Անցնող օրվա առավել ուշագրավ տեղեկատվությունն ըստ՝ «Mediamall.am» լրատվականի.


Բացահայտվել է Ուսամա Բեն Լադենին սպանողի ինքնությունը

 

Բացահայտվել է ԱՄՆ-ի հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանման զինծառայող Ռոբերտ Օ' Նիլի ինքնությունը, ով 2011թ.-ի մայիսի 2-ին սպանել է «Ալ Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենին: Այս մասին հայտնել է Daily Mail-ը:

 

Իր ինքնությունը բացահայտելու որոշումը նա կայացրել է, երբ նրան զրկել են սոցիալական արտոնություններից՝ ծառայությունը վաղաժամ թողնելու համար: Հատուկջոկատայինը 20 տարվա փոխարեն' զինված ուժերում մնացել է ընդամենը 16 տարի:

 

Օ' Նիլը մասնակցել է 400 ռազմական գործողության՝ այդ թվում Իրաքում և Աֆղանստանում: «Թիվ 1 ահաբեկչի» ոչնչացման համար նա հատուկ պարգևի է արժանացել:

 

Ուսամա բեն Լադենը սպանվել էր 2011թ.-ի մայիսին՝ Պակիստանում: Նրա դին ամերիկացի զինվորները ծովն էին նետել:

 

***

 

Շքամուտքում երկու անձանց վեճն ավարտվել է դանակահարությամբ

 

Ոստիկանության Թումանյանի բաժին դիմած մի կին օրերս հաղորդում է տվել, որ նոյեմբերի 4-ին' ժամը 23.30-ի սահմաններում, շենքի շքամուտքում իր ծանոթ' 1985թ. ծնված Վլադիմիր Մ.-ն անհիմն վիճաբանել է իր հետ, դանակով հարվածել ձախ ձեռքի դաստակին և պատճառել վնասվածքներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

 

Ձեռնարկվում են միջոցառումներ Վլադիմիր Մ.-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:

 

***

 

Գեներալ Մանվել Գրիգորյանը պարզաբանում է ադրբեջանցի գերու հետ կապված իր հայտարարությունը. 

 

Ինչպես արդեն նշվել է, նոյեմբերի 1-ին, Երկրապահ կամավորականների միությունում լրագրողների հետ զրույցում գեներալ Մանվել Գրիգորյանը հայտարարել էր, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ հարյուրավոր գերիներ է ունեցել և, որ նրանցից մեկին էլ, ում անունը ինքը կնքել էր Սիմոն, պահել է իր տանը: Գեներալի այս հայտարարությունը վերջին օրերին բուռն քննարկման առիթ է դարձել ինչպես լրատվական դաշտում, այնպես էլ իրավապաշտպանների շրջանում:

 

Ավելին՝ որոշ իրավապաշտպանների կարծիքով' ադրբեջանցի գերուն իր տանը պահելով գեներալը խախտել է Ժնևի կոնվենցիաները: Ադրբեջանցի գերուն իր տանը պահելու հետ կապված պարզաբանումների խնդրանքով դիմեցինք գեներալ Մանվել Գրիգորյանին:

 

-Պարոն գեներալ, որոշ իրավապաշտպանների կարծիքով՝ ադրբեջանցի գերուն Ձեր տանը պահելով խախտել եք Ժնևի կոնվենցիաները:


-Էդ որոշ իրավապաշտպանները ովքե՞ր են, իրանք պատերազմ տեսե՞լ են, գիտե՞ն՝ գերին ի՞նչ ա, թե՞ մենակ կինոներում են տեսել: Էդ մարդիկ գիտե՞ն, թե մեր գերիների հետ ինչեր են արել ադրբեջանցիները…

 

Եթե չգիտեն, թող գան հետաքրքրվեն, մի քանի բան պատմեմ, դրանից հետո ինձ կարող ա շնորհակալություն ասեն, որ Սիմոնին մեր տունն եմ պահել ու ողջ-առողջ ուղարկել եմ Ադրբեջան: Հա, մեկ էլ էդ իրավապաշտպաններից որը՞ մի բառ ասեց էս վերջերս, որ Շամշադինից մեր գերուն, Կարենին տանջեցին ու սպանեցին մի օրվա մեջ: Ոնց որ ըտենց բան չեմ հիշում, որ էդ իրավապաշտպանները էդ թեմայով խելքին մոտիկ բան ասած լինեն:

 

Հիմա ասում են' կոնվենցիա եմ խախտել. ճիշտն ասած որ Ադրբեջանը պատերազմ սկսեց Ղարաբաղի ու Հայաստանի դեմ, ու ես ու իմ նման հազարավոր տղերք կամավոր գնացինք մեր հողը պաշտպանելու, էդ արանքում չհասցրեցինք Ժնևի կոնվենցիաները կարդանք, նոր գնանք: Երևի իրանք ժամանակ ունեցել են կարդան: Ես հայ քրիստոնյա եմ ու պատերազմի դաշտում թե խաղաղության մեջ, իմ Ժնևի կոնվենցիան իմ հավատքն ա եղել ու իմ խիղճը: Ես միշտ դրանցով եմ առաջնորդվում:Շարունակությունն՝ այստեղ:

 

***

 

Հարություն Սարգսյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ

 

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը' Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

Հարություն Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ»,- ասվում է կառավարության որոշման մեջ:

 

Նշենք, որ մինչ այս Վայոց ձորի մարզպետն էր Էդգար Ղազարյանը, ով սեփական դիմումի համաձայն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Այժմ նա Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է:

 

***

 

Արմեն Երիցյանը՝ ԱԻ և Տարածքային կառավարման նախարարությունների միավորման մասին

 

ԱԻ նախարար Արմեն Երիցյանը լրագրողների հետ զրույցում՝ խոսելով ձևավորվող նոր նախարարության, ԱԻ և Տարածքային կառավարման նախարարությունների միավորման մասին, կարծիք հայտնեց, որ համատեղ աշխատանքն ավելի արդյունավետ կլինի:

 

«Մենք մեր առջև դրված խնդիրները կատարում ենք, եթե մեզ կհանձնարարեն, ուրեմն կղեկավարենք»,- ասաց Երիցյանը:

 

Հարցին, թե որքանով են համատեղելի երկու նախարարությունները, Երիցյանը նշեց. «Ես կարծում եմ՝ համատեղելի են, որովհետև ԱԻՆ-ն իր գործառույթները կատարում էր, և հիմա էլ՝ արդեն միացումից հետո, արդեն համատեղ աշխատանքներ կկատարվեն: Հիմնականում փրկարարներն աշխատում են մարզերում, հիդրոմեդ սեյսմիկ ծառայությունները մշտապես համագործակցում են»,- նշեց Երիցյանը:

 

Հարցին, թե եթե իրեն առաջարկեն ղեկավարել նաև Տարածքային կառավարման նախարարությունը, կհամաձայնվի, ասաց՝ կմտածեմ:

 

***

 

Սպիտակում հարևանների վեճն ավարտվել է ծեծկռտուքով

 

Ոստիկանության Սպիտակի բաժին ներկայացած տղամարդը հաղորդում է տվել, որ տանը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, հարևանը' 1976թ. ծնված Էդվարդ Պ.-ն, ձեռքերով հարվածներ է հասցրել իր դեմքին' պատճառելով վնասվածքներ: Տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Կատարվում է հետաքննություն:

 

***

 

Դոնեցկում դպրոց է ռմբակոծվել

 

Դոնեցկի Ինքնահռչակ Ժողովրդավարական Հանրապետության իշխանությունները երկօրյա սուգ են հայտարարել Դոնեցկի դպրոցի հրետանային ռմբակոծության հետևանքով զոհված երեխաների հիշատակին: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի կողմից ստորագրված հրամանագիրը:

 

Ավելի վաղ, ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ որակավորելով Դոնեցկի դպրոցի ռմբակոծությունը որպես միջազգային հանցագործություն:

 

Ռմբակոծության հետևանքով երկու անչափահաս է մահացել, ևս երեք բնակիչ տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել:

 

***

 

Տաքսու վարորդը քաղաքացուն հայհոյել և սպանության սպառնալիքներ է տվել

 

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում հոկտեմբերի 31-ին' ժամը 07.50-ին, հաղորդում է ստացվել, որ «Օպել Աստրա» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը վիճաբանության ժամանակ հայհոյել է մի քաղաքացու և դանակով սպանության սպառնալիքներ տվել:

 

Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները նոյեմբերի 5-ին պարզել են, որ նշված ավտոմեքենայի վարորդը 1963թ. ծնված Արմեն Ճ.-ն է, որը ոստիկանության ծառայողների և վետերանների խորհրդի բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ժամը 19.00-ին ներկայացել է ոստիկանության Ավանի բաժանմունք:

 

***

 

Ես հպարտ եմ, որ Ադրբեջանի զավթած ավելի քան 14, 5 հազար հա հող հետ բերեցի. Վլադիմիր Մովսիսյանի անտիպ հարցազրուցներից

 

«+Կինո» ամսագրի գլխավոր խմբագիր, կինոլրագրող, Հայաստանի եւ Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունների անդամ Ռոբերտ Մաթոսյանն«Արմենպրես»-ին է տրամադրել պետական և քաղաքական ականավոր գործիչ Վլադիմիր Մովսիսյանի հետ հարցազրույց:

 

 

 

- Վլադիմիր Միհրանի, դուք պետական և կուսակցական ականավոր գործիչ եք: Լինելով հողի, գյուղի ծնունդ, սկսել եք գիտական զոոտեխնիկի մասնագիտությունից, առաջ քաշվել՝ աշխատելով Հանրապետության ամենաբարձր պաշտոններում՝ արտադրության վարչության պետ, կուսշրջկոմի քարտուղար, առաջին քարտուղար, կենտկոմի բաժնի վարիչ, կառավարության նախագահի առաջին տեղակալ, միաժամանակ Պետագրոարդի նախագահ և վերջապես Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար, Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի անդամ, հետո ԽՍՀՄ գյուղատնտեսության նախարարի տեղակալ։


 

Դուք պատասխանատու պաշտոններ եք վարել և վարում նաև երրորդ Հանրապետությունում: Ավելին դուք անկախ Հայաստանի բանակաշինության ակունքներից եք, եթե ոչ հիմնադիրներից մեկը: Չնայած Ձեր տարիքին' այսօր էլ Դուք մեծ ներդրում ունեք Հայաստանի Հանրապետության կայացման և զարգացման գործում:



Հարցադրումս հետևյալն է՝ Ձեզ կենսափորձով և իմաստնությամբ, եթե այսօր պայմանականորեն պատվաստեինք նախկին և արդի կացութաձևերը, կարճ ասած' հասարակարգերը, ի՞նչը կվերցնեիք Ձեզ հետ նախկին արտադրամարդկային հարաբերություններից այսօրվա համար: Երբ ինքներդ ձեզ հետ միայնակ եք մնում չեք ափսոսո՞ւմ, որ իզո ւր ամեն ինչ հիմնահատակ ավերվեց, ինչո՞ւ մեր երկրի հիմքերը մեղմ ասած ճիշտ չդրվեց և այստեղ կա՞ արդյոք վրիպում նաև ձեր կողմից:


 

- Նախ ուզում եմ սկսել Ձեր վերջին ակնարկից: Հասարակության որոշ շրջաններում այն կարծիքը կա, որ Հայաստանում իշխանափոխությունը կատարվել է առանց դիմադրության: Մեզանում կան մարդիկ, որոնք հաշվի չառնելով օբյեկտիվ իրողությունը, հետին թվով խոսում են, գրում, նույնիսկ մեղադրանքներ ներկայացնում Հայաստանի կոմկուսի ղեկավարությանը այդ հարցում, համառորեն չգիտակցելով, որ իշխանափոխության իրողությունը «առանց դիմադրության» միայն հայաստանյան երևույթ չէր, այլ' ընդհանուր, որը կանխելը նրանց ուժերից և հնարավորություններից վեր էր:

 

 

Երբ ես 1990 թվականի ա պրիլին ընտրվեցի առաջին քարտուղար, Մոսկվան վաղուց արդեն գործնական քայլեր էր կատարում իշխանությունը ընդիմությանը հանձնելու համար:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

 

***

 

 

«Երբ Մանվել Գրիգորյանը Հադրութի Էդլվա ձորակի գյուղերն էր պաշտպանում, Ռուբեն Գևորգյանը չգիտեմ՝ Ղարաբաղի տեղը գիտեր, թե ոչ»

 

 

 

Երկրապահի պատմությունից անտեղյակ և իրեն երկրապահի հիմնադիրներից մեկը համարող Ռուբեն Գևորգյանը ստում է' աղավաղելով Երկրապահի պատմությունը: Որովհետև 1991թ. զոհված Թաթուլ Խաչատրյանը, 1993 թվականին ապրիլին զոհված Արա Հարությունյանը, 1993թ. հուլիսին զոհված Հայրապետ Նավասարդյանը, 1994թ. մայիսին զոհված Մեխակ Մեխակյանը և Էջմիածնի Երկրապահ կամավորական ջոկատի մի շարք տղաներ, թվով 13 հոգի, Մանվել Գրիգորյանի հետ երկրապահական առաջին անդամատոմսերը ստացել են 1990թ. օգոստոսին Երկրապահի առաջին հռչակագրի ընդունումից հետո' Վազգեն Սարգսյանի ստորագրությամբ:

 

 

Անդամատոմսերը Երևանից' տեխնիկայի տանը տեղավորված շտաբից, ես եմ բերել Էջմիածին: Տոմսերը լրացնում էին լուսահոգի Սամվել Խաչատրյանն ու գնդապետ Սերգեյ Առաքելյանը: Այդ նույն անդամատոմսերն Էջմիածնից Հադրութ է հասցրել Մեխակ Մեխակյանը:

 

1990թ. նոյեմբերին, երբ Էջմիածնի Երկրապահ ջոկատի մի խմբին Հադրութի Դուդուկչի գյուղում ձերբակալեցին, ադրբեջանական պետական հեռուստատեսությունը երեք օր անընդմեջ Մանվել Գրիգորյանի անդամատոմսն էր ցույց տալիս՝ շարունակ հայտարարելով, որ ձերբակալվել է ՀՀ Գերագույն խորհրդի Երկրապահ զորամիավորման մինչև ատամները զինված մի խմբավորում' հրամանատար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ:

 

Ռուբեն Գևորգյանն ասում է, որ Մանվել Գրիգորյանն իրենից մեկ տարի էլ ուշ է կռիվը սկսել: Մինչդեռ երբ Մանվել Գրիգորյանը Հադրութի Էդլվա ձորակի գյուղերն էր պաշտպանում, ինքը՝ Ռուբեն Գևորգյանը, չգիտեմ՝ Ղարաբաղի տեղը գիտեր, թե ոչ:

 

Մանվել Գրիգորյանը 1990 թվականից Էջմիածնի երկրապահ ջոկատի հրամանատարն էր' հիմնադիր հրամանատար: Ազատագրական և ինքնապաշտպանական պայքարի առաջին օրերից առանց ընդմիջումների լինելով Հադրութի Էդլվա ձորակի ինքնապաշտպանական գծում Մանվել Գրիգորյանը միաժամանակ միշտ հայտնվել է այն թեժ կետերում, ուր նրան ուղարկել է Ղարաբաղի ինքնապաշտպանական կոմիտեն:

 

Այնպես, որ չարժե սեփական կարիերիայի համար կեղծել պատմությունը, մանավանդ որ այդ պատմությունն արձանագրված է հերոս նահատակների արյամբ և մեր հաղթանակի պատմությունն է:

 

ԵԿՄ վարչության անդամ Հակոբ Հակոբյան


***


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

 

Նոյեմբերի 5-ին, ժամը 22.30-ին, Երևանի Արգիշտիի փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

 

Կատարվում է քննություն։
***
Նոյեմբերի 5-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցում վրաերթի է ենթարկել 60-ամյա մի կնոջ և նրան տեղափոխել հիվանդանոց:


Կատարվում է քննություն։

***
Նոյեմբերի 5-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մարգարա ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ցանկապատի սյանը, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

Վլադիմիր Գասպարյանը բնակարանների վկայագրեր հանձնեց ոստիկանական ևս 24 ընտանիքի

 

Ոստիկանության բարեփոխումների ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է ծառայողների սոցիալական և աշխատանքային պայմանների բարելավումը: Այս խնդրի իրականացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ գործում է ոստիկանության ծառայողներին բնակարաններով ապահովելու ծրագիրը, որի հետևողական իրականացման շնորհիվ արդեն բնակարանամուտ են տոնել շուրջ հինգ տասնյակ ոստիկանական ընտանիքներ:

 

Այսօր կրկին տոնական էր ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճը. ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարաններ հատկացնելու մասին Ոստիկանության պետի հրամանով իրենց օջախների վկայագրերն էին ստանում ոստիկանական ևս 24 ընտանիք:

 

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը շնորհավորելով նորամուտ տոնող երիտասարդ գործընկերներին՝ անդրադարձավ օրվա խորհրդին և բնակարանների հատկացման ծրագրի ընթացքին:

 

Բնակարանների վկայագրերը հանձնելով նորընծա տանտերերին՝ Վլադիմիր Գասպարյանը մեկ անգամ ևս շնորհավորեց նրանց ցանկացած ընտանիքի համար չափազանց կարևոր իրադարձության առթիվ և ընդգծեց, որ բնակարանների հատկացման գործը, որը հանրապետության նախագահի պահանջն ու ոստիկանության ղեկավարության քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկն է, ողջ ծավալով շարունակվելու է նաև առաջիկայում:

 

Այսպիսով, ամփոփվեց ոստիկանության ծառայողների սոցիալական պայմանների բարելավման ծրագրի ևս մեկ կաևոր փուլ, ևս մեկ տոն եղավ երիտասարդ ոստիկանական ընտանիքներում, իսկ երջանիկ տանտերերը դժվարությամբ էին բառեր գտնում իրենց ուրախությունն ու երախտագիտությունն արտահայտելու համար:

 

***

 

Շառլ Ազնավուրը վիրավորված է թուրքական լրատվամիջոցի նողկալի մեքենայությունից

 

Երգիչ Շառլ Ազնավուրը «Posta» լրատվականին հարցազրույց չի տվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆրանսահայ լեգենդար երգիչը գրել է իր ֆեսյբուքյան պաշտոնական էջում:

«Ես «Posta» թերթին հարցազրույց չեմ տվել: Ես վիրավորված եմ այս նողկալի մեքենայությունից»,- իր էջում նշել է նա:

 

Թուրքական լրատվամիջոցի տարածած «հարցազրույցում» նշվում էր, թե իբր հայ շանսոնյեն հայտարարել է, որ «մայրը թուրք է»: Բացի այդ, «հարցազրույցում» արվել էին հստակ թուրքամետ շեշտադրումներ:

 

Օրինակ, Շառլ Ազնավուրին վերագրել էին խոսքերն այն բանի վերաբերյալ, թե վերջինս սիրում է թուրքերին, լինելով Շվեյցարիայում և ՄԱԿ-ում ՀՀ դեսպանը' վարում է անկախ քաղաքականություն և չի ենթարկվում հայաստանյան իշխանություններին: Բացի այդ, հաղորդվում էր, որ Ազնավուրին է շնորհվել «Ոսկե սոսի» մրցանակը:

 

Հետաքրքիր է, որ թուրք լրագրող Էրքան Օզերմանը նյութի ամենասկզբում նշել է, որ երկար տարիներ է ճանաչում է Ազնավուրին և նախորդ տարիներին մշտապես ցանկություն է հայտնել հարցազրույց վարել շանսոնյեի հետ: Սակայն հարցազրույցը այդպես էլ չէր հաջողվել, ինչպես պատճառաբանում է Օզերմանը «տվյալ օրվա պայմանների, միջավայրի ճնշման կամ միգուցե և հայկական սփյուռքի արձագանքից անհանգստանալով»:

 

Ի վերջո, նա զանգահարել է Փարիզում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիլին, ով ինչպես և լրագրողը Գալաթասարայի ուսումնարանի շրջանավարտ է, և հարցրել է նրա տրամադրվածությունը Շվեյցարիայում ՀՀ դեսպան և հայտնի երգիչ Շառլ Ազնավուրի հետ ճաշելու վերաբերյալ: Վերջինս դրական պատասխան էր տվել և կայացել էր հանդիպումը: «3 ժամ, խոսելով, ճաշեցինք»,- գրել էր Օզերմանը: