«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.


Հայ դիրքապահների ուղղությամբ անցած գիշեր արձակվել է 1900 կրակոց. ԼՂՀ ՊՆ

 

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, օգոստոսի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 240 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1900 կրակոց:

 

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 

***

 

Արցախի պաշտպանության բանակի զինծառայողները հակառակորդի հարձակումը կասեցրել են ընդամենը 20 րոպեում

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասերից մեկի զինծառայողները, ովքեր օգոստոսի սկզբին կանխել են իրենց պաշտպանության տակ գտնվող դիրքի վրա հակառակորդի հարձակումը, փաստում են, որ նման իրավիճակում հարկավոր է լինել սառնասիրտ և ճիշտ գնահատել իրավիճակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում հակառակորդի հարձակումը հետ մղած զինծառայողներն ընդգծեցին, որ նման դեպքերում խուճապի մատնվելով՝ հաջողության չես հասնի: «Հակառակորդի կողմից հարձակման ենթարկվելու պահին շատ կարևոր է լինել սառնասիրտ և ճիշտ գնահատել իրավիճակը: Խուճապի մատնվել ոչ մի դեպքում պետք չէ, քանի որ այդ դեպքում հաջողության չես կարող հասնել»,- նշեց շարքային Տիգրան Ավետիսյանը, ով մարտական հերթապահության ժամանակ հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելու ժամանակ արիություն ցուցաբերելու համար ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանի կողմից պարգևատրվել էր Մարշալ Բաղրամյան մեդալով:

Հակառակորդի հարձակումը կասեցնելու գործողության մասնակցած զինծառայողները միակարծիք էին այն հարցում, որ հակառակորդի նկատմամբ ատելության զգացումն այդ պահին իրենց ավելի ուժեղ է դարձրել և օգնել է նրան հետ շպրտելու հարցում: Շարքային Գոռ Պիլյանը փաստում է, որ հակառակորդի դեմ-դիմաց հայտնվելով առաջին զգացումը հենց ատելությունն է եղել: «Դա մեզ օգնեց, որպեսզի ավելի ուժեղ լինենք»,- ասաց նա, ինչի հետ համաձայն էին նաև նույն օրը նրա հետ դիրքերում եղած ընկերները:

Հակառակորդին հետ շպրտելու գործողությունը տևել է ընդամենը 20 րոպե: Այդ ընթացքում մեր զինծառայողները կազմակերպված գործողությունների արդյունքում կարողացել են զգալի մարդկային կորուստներ պատճառել հակառակորդին և ստիպել նրան խուճապահար փախչել: Տղաները ցավով նշում էին միայն այն հանգամանքը, որ գործողության արդյունքում հերոսաբար զոհվել են իրենց վաշտի հրամանատարը և ծառայակից ընկերը: «Նրանց կորուստն իսկապես շատ ծանր էր մեզ համար: Նրանք վիրավորվեցին մեր աչքերի առաջ, իսկ հետո հիվանդանոցում մահացան»,- պատմեցին զինծառայողները:

Զինվորներն ընդհանրապես քչախոս էին: Նրանք հրաժարվում էին պատասխանել հարցերին՝ որոշ հարցերի միայն տալով կարճ պատասխաններ: Սակայն առանց նրանց հետ խոսելու էլ, միայն աչքերի մեջ նայելով՝ կարելի էր հասկանալ, որ ցանկացած պահի այս տղաները, որոնք ընդամենը մեկ տարվա զինծառայողներ են, պատրաստ են արժանի հակահարված տալ հակառակորդին և հետ շպրտել նրան, կարելի էր հասկանալ, որ նրանք գիտակցում են այն կարևոր առաքելությունը, որ դրված է իրենց վրա՝ ցանկացած գնով անառիկ պահել հայրենիքի սահմանները:

Հակառակորդի դիվերսիոն գործողությունները կանխելու ժամանակ արիություն և խիզախություն ցուցաբերելու համար գործողության մասնակցած բոլոր զինծառայողները ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հրամանով պարգևատրվեցին խրախուսական մեդալներով: Որոշ զինծառայողներ և ազատամարտիկներ նախարարի հրամանով ստացան նաև դրամական պարգևներ: Զինծառայողներն ու ազատամարտիկներն իրենց պարգևները ստացան անմիջապես ՊԲ հրամանատարի ձեռքից, ով այնուհետև լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդադար կրկնում էր, որ հպարտանում է իր զինվորներով:

 

***

 

Թալին-Երևան ճանապարհին «ՎԱԶ-2106»-ը գլորվել է ձորը և այրվել

 

ՀՀ ԱԻՆ-ում օգոստոսի 22-ին' ժամը 08.17-ին, ահազանգ է ստացվել, որ Թալին-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ միջպետական Մ-9 ավտոճանապարհի Թալին-Երևան հատվածի 6-րդ կմ-ում «ՎԱԶ-2106» մակնիշի 34 ST 099 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճ անապարհի երթևեկելի մասից, գլորվել ձորը և բռնկվել: Տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.23-ին, մարվել' 08.40-ին:

Պարզվել է, որ այրվել են ավտոմեքենայի դիմային հատվածը և սրահն ամբողջությամբ:

 

***

 

Սեպտեմբերից 1-ից գործարկվելու են նոր արագաչափեր' Երևանում և միջպետական նշանակության ճանապարհներին

 

Երևան քաղաքում և հանրապետության միջպետական նշանակության ավտոճանապարհներին սեպտեմբերի 1-ից գործարկվելու են երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:

Մասնավորապես, 2014 թվականի սեպտեմբերի 1-ից «Մ-12 Գորիս-Ադրբեջանի Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 1-ին կմ (Գորիս քաղաքի վարչական տարածք, Արցախյան խճուղի), գործարկվելու է 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

«Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 115-րդ կմ (Սպիտակ քաղաքի վարչական տարածք), գործարկվելու է 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Երևան քաղաքի Էրեբունի փողոցում սեպտեմբերի 1-ից գործարկվելու է 2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

2014 թվականի սեպտեմբերի 1-ից Երևան քաղաքում կգործարկվեն դպրոցների հարակից ճանապարհահատվածներում տեղադրված արագաչափ սարքերը: Մասնավորապես, Տիգրան Պետրոսյան փողոցում կգործի 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 40կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, Ա. Ավետիսյան փողոցում 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 40կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, Ռուբինյանց փողոցում' 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 40կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ, Օրբելի փողոցում կգործի 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 40կմ/ժ թույլատրել ի առավելագույն արագությամբ:

Առավելագույն թույլատրելի արագության 40 կմ/ժ սահմանափակումը գործելու է միայն աշխատանքային օրերին' ժամը 08:00 -18:00-ն ընկած ժամանակահատվածում:

 

***

 

Ադրբեջանի ՊՆ ղեկավարությունը շփման գծում արհեստական լարվածություն ստեղծելու նպատակով դիմում է սադրանքների. ՀՀ ՊՆ

 

Ադրբեջանական կողմն օգոստոսի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում: Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օգոստոսի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 48 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 կրակոց:

ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 17-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 240 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1900 կրակոց:

Եվ ՀՀ ԶՈւ, և ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում' վստահորեն վերահսկելով իրենց պահպանության ներքո գտնվող դիրքերը:

«Ադրբեջանական կողմից հրադադարի պարբերական խախտումները հերթական անգամ վկայում են, որ ադրբեջանական զինված ուժերի և պաշտպանության նախարարության ղեկավարությունը միտումնավոր դիմում է սադրիչ գործողությունների հայ-ադրբեջանական շփման գծում արհեստական լարվածություն ստեղծելու նպատակով, կամ' ադրբեջանական զինված ուժերի' սահմանագոտում տեղակայված ստորաբաժանումները չեն ենթարկվում կենտրոնական հրամանատարությանը, զբաղված են ինքնագործունեությամբ և հաշվետու չեն հրամանատարությանը սպառած ռազմամթերքի համար, եթե, իհարկե, նման հաշվարկներ Ադրբեջանի զինված ուժերում ընդհանրապես տարվում են:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի լարմանն ուղղված քայլերից և գործուն միջոցներ ձեռնարկել սահմանագոտում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:

ՀՀ զինված ուժերը և ԼՂՀ պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը: Հայ զինծառայողներն իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում»,-ասված է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ:

 

***

 

Էրդողանի' Դավութօղլուի առաջ դրած գաղտնի պայմանը

 

Թուրքիայում կարծիք է շրջանառվում, որ երկրի նախկին վարչապետ, նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ըննդիմությունից առավել վախենում է արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, ըստ այդ կարծիքի' Էրդողանը, ով պատրաստվում է Թուրքիան դարձնել նախագահական կառավարման համակարգով երկիր, ընդդիմությունից չի վախենում այն պարզ պատճառով, որ իր գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը վերջին 9 ընտրություններում անընդմեջ հաղթանակ է տարել:

Նշվում է, որ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին Թուրքիայի վարչապետի պաշտոնում առաջադրելուց հետո Էրդողանը նրան գաղտնի հանձնարարել է խիստ պայքար տանել «զուգահեռ կառույցի» (գյուլենականների) դեմ:

Թուրքիայում շրջանառվում է նաեւ այն կարծիքը, որ եթե Դավութօղլուն որպես վարչապետ չկարողանա իր 12 տարվա «շեֆի» նման կոշտ եւ անողոք պայքար տանել գյուլենականների դեմ եւ այդ հարցում թուլություն ցուցաբերի, ապա Էրդողանը վարչապետի պաշտոնում նրան կփոխարինի ուրիշով:

Դա է պատճառը, որ Թուրքիայի նորանշանակ վարչապետ Դավութօղլուն երեկ հանդես է եկել վերջին շրջանում ԱԶԿ-ի կառավարության հոտ լուրջ թշնամության մեջ գտնվող Ֆաթուլլահ Գյուլենի դեմ իր առաջին խիստ հայտարարությամբ: «Ովքեր «զուգահեռ կառույցի» կամ այլ անվան տակ փորձեն խանգարել մեր շարժմանը, ԱԶԿ-ն նրանց դեմ կկանգնի որպես լեռ», -հայտարարել է Դավութօղլուն:

«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաեւ նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն:

Ֆեթուլլահ Գյուլենը 1999 թվականից բնակվում է ԱՄՆ-ում: Թուրքիայում 1997 թվականի փետրվարի 28-ի ռազմական հեղաշրջումից հետո իսլամական այս ազդեցիկ գործչի նկատմամբ սկսվեց քրեական հետապնդում, ինչի պատճառով էլ նա ստիպված է եղել տեղափոխվել ԱՄՆ եւ բնակություն հաստատել Փենսիլվանիայի նահանգում:

 

***

 

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը խոսել է ԼՂ հակամարտության անհապաղ կարգավորման անհրաժեշտության մասին

 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն օգոստոսի 21-ի առավոտյան զինված հակամարտությունների կանխարգելման վերաբերյալ քննարկում է իրականացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՄԱԿ-ի պաշտոնական կայքը, քննարկմանը ելույթով է հանդես եկել նաև ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը: Նա ընգծել է, որ հակամարտությունների առաջացումը կանխելուն ուղղված միջոցառումների կարևորության հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև, որպեսզի կանխարգելվի սառեցված հակամարտությունների վերսկսումը այն դեպքում, երբ դրանց լուծումը մնացել է առկախված:

«Նման դեպք է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որտեղ Ադրբեջանը, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, բռնի ուժ կիրառեց Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա, որը կյանքի էր կոչել ինքնորոշվելու իր իրավունքը: Վերջին շաբաթների ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցան գերլարվածության ահազանգող դրսևորումներ և հրադադարի ռեժիմի խախտումների զգալի աճ, ինչպես նաև ադրբեջանական բանակի կողմից մտադրված ներխուժումներ և դիվերսիոն գործողություններ»,- նշել է Մնացականյանը: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը խոսել է նաև վերջին շրջանում տարբեր էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես եզդիների թիրախավորման և զանգվածային կոտորածի մասին, որոնք իրականացվում են այնպիսի ահաբեկչական խմբավորումների կողմից, ինչպիսին է «Իսլամական պետությունը»: Մնացականյանն ընդգծել է, որ ՄԱԿ-ի համակարգը պետք է կենտրոնացնի իր ուժերը և անհապաղ գործի անցնի, իսկ Անվտանգության խորհուրդը անհապաղ ուսումնասիրի եզդիների ողբերգական իրավիճակը:

Ի պատասխան Ադրբեջանի մշտական ներկայացուցչի հայտարարությանը ԼՂ հակամարտության վերաբերյալ, որտեղ Բաքվի ներկայացուցիչը հերթական անգամ մեղադրանքներ է ներկայացրել հայկական կողմին, Մնացականյանը երկրորդ անգամ խոսքի իրավունք է խնդրել: Նա ընդգծել է հակամարտության վերսկսումից խուսափելու անհրաժեշտությունը' կոչ անելով դասեր քաղել վերջին շրջանի լարված իրավիճակի հետևանքներից: «Երկընտրանքն իսկական աղետ կլինի, Հայաստանը որևէ կերպ շահագրգռված չէ պատերազմում, այլ ցանկանում է պայքարել խաղաղության համար»,- նշել է Մնացականյանը: Կոչ անելով գալ փոխհամաձայնության' նա նշել է, որ Հայաստանն ամբողջապես աջակցում է 2011 թվականի Կազանի համաձայնագրին: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչն ընդգծել է զինադադարի համաձայնագրերին հավատարիմ մնալու, ինչպես նաև հնարավորինս շուտ վստահելի միջոցների կիրառման անհրաժեշտությունը:

 

***

 

Գեղարքունիքի Ձորավանք գյուղի ՀԷԿ-ի տարածքում քաղաքացի է ջրահեղձվել

 

ՀՀ ԱԻՆ-ում օգոստոսի 22-ին' ժամը 11.18-ին, տեղեկատվություն է ստացվել , որ Գեղարքունիքի մարզի Ձորավանք գյուղի ՀԷԿ-ի տարածքում քաղաքացի է ջրահեղձվել. ջրից դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն: Հրշեջ-փրկարարները Ձորավանք գյուղի թիվ 3 ՀԷԿ-ի տարածքից դուրս են բերել Ռ. Թ.-ի դին(ծնված 1958թ):

 

***

 

Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին: Նախագահը ողջունել է վարչապետի կարգավիճակով Իրակլի Ղարիբաշվիլիի առաջին այցը Հայաստանի Հանրապետություն՝ միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում կարևորելով բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունները, որոնք, Սերժ Սարգսյանի համոզմամբ, լավ հնարավորություն են արագ արձագանքելու հայ-վրացական երկկողմ հարաբերություններում գոյություն ունեցող հարուստ օրակարգի տարբեր խնդիրներին: Հանրապետության Նախագահը ցանկություն է հայտնել ավելի հաճախակիացնել այդպիսի այցելությունները:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակում, և դա հնարավորություն է տալիս հանգիստ, անկաշկանդ քննարկելու ցանկացած հարց՝ կապված ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլ նաև տարածաշրջանային խնդիրների հետ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վրաստանի վարչապետը նշել է, որ Հայաստան է ժամանել ևս մեկ անգամ հավաստելու իր խորը հարգանքը Հայաստանի Հանրապետության, ՀՀ Նախագահի և հայ ժողովրդի հանդեպ, ավելի ամրապնդելու և նոր որակ հաղորդելու հայ-վրացական հարաբերություններին:

Իրակլի Ղարիբաշվիլին համակարծիք է եղել Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որ երկկողմ հարաբերությունները ներկայումս շատ բարձր մակարդակի վրա են, և նման հանդիպումներն ավելի կսերտացնեն երկու պետությունների միջև կապերը: Վարչապետ Ղարիբաշվիլին ընդգծել է, որ մշտապես ասել է և այժմ էլ կրկնում է՝ Հայաստանը ոչ միայն Վրաստանի հարևանն է, այլև բարեկամ պետություն: Նրա համոզմամբ, այդ բարեկամական հարաբերություններով երկու երկրների բարեկեցության համար պետք է օգտակար ու բարի շատ գործեր անել: Վարչապետը գոհունակությամբ է խոսել պաշտոնական այցի օրերին Հայաստան ում իր և իր գլխավորած պատվիրակության նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի մասին, որը, նրա խոսքով, միայն բարեկամի կողմից կարող է դրսևորվել:

Իրակլի Ղարիբաշվիլին Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է այցի շրջանակներում Երևանում ունեցած հանդիպումների, քննարկումների արդյունքները, ձեռքբերված պայմանավորվածությունները:

Հանրապետության Նախագահի հետ Վրաստանի վարչապետը քննարկել է հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերը, նաև՝ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ են նշել 2014թ. հունիսի 18-ին ՀՀ Նախագահի Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունը՝ Բագրատաշեն-Սադախլու անցակետում նոր կամրջի շինարարության մասին, որը կողմերն անվանել են «Բարեկամության կամուրջ»: Երկուստեք վերահաստատվել է կամրջի շինարարությունն արագացնելու հանձնառությունը:

Հանդիպումից հետո, ի պատիվ Վրաստանի վարչապետի և նրա գլխավորած պատվիրակության, ՀՀ Նախագահի նստավայրում տրվել է աշխատանքային ճաշ:

 

***

 

Հայաստանը ՏՏ ոլորտում տարածաշրջանային կենտրոն դառնալու մեծ ներուժ ունի

 

Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները և կարողությունները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տարածաշրջանային կենտրոն դառնալու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը' ասելով, որ Հայաստանում մի շարք ընկերություններ, այդ թվում' ոլորտի առաջատար «Դ-Լինք» ընկերության հայստանյան ներկայացուցչությունը, արդեն իսկ յուտատեսակ հանգույց են հանդիսանում հարևան երկրների համար:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ընդհանուր առմամբ մենք համարում ենք բավական լուրջ ներուժ ունեցող ոլորտ Հայաստանի տնտեսության համար: Վերջին տարիներին այս ոլորտում ունենում ենք միջինը 20-22 տոկոս աճ, ինչը բավական գոհացուցիչ և հուսադրող է: Մեր նախնական գնահատումներով' տարվա վերջին կկարողանանք նույնատիպ աճ ապահովել»,-ներկայացրեց փոխնախարարը:

ՏՏ ոլորտը կազմում է ՀՀ ՀՆԱ-ի 3.8 տոկոսը: Չհաշված տելեկոմ ընկերությունների սպասարկման կենտրոնների աշխատակիցներին' ոլորտն ապահովում է 11 հազար մասնագետի զբաղվածություն: Հայաստանում գործունեություն են ծավալում մոտ 380 ՏՏ ընկերություններ, որոնցից 150-ը միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ են:

Նախարարությունը շարունակելու է աշխատանքները նոր ընկերություններին Հայաստան ներգրավելու ուղղությամբ: 2014 թվականին նախատեսվում է «ԱրմԹեք» համաժողովի անցկացումը ԱՄՆ-ում, ուր ակտիվորեն գործունեություն են ծավալում ոլորտի խոշոր անդրազգային կազմակերպություններ:

«Նմանատիպ միջոցառումները հիմք են տալիս կանխատեսելու, որ տարվա վերջում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը կապահովի նոր ներդրողների հոսք Հայաստանի շուկա: Մենք ողջունում ենք նման նախաձեռնությունները և պատրաստ ենք առավելագույն աջակցություն ցուցաբերել»,- հավելեց Մելքոնյանը:

Համաշխարհային խոշոր ընկերությունների ներգրավումը Հայաստան, փոխնախարարի դիտարկմամբ, նախ ապացույց է, որ ՏՏ ոլորտը մեծ պոտենցիալ և հեռանկար ունի Հայաստանում և ազդակ' մյուս ընկերությունների համար, որ մեր երկիրը շահավետ և հետաքրքիր վայր է բիզնես իրականացնելու համար:

Բացի այդ, աշխատանքներ են տարվում նաև տեղական ընկերությունների զարգացման և խթանման ուղղությամբ: Մասնավորապես, ՀՀ կառավարությունը մշակել և Ազգային ժողովի քննարկմանն է պատրաստվում ներկայացնել ՏՏ ոլորտին պետական աջակցություն ցույց տալու մասին օրենքը, որը հարկային արտոնություններ կապահովի սկսնակ ընկերություններին:

 

***

 

Ավարտվել է Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ավարտելով երկօրյա պաշտոնական այցը, մեկնել է Երևանից:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Վրաստանի վարչապետի ճանապարհման պաշտոնական արարողությունը:

 

***

 

Վերին Լարսում մոտ մեկ տասնյակ հայկական մարդատար մեքենաներ կան, նաև բեռնատարներ

 

Վերին Լարս-Կազբեկ ճանապարհահատվածում տեղի ունեցած սողանքից հետո Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կոչ է անում բոլորին խուսափել երթևեկել այդ ճանապարհով: Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Արման Աղաջանյանը նշել է, որ տեղում իրավիճակը բարվոք է, ժողովրդի համար տեղադրվել են վրաններ, բիոզուգարաններ, մատակարարվում է սնունդ և առաջին անհրաժեշտության բոլոր պարագաները:

«Նախնական տվյալներով, որը մեզ հաղորդել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության գլխավոր վարչությունից, ավտոճանապարհը փակ կլինի 10-15 օր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' հայտնել է Աղաջանյանը: Վերջինիս խոսքով' այս պահի դրությամբ կա բեռնատար մեքենաների որոշ կուտակում, ինչպես նաև' մոտ մեկ տասնյակ մարդատար մեքենաներ: Առավոտյան 09:30-ի տվյալներով' այդ վայրում չկան կանայք և երեխաներ:

«Մենք համաձայնության ենք եկել Ռուսաստանի Դաշնության ճանապարհային ոստիկանության բոլոր այն սուբյեկտների հետ, որոնցով երթևեկում են մինչև Վերին Լարս հասնելը: Մասնավորապես, Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության ճանապարհային ոստիկանության հետ, որ հենց Կաբարդինո-Բալկարիա մուտք գործելիս բոլորին տեղեկացվում է, որ ճանապարհը փակ է և խորհուրդ է տրվում չշարունակել երթևեկելը և վերադառնալ: Մշտական կապի մեջ ենք գտնվում ՌԴ բոլոր համապատասխան մարմինների հետ, ուշի ուշով հետևում ենք դեպքերի զարգացմանը և լրացուցիչ տեղեկությունների լինելուն պես, անմիջապես կտեղեկացնենք հանրությանը»,- ասել է Աղաջանյանը:

 

***

 

Մանվել Գրիգորյանն ազատամարտիկների հետ այցելել է Մարտակերտ

 

Երկրապահ կամավորականների միության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ օգոստոսի 22-ին Մարտակերտ են այցելել ԵԿՄ անդամները:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' նրանք իրենց հետ բերել են գրենական պիտույքներ, դեղորայք և այլն, որոնք ըստ անհրաժեշտության անվճար բաժանվելու են մարտակերտցիներին:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ այսօր երեկոյան Մարտակերտի Վիգեն Շիրինյանի անվան մարզադաշտում ԵԿՄ նախաձեռնությամբ տեղի կունենա համերգ:

 

***

 

Ադրբեջանական քարոզչամեքենան իր ապատեղեկատվական խարդավանքներին խառնել է ԿԽՄԿ-ին

 

Կարմիչ խաչի միջազգային կոմիտեն չի մասնակցում ներկալված անձանց կամ աճյունների փոխանակմանն առնչվող որեւէ բանակցության: ԿԽՄԿ-ն չի կարող նաեւ ներգրավվել կողմերին առաջարկներ փոխանցելու գործում:

Այս մասին «Արմենպրես»-ին ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին' ընդգծելով, որ համաձայն իր հանձնառությանն ու միջազգային մարդասիրական իրավունքին' ԿԽՄԿ-ն որպես անկախ միջ նորդ կատարում է իր դերը հայրենադարձման գործում: «Այս դիրքորոշումը ԿԽՄԿ-ն փոխանցել է երկու կողմերին:

Մարդասիրական իրավունքը պահանջում է, որ աճյունը պետք է հայրենադարձվի, առանց որեւէ նախապայմանի, եւ մեկ կողմը պարտավոր է դա անել, եթե նույնիսկ մյուս կողմը դա չի անում, իսկ ներկալված անձանց հայրենադարձությունը չպետք է կախված լինի մյուս կողմի հայրենադարձման պատրաստակամությունից: Ինչպես միշտ, ԿԽՄԿ-ն պատրաստ է որպես անկախ միջնորդ կատարել իր դերը հայրենադարձման գործում»,-ասաց Ամատունին:

«Արմենպրես»-ի ճշգրտող հարցին' արդյոք համապատասխանում է իրականությանը ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումն այն մասին, որ իբր ԿԽՄԿ-ն փոխանցել է, թե հայկական կողմը չի համաձայնել ադրբեջանական կողմի առաջարկին' փոխանակել Ադրբեջանում պահվող հայկական հինգ հոգանոց ընտանիքի անդամներին եւ գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դին' հայկական կողմում գտնվող, դիվերսիոն անհաջող փորձի ժամանակ ձերբակալված երկու դիվերսանտների եւ մեկ դիվերսանտի դիակի հետ, Ամատունին նշեց. «Մենք նման հարցերում, մանավանդ երբ խոսքն առնչվում է աճյ ունի հանձնմանը, խոսք տանող-բերողի գործառույթ չենք իրականացնում, գործում ենք միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներին համապատասխան»:

Մնում է եզրակացնել, որ ադրբեջանական քարոզչամեքենան կրկին անգամ իր ապատեղեկատվական խարդավանքներին մասնակից է դարձրել միջազգային հեղինակավոր կազմակերպությանը:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն արդեն գերիների փոխանակման Ադրբեջանի իշխանությունների առաջարկից հրաժարվելու մասին այդ երկրի Փախստականների եւ բռնի տեղահանվածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովի հայտարարությունը գռեհիկ ապատեղեկատվություն է որակել:

 

***

 

Թուրքիայում սիրիացի երեք փախստական է սպանվել

 

Թուրքիայի Հաթայ շրջանում, որտեղ Սիրիայում ընթացող պատերազմի հետևանքով մեծ թվով սիրիացի փախստականներ են ապաստանել, արտակարգ դեպք է գրանցվել:

Երեք սիրիացի փախստական, որոնցից երկուսը կանայք, իրենց վարձած բնակարանում հայտնաբերվել են մահացած: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, երեք սիրիացիներն էլ սպանված են եղել գլխից արձակած կրակոցներից:

Թուրքիայի իրավապահ մարմինները սկսել են հետաքննել կատարվածը' պարզելու, թե ով է կանգնած սիրիացի փախստականների սպանության հետևում: Այդ նպատակով արդեն ուսումնասիրվում են տարածքում առկա տեսաձայնագրիչների ձայնագրությունները: