«Mediamall.am»  լրատվականը ներկայացնում է անցնող օրվա կարևորագույն նորությունները.


ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև է ընդունել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ

 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել է բանաձեւ, որը պետություններին պարտավորեցնում է «կանխել ու կասեցնել» քաղաքացիների մասնակցությունն արտասահմանյան հակամարտություններին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:

 

Բացի այդ, օտարերկրացիների հավաքագրումը մարտական խմբավորումներում եւ դրա խրախուսումը, բանաձեւի համաձայն, պետք է քրեական հետապնդման ենթարկվեն: Նման որոշում է ընդունվել «Իսլամական պետության» ագրեսիվ գործողությունների ուժեղացման կապակցությամբ:

 

Փորձագետները հայտարարում են, որ Սիրիայում եւ Իրաքում ծայրահեղական խմբավորումների կողմում կռվում են ավելի քան 70 երկրների շուրջ 12 հազար մարտիկներ:

 

Բանաձեւն առաջարկել էր Միացյալ Նահանգները, որը սեպտեմբերին նախագահում է Անվտանգության Խորհուրդը: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային հղած սեպտեմբերի 24-ի իր ուղերձում հայտարարել է, որ այդ բանաձեւն աշխարհին հիշեցնում է ծայրահեղականությանը հակազդելու նրա պատասխանատվության մասին:

 

«Հաջորդ տարի մենք բոլորս պետք է պատրաստ լինենք հրապարակել այն կոնկրետ քայլերը, որոնք ձեռնարկել ենք մեր երկրներում ծայրահեղական գաղափարախոսությունների դեմ պայքարելու համար»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը:

 

***

 

 

Կալանավորը փախել է հիվանդանոցից. հարուցվել է քրեական գործ

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

 

Նախաքննությամբ պարզվել է, որ 2014թ. սեպտեմբերի 16-ին' ժամը 4-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր Սուրեն Գաբրիելյանը Երևանի «Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ից դիմել է փախուստի:

 

Կատարվում է նախաքննություն:

 

***

 

ԵԽԽՎ նախագահն Ադրբեջանին ոչ հաճո հայտարարություններ է արել

 

Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասյորը Ադրբեջան կատարած այցից հետո հայտարարել է, որ երկրում բացակայում են իրավական երաշխիքները ուժեղ ընդդիմության գործունեության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:

 

Բրասյորի համոզմամբ' առանց վերոնշյալ երաշխիքների երկրում անհնար է ժողովրդավարության գոյությունը: Անդրադառնալով երկրում քաղաքացիական հասարակության ակտիվիստների ձերբակալություններին' ԵԽԽՎ նախագահն ընդգծել է դատական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը:

 

Բրասյորը հայտնել է նաև, որ խորհրդարանում ունեցած հանդիպումների կենտրոնական թեման եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Նա ընդգծել է, որ խնդիրը կարող է կարգավորվել միայն երկխոսության ճանապարհով: ԵԽԽՎ նախագահը շտապել է հավաստիացնել, որ Եվրախորհուրդը աջակցում է Մինսկի խմբի ձևաչափին:

 

***

 

ՄԱԿ-ում Էրդողանը փորձել է ազատվել ահաբեկիչներին աջակցելու մեղադրանքներից

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած իր եույթում անդրադարձել է տարածաշրջանում առկա ճգնաժամերին և այդ երկրներում իրավիճակի կարգավորման անհրաժեշտությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էրդողանը խոսել է ներքին անկայունություն ունեցող երկրներում երեխաների ապագային սպառնացող վտանգների մասին:

 

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ աշխարհի տարբեր կողմերում երեխաների մահվան և սպանությունների համար բոլորն են մեղավոր: Էրդողանը հավաստիացրել է, որ թուրքական պետությունը մշտապես լինելու է Իրաքի և Սիրիայի ժողովրդի կողքին: Իր ելույթում անդրադառնալով գլոբալ հարցերի' Էրդողանը կոչ է արել ՄԱԿ-ին առանց ավելորդ ժամանակ կորցնելու ազդեցիկ որոշումներ կայացնել, որոնք կհանգեցնեն մարդկային կյանքերի պահպանմանը:

 

Թուրքիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հերքել է այն իրողությունը, թե իր երկիրն աջակցում է ահաբեկիչներին: Նա հավաստիացրել է, որ իր երկիրը ահաբեկիչների դեմ ամենաակտիվ և արդյունավետ պայքար մղող պետություններից է:

 

Ելույթի վերջում Էրդողանը չի մոռացել իր «կրտսեր եղբորը»' Ադրբեջանին' նշելով, որ շարունակելու է պայքարել «ադրբեջանական տարածքների օկուպացիային վերջ տալու համար»:

 

Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ում ելույթ է ունեցել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով հայտարարել է, որ Հայաստանը Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման պատճառով այսօր լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը:

 

***

 

Սուրիկ Խաչատրյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ

 

Կառավարության այսօրվա նիստում Սուրիկ Խաչատրյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ:

Հիշեցնենք, որ Սուրեն Խաչատրյանը Սյունիքի մարզպետի պաշտոնից հրաժարական էր տվել նախորդ տարվա հունիս ամսին:

 

***

 

«Հովիկ, իջի՛», «Ամո՛թ, ամո՛թ». տոնավաճառների հարյուրավոր աշխատողներ հավաքվել են կառավարության շենքի դիմաց

 

 

Այսօր կառավարության շենքի առաջ տարբեր տոնավաճառների հարյուրավոր աշխատողներ դուրս են եկել բողոքի ակցիայի:

 

Վերջիններս բողոքում են հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ, առաջարկում օրենքը հետ ուղարկել և փոփոխել:



Ինչպես տեղից հայտնում է Լուրեր.com-իթղթակիցը, հավաքվածների թիվը գնալով մեծանում է: Տեղում են նաև մեծ թվով ոստիկաններ: 



Հավաքվածները վանկարկում են՝ «Հովիկ, իջի՛», «Ամո՛թ, ամո՛թ»: 

 

Նշենք, որ ակցիայի մասնակիցներից մեկը Լուրեր.com-ի հետ զրույցում նշեց, որ իրենք մտադրված են Ազատության հրապարակում մեծ հանրահավաք անել և ներկայացնել իրենց պահանջները:


***



«Էրդողանի ելույթը ստեր և զրպարտություններ էր պարունակում». Եգիպտոսի ԱԳՆ



Պաշտոնական Կահիրեն քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:


Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության արած հայտարարության մեջ նշվում է. «Եգիպտոսը քննադատությամբ և զայրույթով է հետևել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Թուրքիայի նախագահի ելույթին: Նախագահ Էրդողանի ելույթը ստեր և զրպարտություններ էր պարունակում»:

 

Էրդողանն իր ելույթում անօրինական էր համարել Եգիպտոսի նախկին նախագահ Մուրսիի պաշտոնանկությունն ու նրա փոխարեն նոր նախագահի նշանակումը: Թուրքիայի նախագահը ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ էր արել ժողովրդավարության մասին խոսելիս նախ և առաջ հարգանք ցուցաբերել ընտրությունների արդյունքների նկատմամբ և չպաշտպանել հեղաշրջման միջոցով իշխանության ղեկին եկած անձանց:


***



Ողբերգական ավտովթար՝ Այգեզարդ-Քաղցրաշեն ճանապարհին. կա 2 զոհ, 3 տուժած



Սեպտեմբերի 25-ին, ժամը 08.37-ին ահազանգ է ստացվել, որ Այգեզարդ-Քաղցրաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա 2 զոհ, 3 տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

***

 

Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսին բանտում ծեծել են

 

Ադրբեջանցի իրավապաշտպան, Բաքվում Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հիմնադիր Լեյլա Յունուսը բանտում ենթարկվում է բռնությունների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, այս մասին Լեյլա Յունուսի հետ հանդիպումից հետո հայտարարել են նրա իրավաբանները:

 

Նրանք հայտնել են, որ վերջին օրերի ընթացքում Յունուսին տաք ջուր չեն տրամադրել, և նա ստիպված է եղել լողանալ սառը ջրով: Արդյունքում, ադրբեջանցի իրավապաշտպանը մրսել է և հիվանդացել: Չնայած Լեյլա Յունուսի բարձրացած ջերմությանը, այդուհանդերձ, նրան բժշկական որևէ օգնություն չի ցուցաբերվել:

 

Յունուսի իրավաբանները պատմել են, որ օրերս որոշակի գրություններ գտնելու ակնկալիքով բանտի աշխատակիցները բանտախցում որոնում են իրականացրել, ինչից հետո հայտարարվել է, թե ադրբեջանցի իրավապաշտպանը պատժվում է և մեկ ամիս չի կարողանա հեռախոսով զրուցել մտերիմների հետ: Լեյլա Յունուսն իր իրավաբաններին հատնել է նաև, որ բանտապահը ծեծի է ենթարկել իրեն: Նա խնդրել է Կարմիր խաչ միջազգային կազակերպությունից մեկուսարանում այցելել իրեն և տեղեկանալ վիճակի մասին:


***



Ադրբեջանը Հայաստանին է հանձնել Սարգիս Անանյանին



Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Սարգիս Անանյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակից:


Ադրբեջանական լրատվամիջոցները սեպտեմբերի 1-ին հայտնել են իրենց կողմում հայտնված հայ գերու մասին: Նա Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 1961թ. ծնված Սարգիս Նորիկի Անանյանն է, ով հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել Ղազախ գյուղում: Սարգիս Անանյանի լուսանկարն ու մի տեսանյութ է հրապարակել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

 

 

Ադրբեջանական կողմը պնդում է, որ Սարգիս Անանյանը հայ-ադրբեջանական սահմանը հատել է օգոստոսի 26-ին: Սարգիս Անանյանի' Նոյեմբերյանի հարևանները «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել են, որ վերջինս բնակվում է միայնակ և ադրբեջանական կողմի հրապարակած լուսանկարում ճանաչել են իրենց հարևանին: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Սարգիս Անանյանն առողջական լուրջ խնդիրներ ունի:


***



Պորոշենկոն չի ճանաչում ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ընտրությունները


Մեծ մամուլի ասուլիսի ընթացքում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Դոնբասի ՏԻՄ ընտրությունները կճանաչվեն միայն այն դեպքում, եթե իրականացվեն Ուկրաինայի ընտրական օրենսդրության համաձայն: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն:


Նախագահը մերժել է ընտրությունների օրինականությունը, որոնք անցկացվելու են ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ղեկավարությունների կողմից նոյեմբերի 2-ին: Պորոշենկոն պնդել է դեկտեմբերի 7-ին լիարժեք ՏԻՄ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը, որից հետո նա մտադիր է այցելել երկրի անջատված շրջանները:

 

***

 

 

Դանդաղելը արյունաքամ է անում Հայաստանը. Արամ Մանուկյան



«Բարգավաճ Հայաստան», «Հայ Ազգային Կոնգրես» և «Ժառանգություն» կուսակցությունների համատեղ հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ նաև ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:


«Սա մեր պատիվն է, մեզ վրա լուրջ պատասխանատվություն կա այս շարժման սկիզբը դուխով, ոգևորված քանակով ու ոգով սկսելու: Հայաստանում սկսում է մի նոր շարժում, երբեք նմանատիպը չի եղել, միացել են երեք քաղաքական ուժեր, երեք խմբակցություններ, որոնք ունեն նաև տարբեր մոտեցումներ, բայց մի հարցում միասնական են՝ փրկե՛լ Հայաստանը:

 

 

Մեր խնդիրն է կանգնեցնել այն ահավոր ընթացքը, որի մեջ գտնվում է Հայաստանը: Շատ լուրջ է Հայաստանի վիճակը, եթե հանկարծ մեր շարժումը երկար տևի՝ մեկ տարի, կամ երկու տարի՝ շարժումն ընդհանրապես չի լինի: Մեր խնդիրն է ոչ միայն շատ մարդ հավաքել, խնդիրը բացատրել, շարժում սկսել, այլ՝ դա անել շատ արագ, դանդաղելը իշխանություններին ձեռնտու է, դանդաղելը արյունաքամ է անում Հայաստանը:

 

 

Հայաստանը սպառվում է՝ առանց չափազանցության, հայաստանցիները արտագաղթում են, Հայաստանի բնակչության մեջ չկա որևէ մարդ, ով դժգոհ չլինի այս վիճակից, չկա որևէ մարդ, ով չզգա փոփոխության անհրաժեշտությունը»,- իր ելույթում ասաց Արամ Մանուկյանը:

 

 

Պատգամավորի խոսքով՝ կա արժանապատվության և կլանի խնդիր, և ինքը կարծում է, որ այսօրվա «ստարտ»-ով հաղթելու է հայի հավաքական արժանապատվությունը:


***



Նորագիրների հոսքը դեպի ԵԿՄ շարունակվում է



Նորագիրների հոսքը դեպի ԵԿՄ շարունակվում է: Վերջին մեկ ամսվա ընթացքում միայն 1 200 նոր անդամ ունի Էջմիածնի տարածքային բաժանմունքը: Թվերը ներկայացվեցին բաժանմունքում կայացած հանդիսավոր նիստի ժամանակ, որն ավանդաբար սկսվեց ծաղկադրման արարողությամբ:


Հանդիսավոր նիստի ժամանակ ելույթ ունեցողները կարեւորում էին Երկրապահի դերը հասարակության մեջ, իսկ ԵԿՄ վարչության փոխնախագահ Արա Կետիկյանը ներկայացրեց, որ աշխատանքների ծավալի ավելացմամբ պայմանավորված՝ տարածքային բաժանմունքների եւ մարզային խորհուրդների կազմերն ընդլայնվում են:

 

 

Խորհուրդներում ընդգրկվում են ներկայացուցիչներ ԵԿՄ-ի հետ գործակցության հուշագիր ստորագրած հաստատություններից՝ կրթության եւ գիտության, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարություններ: խորհուրդներում ընդգրկվում են նաեւ հոգեւորականներ:

 

 

Կետիկյանը փոխանցեց նաեւ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի գնահատականը ՀՀ նախագահի՝ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից հնչեցրած ելույթին: Ըստ Երկրապահի՝ ՀՀ նախագահի խոսքն ինչպես հայ-թուրքական հարաբերությունների հարցում, այնպես էլ՝ Արցախի խնդրի վերաբերյալ, արտահայտում էր համայն հայության՝ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի հայության դիրքորոշումը:

 

 

ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն էլ ներքին թշնամիներ անվանեց նրանց, ովքեր դեմ են արտահայտվում դպրոցներում «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբների հիմնմանը:


***



Վաղարշ Աբրահամյանի դեմ բողոքողներ դեռևս չկան. ոստիկանություն



Արդեն մի քանի օր է, ինչ կառավարության շենքի առաջ Երևանի տարբեր տոնավաճառների հարյուրավոր աշխատողներ բողոքի ակցիա են իրականացնում՝ իրենց դժգոհությունը հայտնելով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ. նրանք առաջարկում են օրենքը հետ ուղարկել և փոփոխել:


Մինչ քաղաքացիները նոր օրենքի մասով իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում և փորձում էին իրենց իրավունքները պաշտպանել, այդ ընթացքում ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանն իր ակտիվ մասնակցությամբ «պատժում էր» իր տարածքում առևտուր անողներին:

 

 

Աբրահամյանը կոտրել է բողոքի ակցիային մասնակցած աշխատողների սեղանները և արգելել իր տարածքում առևտուր անել։
Lurer.com-ի թղթակիցն այս առթիվ ոստիկանության լրատվական ծառայությունից փորձեց ճշտել՝ արդյոք տուժած առևտրականները հաղորդում չե՞ն ներկայացրել հանցագործության մասին: Մեզ ոստիկանությունից հայտնեցին, որ իրենք դեռևս դեպքի առթիվ բողոքներ չեն ստացել:

 

 

Ստորև ներկայացնում ենք տեսանյութ, թե ինչքան մեծ էնտուզիազմով է Վաղարշ Աբրահամյանը պատժում առևտրականներին.