն աստիճանաբար վերադառնում է ֆեոդալական ժամանակահատված:

 

 

Խոսելով այն մասին, որ Արտաշատի ընտրություններում, փաստորեն, վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին միայնակ մնաց ընտրապայքարում, Արմեն Մարտիրոսյանն ասաց.

 

 

«Եթե վարչապետ հայրիկը չլիներ, ո՞նց կարող էր նմանատիպ իրավիճակ ստեղծվել: Ես կարծում եմ՝ դա այնքան ակնհայտ է, որ ոչ մեկը նույնիսկ չի քննարկում: Եթե ֆեոդալիզմ է, նշանակում է՝ հայրիկի ժառանգության խնդիր գոյություն ունի: Ընդդիմությանը չմասնակցելը օբյեկտիվ է և լավ օրից չէ»:

 

***

Բացառիկ տեսանյութ Երևանում «08»-ի և «Վազ 2121»-ի բախումից, որի հետևանքով «Վազ 2121»-ը գլխիվայր շրջվել էր (տեսանյութ)



Մայիսի 21-ին Երևանում, Տիգրան Մեծ պողոտայի և Խանջյան-Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում՝ Մանկավարժական համալսարանի մոտ տեղի ունեցած ավտովթարից, ինչի հետևանքով «Վազ 2121»-ն գլխիվայր շրջվել էր, իսկ «Վազ 2121»-ի և «08»-ի վարորդները տեղափոխվել էին հիվանդանոց: 

 

 

 

Աղբյուրը՝ Shamshyan.com

 

***

 

Սուրիկ Խաչատրյանը որևէ մեկին չի կասկածում իր դեմ մահափորձի իրականացման մեջ

 

 

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որևէ մեկին չի կասկածում իր դեմ մահափորձի իրականացման մեջ: Այս մասին Խաչատրյանը նշեց լրագրողների հետ զրույցում' ընդգծելով, որ տեղի ունեցածն անցյալում է: «Աստված ինձ փրկեց: Չեմ կասկածում որևէ մեկին: Ոստիկանությունը, դատախազությունը, քննչական կոմիտեն, ազգային անվտանգությունն աշխատում են, և մենք բոլորս պետք է հանգիստ սպասենք նրանց աշխատանքի արդյունքներին»,- ասաց Սյունիքի մարզպետը:

 

 

Մայիսի 20-ին, ժամը 18:15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում հրազենային կրակահերթ է արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին գտնվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։ Նախնական տվյալներով՝ ավտոմեքենայի մեջ եղել է ևս երկու հոգի՝ վարորդը և մարզպետի օգնականը: Տուժածներ չկան: Կրակոցների առնչությամբ Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի (մահափորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկ անիշներով:

 

***

 

Դասակի հրամանատարը հերթապահության ընթացքում ոգելից խմիչք է օգտագործել և բռնություն կատարել ենթակաների նկատմամբ

 

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում ավարտվել է դասակի հրամանատարի կողմից մարտական հերթապահության կանոնները խախտելու, ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

 

 

Քննությամբ պարզվել է, որ N զորամասի 1-ին դասակի հրամանատար, կոչումով ավագ լեյտենանտ Հ.Ղազարյանը, ընդգրկված լինելով մարտական հերթապահության զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված մարտական դիրքում որպես դիրքի ավագ, դիրքում ծառայության նշանակված զինծառայողների նկատմամբ պետ, խախտել է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կանոնները։

 

 

Մասնավորապես՝ ի պաշտոնե պարտավոր լինելով հսկողություն սահմանել ենթակա անձնակազմի ծառայության նկատմամբ, կանխել խախտումները՝ անձամբ է թույլ տվել խախտումներ։

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ հերթապահության ընթացքում'երեկոյան ժամերին, ոգելից խմիչք է օգտագործել, տվյալ ժամի դիտորդներին տվել այնպիսի կարգադրություններ, որոնց հետևանքով նվազել է մարտական հենակետի մարտունակությունը, հերթափոխի ընթացքում ՀՀ սահմանի տվյալ հատվածը մնացել է առանց բավարար հսկողության՝ վտանգելով ենթակաների կյանքն ու առողջությունը:

 

 

Բացի այդ, պարզվել է, որ նույն դիրքի ավագի օգնական, շարքային Դ.Սարիբեկյանի կողմից զինվորական ծառայության պարտականությունների կապակցությամբ արժանանալով հանդիմանության՝ դասակի հրամանատարը վիճաբանել է, բռնություն գործադրել նրա նկատմամբ, իսկ վիճաբանությանը ներկա գտնվող զինծառայողների միջամտությունից անմիջապես հետո բռնության սպառնալիք գործադրել շարքայինի նկատմամբ՝ ինքնաձիգից արձակելով անկանոն մենահատ կրակոցներ:

 

 

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ վիճաբանության ժամանակ շարքային Դ.Սարիբեկյանը ևս բռնություն է գործադրել ավագ լեյտենանտի նկատմամբ՝ ապտակել, ինքնաձիգի խզակոթով հարվածել կրծքավանդակի շրջանին:

 

 

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ պայմանագրային զինծառայողներին՝ ավագ լեյտենանտ Հ.Ղազարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով և 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ շարքային Դ.Սարիբեկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։

 

 

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով։