Անցնող օրվա կարևորագույն տեղեկատվությունն ըստ ՝ «Mediamall.am» լրատվականի.
Ադրբեջանը հետքայլ է անում. Էդվարդ Նալբանդյանը՝ Բազելում
Ինչպես գիտեք, ԵԱՀԿ ամենամյա նախարարների խորհուրդը կարևոր հանգրվան է' քննարկելու Եվրոպայի անվտանգությանը վերաբերող տարբեր հարցեր: Այս մասին Բազելում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Յուրաքանչյուր դեկտեմբեր ամսին ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում հայտարարություններ են ընդունվում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ։ Այս անգամ, իհարկե, պայմաններն այդքան բարենպաստ չէին, որ հնգակողմ հայտարարություն ընդունվեր, և եռանախագահները որոշեցին առանձին' եռակողմ հայտարարությամբ հանդես գալ, որն արվեց պատվիրակությունների ղեկավարների մակարդակով' ՌԴ արտգործնախարար Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Քերրիի և Ֆրանսիայի՝ եվրոպական հարցերով պետնախարար Դեզիրի կողմից:Շարունակությունն՝ այստեղ:
***
Հրանտ Դինքի մարդասպանն առաջին անգամ խոսել է հանցագործությանը մասնակից երրորդ անձից
Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթը հանցագործության հետ կապված խոսել է մինչ այժմ գործում անունը երբեք չհիշատակված երրորդ անձից:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալութունը' նշելով, որ Սամասթն ինքնակամ որպես «վկա» նոր ցուցմունք է տվել Դինքի սպանության գործը վերանայող Ստամբուլի հանրապետական դատախազության ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության բաժնի դատախազ Յուսուֆ Հաքը Դողանին:
Երեք ժամ տեւած հարցաքննության ընթացքում Սամասթը 8 էջ կազմող ցուցմունք է տվել դատախազին: Հարցաքննութունից հետո դատախազ Դողանը լրագրողներին հայտարարել է, որ «վկայի» ցուցմունքները «հետազոտության արժանի տեղեկություններ են», ինչն ինքը ձեռնամուխ կլինի անմիջապես:
Սամասթի նոր ցուցմունքներում տեղ են գտել նաեւ տեղեկություններ այն մասին, որ Ստամբուլի հետախուզական վարչության ղեկավար Ռամազան Աքյուրեքը եւ հետախուզության C բաժնի ղեկավար Ալի Ֆուաթ Յըլմազերը հանցագործությունից առաջ անձամբ ծանոթ են եղել Դինքի սպանությունը կազմակերպելու մասին նախապես տեղեկացրած ոստիկանության գործակալ Էրհան Թունջելի հետ:
Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին' «Ակոս»-ի խմբագրության առջեւ նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում:Շարունակությունն՝ այտեղ:
***
ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին
Դեկտեմբերի 6-ին, ժամը 03.46-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի կամրջի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մայթեզրին. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի Արմավիր-Երևան հատվածում (6-րդ կմ), «ԲԻԴ» մակնիշի 34OR387 պ/հ (վարորդ' Տ. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մայթին:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
***
Մահացել է Լավրենտի Բարսեղյանը
Կյանքի 77-րդ տարում դեկտեմբերի լույս 6-ի գիշերը մահացել է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Լավրենտի Բարսեղյանը: Տեղեկությունն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարաժական համալսարանի հասարակայնության վարչությա ն պետ Դիանա Մարկոսյանը' նշելով, որ ինսուլտից հետո Բարսեղյանը 20 օր կոմայի մեջ էր: Հոգեհանգստի օրվա հետ կապված դեռևս հստակություն չկա, սակայն, ըստ նախնական տեղեկատվության, այն կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 8-ին:
Լավրենտի Աշոտի Բարսեղյան ծնվել է 1937 թվականի հունվարի 7-ին: 1959 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Ղեկավարել է Էրեբունի ամրոցի, Գառնիի տաճարի, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան (Դսեղ) վերականգնման աշխատանքները:
1988-1991 թթ-ին եղել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավորվարչության պետ, իսկ 1992-1995 թթ.՝ ՀՀ ԳԱԱ փոխնախագահ: Լավրենտի Բարսեղյանը մի շարք թանգարանների գիտական ցուցադրությունների հեղինակ է։ 2002 թվականին արժանացել է Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադր ամի ոսկե հուշամեդալի, իսկ 2003 թվականին' ՀՀ Մովսես Խորենացու մեդալի:
***
13000 կրակոց մեկ շաբաթում' հայ դիրքապահների ուղղությամբ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն' նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 800 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 13000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում' հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:
***
Սպանություն՝ գինարբուքից հետո
Դավիթ Անհաղթի 6 հասցեում գտնվող շենքի առաջին հարկի միջանցքում հայտնաբերվել է տղամարդու դիակ: Ըստ նախնական վարկածի՝ մահը վրա է հասել կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքի հետևանքով:
Ձեռնարկված միջոցառումներով շուտով ճշտվել է մահացածի ինքնությունը. մայրաքաղաքի Գոգոլի փողոցի բնակիչ 1965թ. ծնված Գառնիկ Ղարիբյանն է եղել:
Մանրամասները՝ այստեղ:
***
Համացանցով ծանոթությունը ողբերգական հետևանք է ունեցել Երևանի բնակչի համար
Ոստիկանությունը ձերբակալել է համացանցի օգնությամբ ավազակային հանցագործություն իրականացրած նախկինում կողոպուտի և գողության համար դատապարտված 38-ամյա Գարիկ Օհանյանին: Նոյեմբերի 12-ին' ժամը 16:00-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել Գոգոլի փողոցի 5 ա շենքի 50 բնակարանի վրա կատարված ավազակային հարձակման մասին: Անմիջապես դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը բնակարանում հայտնաբերել է ձեռքերը և ոտքերը կապկպած վարձակալին:
Տուժողը պատմել է, որ հանցագործի հետ ծանոթացել էր սոցցանցերի միջոցով, ով ներկայացել է Արտյոմ անունով, և հրավիրել էր իր վարձակալած բնակարան: Ծանոթությունը նշել են ոգելից խմիչքով, որից հետո հյուրը կապկպել է տուժողին և դանակի սպառնալիքով գումար պահանջել: Չստանալով ուզածը' հանցագործը հափշտակել է բջջայինն ու նոթբուքը և հեռացել:
Ոստիկանության հետախույզները երկու շաբաթ անց պարզել են ավազակային հարձակման մեջ կասկածվողի ինքնությունը: Նրա ժամանակավոր բնակության վայրում կազմակերպելով շուրջօրյա դարանակալումներ' նոյեմբերի 27-ին բռնել են և բերման ենթարկել:
Քրեական գործի քննությունը շարունակվում է: Գարիկ Օհանյանը կալանավորված է:
***
Քաղաքացին ցատկել է Նոր Հաճն քաղաքի կամրջից, սակայն օդապարիկը չի բացվել
Դեկտեմբերի 6-ին' ժամը 14.33-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին օդապարիկով ցատկել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի կամրջից, սակայն օդապարիկը չի բացվել:
Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ, ՃԿԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 1986 թ. ծնված Ա. Ն.-ն Արզնիի կամրջից պարաշյուտով թռիչք է կատարել մոտ 15 մետր բարձրությունից, սակայն այն չի բացվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Ն.-ն հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, այնուհետև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: