«Mediamall.am» լրատվականն առաջարկում է ծանոթանալ անցնող օրվա կարևոր նորություններին.
Երևանում 2000 քմ խոտածածկ տարածք է այրվել
Օգոստոսի 8-9-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղում՝ «Փոքր Մհեր» ռազմակրթահամալիրի մոտակայքում, այրվել է 2000 քմ բուսածածկույթ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շաղարշիկ թաղամասում՝ մոտ 1 հա, Սյունիք գյուղում՝ 1.5 հա, Սիսիան քաղաքի Գայի փողոցում՝ 100 քմ, Տավուշի մարզի Լուսաձոր գյուղում՝ 1300 քմ, Խաշթառակ գյուղի մոտակայքում՝ 15-20 հա, Այգեհովիտ գյուղի «Աղիյալ» կոչվող հանդամասում՝ 1 հա խոտածածկ տարածք, Մ-4 միջպետական ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի (15-րդ կմ) մոտակայքում գտնվող անտառում՝ 8 հա բուսածածկույթ:
Երևանի Սողոմոն Տարոնցի փողոցում այրվել է 1500 քմ, Սարալանջ-Տերյան փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ 500 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
***
Վթար Լոռու մարզում. ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորը
Օգոստոսի 9-ին, ժամը 00.35-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի երկաթգծի «Թումանյան» կայարանից Ձորագետ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ' «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Օպել Վեկտրա» մակնիշի 44 OU 247 պետհամարանիշով ավտոմեքենան դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կախվել կամրջից:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան տեղի ուժերով դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված:
Հրշեջ-փրկարարները վերացրել են ավտոմեքենայի անսարքությունը:
***
Հայտնաբերվել են օձեր
Օգոստոսի 9-ին, ժամը 01.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշեն թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Օգոստոսի 8-ին, ժամը 18.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցի տներից մեկի 2-րդ հարկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Օգոստոսի 8-ին, ժամը 13.52-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Թումանյան փողոցի տներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հայտնաբերել են շախմատ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
***
ՀՀ զինված ուժերը շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով. ՀՀ ՊՆ
Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում' կիրառելով հրաձգային, այդ թվում' խոշոր տրամաչափի զինատեսակներ:
Ստացված օպերատիվ տվյալների համաձայն' օգոստոսի 8-9-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 20 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1400 կրակոց:
Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 11 անգամ: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 86 կրակոց:
Հայկական կողմից տուժածներ չկան:
ՀՀ զինված ուժերը շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:
***
Ոչնչացվել է 18 տոննա 754.6 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 7 կգ կակաչի կանաչ զանգված
«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում' օգոստոսի 9-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 18 տոննա 754.6 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 7 կգ կակաչի կանաչ զանգված:
Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում' հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 19 դեպք:
Տնամերձ 119 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 1 տոննա 50.45 կգ կանեփի բույս:
Հարուցվել է 3 քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 273 հոդվածի հատկանիշներով, այն է' մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը:
Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության:
***
Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը տեղի կունենա վաղը. ադրբեջանական մամուլ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 10-ին, որին ներկա կլինի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Գրում է Haqqin.az-ը, նշելով, որ այդ մասին Թվիթերի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովը:
Վերջինիս խոսքերով, այսօր կկայանա Ալիև-Պուտին հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն հարցեր, որոնք կվերաբերեն երկու երկրների համագործակցության ընդլայնմանը:
***
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլեւս սառեցված չէ. Ջեյմս Ուորլիք
Ռուսաստանն արդեն ունի մեծ խնդիրներ իր երկրի սահմաններում եւ բնավ շահագրգռված չէ նոր բախումներ հրահրել: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը' «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հետ հարցազրույցում պատասխանելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցին: «Մենք արդյունավետ աշխատում ենք ռուսական կողմի հետ եւ հավատացած եմ, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ նոր խնդիրներ ստեղծելով: Ռուսաստանն իրավունք ունի առեւտրային հարաբերություններ հաստատել ցանկացած երկրի հետ, դա ոչ մի կերպ չի խոչընդոտում Ռուսաստանին խաղաղ բանակցությունների խրախուսման գործում արդյունավետ աշխատելու հարցում: Խաղաղություն հաստատելու որոշումն այդուհանդերձ Հայաստանինն ու Ադրբեջանինն է, իսկ խնդրի լուծումը պահանջում է շատ ավելի մեծ ջանքեր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' հայտարարել է Ուորլիքը:
Նրա խոսքով' տարածաշրջանում տեղ գտնող բախումները փաստում են, որ հակամարտությունն այլեւս սառեցված չէ. համանախագահն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով եւ նշում է, որ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակը մեղմելու ուղղությամբ: «Առաջին քայլը նախագահների հնարավոր հանդիպումն է Սոչիում եւ հույս ունենք, որ այն թույլ կտա կասեցնել բախումները հայ-ադրբեջանական սահմանում: Մենք հույս ունենք, որ այս հանդիպումը թույլ կտա կասեցնել նաեւ սադրիչ հայտարարությունները, որոնք չեն կարող որեւէ դրական առաջընթացի հանգեցնել: Կարող եմ հավաստիացնել երկու նախագահների հետ զրույցներ ունենալուց հետո, որ երկու կողմերը ցանկանում են գտնել խնդրի խաղաղ լուծում, եւ մենք պետք է ամեն կերպ նպաստենք այս բանակցությունների խաղաղ ընթացքին' ցանկալի արդյունքի հասնելու համար, սակայն անհրաժեշտ է երկու նախագահների պատրաստակամությունը: Այսպիսով, մեծ սպասելիքներ ունենք գործընթացի ապագա զարգացումներից, միեւնույն ժամանակ անհանգստացած ենք ներկա կացությամբ: Կողմերից ոչ մեկը չի ցանկանում թույլ թվալ մյուսի աչքերում, սակայն մեր համոզմունքը մնում է միայն մեկը' այն է' խաղաղ բանակցությունն եր, այլ ոչ պատերազմ»,-նշել է ԱՄՆ համանախագահը:
Շարունակությունը' տեսանյութում
***
Թուրքիան կրկին սատարել է «փոքր եղբոր» ռազմատենչ նկրտումները ԼՂՀ և Հայաստանի նկատմամբ
Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերի ընթացքում կրկնվող սահմանային բախումներն ու լարվածությունը անտարբեր չեն թողել պաշտոնական Բաքվի «մեծ եղբորը»' Թուրքիային: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն միջսահմանային իրադարձությունների հետ կապված հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հավատարիմ մնալով ղարաբաղյան հակամարտության և հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում պաշտոնական Անկարայի որդեգրած դիրքորոշմանը և սատարելով ռազմատենչ Բաքվի նկրտումներին' Դավութօղլուն Մամեդյարովին վստահեցրել է, որ «ցանկացած առումով Թուրքիան լինելու է Ադրբեջանի կողքին»:
Անդրադառնալով երկու երկրների սահմանին առկա լարվածության շարունակականությանը' Թուրքիայի արտգործնախարարը համոզմունք է հայտնել, թե դրանք «Ուկրաինայում տեղի ունեցող ճգնաժամի տարածաշրջանային դրսևորումներն են»:
***
Մեկ շաբաթում հակառակորդը 60.000 կրակոց է արձակել
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 3000 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 60.000 կրակոց:
Բացի հրադադարի խախտման վերոնշյալ դեպքերից, ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինները շփման գծի հարավային /Հադրութ/, արևելյան (Ասկերան) և հարավարևելյան' Մարտունու (Յուսուֆջանլու) ուղղություններով, ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փարձեր, որոնք ժամանակին հավաստանշվել են հայ դիրքապահների կողմից և հակառակորդը, տալով կենդանի ուժի կորուստներ և վիրավորներ, հետ է շպրտվել ելման դիրքեր:
Անցած յոթ օրերի ընթացքում հակառակորդի օդուժը թռիչքներ է իրականացրել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ: ՊԲ ՀՕՊ ուժերը ոչ միայն դրանք ժամանակին հավաստանշել են և պահել վերահսկողության տակ, այլև առաջնագծում տիրող օպերատիվ իրադրությամբ պայմանավորված' օդ է բարձրացվել հայկական գրոհային ավիացիան:
Ընդհանուր առմամբ իրավիճակը սահմանային գծում եղել է լարված: ՊԲ առաջապահ զորամասերը շաբաթվա ընթացքում շփման գծի ողջ երկարությամբ շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն' հարկ եղած դեպքում իրենց գործողություններով կանխելով հակառակորդի նախահարձակ գործողության ցանկացած փորձ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
***
Պետք է և՛ սահման պահենք, և՛ հուշարձան մաքրենք. ԼՂՀ վարչապետ
Օգոստոսի 8-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այցելել է Տող գյուղում տեղակայված «հավատք և ժառանգություն» խորագիրը կրող ճամբար, որը կազմակերպվել է «Երկիր և մշակույթ» ու «Արցախակերտում» հասարակական կազմակերպությունների կողմից՝ վարչապետի հովանու ներքո:
Ողջունելով ճամբարի շուրջ 35 մասնակիցներին՝ Ա. Հարությունյանը կարևորել է նմանատիպ միջոցառումների կազմակերպումը պատմամշակութային հուշարձանների պահպանության համատեքստում: Նա շեշտադրել է թե՛ հասարակության տարբեր խավերի, թե՛ տեղի բնակիչների մասնակցության անհրաժեշտությունը հուշարձանների ճանաչման և պահպանության գործում: Կառավարության ղեկավարն իր պատրաստակամությունն է հայտնել առավելագույնս աջակցել պատմամշակութային հուշարձանների նկատմամբ սրտացավ վերաբերմունք ձևավորող նախաձեռնություններին՝ կոչ անելով երիտասարդներին ամեն օր սեփական վարքով օրինակ ծառայել մնացածի համար:
Պատասխանելով սահմանին տիրող իրադրության վերաբերյալ մասնակիցներից մեկի հարցին՝ Ա. Հարությունյանը նշել է՝ «մեր այսօրվա առաքելությունը կայանում է և՛ սահման պահելու, և՛ հուշարձան մաքրելու մեջ: Այո՛, մենք պետք է հուշարձանը մաքրենք՝ զուգահեռ զենքը ձեռքերիս սահման պահենք: Րոպեներ առաջ ես գտնվում էի դիրքերում, որտեղ երիտասարդներն իրենց ծնողների հետ միասին մեր անվտանգությունն են պահպանում»:
Խարույկի շուրջ տեղի ունեցած զրույցի ժամանակ քննարկվել են տնտեսությանը, մշակույթին ու զբոսաշրջությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
***
Ռուսաստանում ձերբակալված 5 ուկրաինացի զինվորականներն ազատ են արձակվել
Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններն ազատ են արձակել 5 ուկրաինացի զինվորականներին, որոնց ավելի վաղ ձերբակալել էին խաղաղ բնակչության դեմ հանցագործությունների մեղադրանքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստին, այս մասին տեղեկացրել է ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
«Հաշվի առնելով, որ գործի հետաքննության արդյունքում պարզվել է, որ զինվորականները կատարել են բարձրագույն հրամանատարության պատվերը, անձի դեմ ուղղակի որևէ հանցագործություն չեն կատարել, ինչպես նաև ելնելով մարդասիրական նկատառումներից՝ որոշում է կայացվել նրանց նկատմամբ մեղադրանք չհարուցել և նրանց համար Ուկրաինա վերադառնալու հնարավորություն ստեղծել»,- հայտարարել է Մարկինը:
Ուկրաինացի 5 զինվորականները, այդ թվում նաև գումարտակի հրամանատարը ձերբակալվել էին օգոստոսի 7-ին: Նրանք մեղադրվում էին ռուսական «Գուկովո» անցակետում կրակոցներ իրականացնելու մեջ:
***
Գազայի հատվածում Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածների արդյունքում 5 պաղեստինցի է զոհվել
Գազայի հատվածում իսրայելական ռազմաօդային ուժերի հասցրած հարվածների արդյունքում ամենաքիչը 5 պաղեստինցի է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ИТАР-ТАСС-ը, այս մասին տեղեկացնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը: Գերատեսչության տվյալներով՝ լրատվամիջոցների տրամադրության տակ հայտնված տեղեկությունների համար զոհերից երկուսը Էլ Մագհազի ճամբարի բնակիչներ են: Նախօրեին փլատակների տակից ևս երեք դիակ է դուրս բերվել Էն Նասիրիա ճամբարում:
Ավելի վաղ տեղեկատվություն էր ստացվել, որ իսրայելական օդուժը և հրետանին վերսկսել է գրոհները Գազայի հատվածում, մասնավորապես Եգիպտոսի սահմանակից Ռաֆահ քաղաքում և հյուսիսային Ջաբալիա ճամբարում: Զոհերի մասին տեղեկություններ չկան:
SkyNews Arabia հեռուստաընկերության տվյալներով՝ Իսրայելը Գազայի հատվածում հարվածներ է հասցրել ծայրահեղ իսլամիստներին, որոնք հարավհրեական պետության ուղղությամբ 5 հրթիռներ էին արձակել:
***
Մենք հակառակորդին հաղթեցինք և՛ սահմանին, և՛ տեղեկատվական հարթությունում. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Երևանի Կենտրոն և Ավան տարածքային կազմակերպությունների անդամները oգոստոսի 9-ին Ծաղկաձորում հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ։ Քննարկվել են վերջին օրերին սահմանային լարվածության դեպքերը, մամուլի և սոցցանցերի արձագանքն իրադարձություններին և տեղեկատվական, քարոզչական դաշտում ՀՀԿ երիտասարդների դերը։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը նշել է, որ այս հանդիպումը կազմակերպվել է երիտասարդ հանրապետականների պահանջով։ «ՀՀԿ-ն միշտ եղել է բանակի կողքին, և կուսակցության երիտասարդական կառույցը նույնպես բանակի հետ, բանակում, զինվորների կողքին ծրագրեր է իրականացնում։ Այսօր էլ, առավել քան երբևէ կարևոր են այդ միջոցառումները, հատկապես տեղեկատվական դաշտում՝ երիտասարդների մասնակցությունը։ Պատահական չէ, որ ՀՀԿ երիտասարդական կառույցը հետաքրքրված է սահմանին տիրող իրադարձություններով։ Տեղեկատվական դաշտում երիտասարդու թյունն այսօր գործ ունի անելու, շատ կարևոր է, որպեսզի նրանք լիարժեք պատկերացնեն այն սխեմաները, որոնցով ՊՆ-ն աշխատում է ինֆորմացիոն հարթակում։ Երիտասարդությունն այսօր ամենաշատն է ժամանակ անցկացնում սոցցանցերում, և ցանկալի է, որպեսզի նրանց ներկայությունը համացանցում նպատակային և օգտակար լինի»,- ասել է Կարեն Ավագյանը։
Արծրուն Հովհաննիսյանը կարևորել է նման հանդիպումները՝ շեշտելով, որ եռօրյա, այսպես կոչված, պատերազմը մենք հաղթեցինք նաև տեղեկատվական դաշտում, ինչը նաև նման քննարկումների արդյունք էր։ Պաշտպանության նախարարի խոսնակը ներկայացրել օպերատիվ իրավիճակը։ Փաստվել է, որ լարվածությունը սահմանին դեռ պահպանվում է, սակայն վերջին 5 օրում հակառակորդը հիմնականում զերծ է մնում սադրանքներից, արկածախնդրությունից, կրակոցները նվազել են. երեկ գիշեր հրադադարի խախտման 200 դեպք է գրանցվել, այս գիշեր՝ 100-ից էլ քիչ։ Խոսելով Ադրբեջանի սպառազինության մասին՝ բանախոսը նշել է, որ ադրբեջանական բանակում այդ սպառազինությունը յուրացված չէ։ Ադրբեջանցիները չունեն համապատասխան գիտելիք և ոգի՝ դրանք կիրառելու համար։ Անդրադառնալով տեղեկատվական դաշտին՝ Արծրուն Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել բոլորին՝ ընդգծելով, որ մենք հաջողություններ ենք գրանցել բոլոր հարթություններում՝ թե՜ պաշտոնական լրատվադաշտի, թե՜ լրագրողների մասնագիտական կարողությունների առումներով։ «Պետք է շնորհակալություն հայտնեմ լրատվամիջոցներին, նույնիսկ նրանց, որոնք ժամանակին քննադատաբար էին մոտենում մեզ, սակայն վերջին շրջանում ըմբռնումով մոտեցան, հասկացան, որ պատերազմական իրավիճակում զգուշությունն ու ճիշտ տեղեկություն մատուցելն ավելի հրատապ է, քան կարճաժամկետ շահերը։ Անքննելի է այն փաստը, որ 5 օրերի ընթացքում մենք հակառակորդին հաղթեցինք և' սահմանին, և' տեղեկատվական հարթությունում»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը։
Ըստ նրա' աշխատելու որոշակի անհրաժեշտություն կա սոցիալական ցանցերում, որտեղ կան ապատեղեկատվություն տարածող որոշակի խմբեր։ Այստեղ մեծ անելիքներ ունեն երիտասարդները, ովքեր պետք է շատ արագ, օպերատիվ ճշգրիտ փաստերով, մեկնաբանություններով հակազդեն։ Հանդիպման ընթացքում նախարարի խոսնակը պատասխանեց նաև երիտասարդ հանրապետականների հարցերին, որոնք վերաբերում էին Չինարիի բնակիչ, 31-ամյա Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքներին, Սոչիում նախագահների հանդիպումներից սպասվելիք ակնկալիքներին և այլն։
ՀՀԿ Կենտրոն տարածքային երիտասարդական կազմակերպության ղեկավար Միքայել Սահակյանը շեշտել է, որ իրենց կառույցը մշտապես արձագանքում է երկրի առջև ծառացած յուրաքանչյուր խնդիրի՝ փոքր, մեծ, տեղական թե մասշտաբային։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԿ Կենտրոն տարածքային կազմակերպության կազմում հիմնականում ընդգրկված են ուսանողներ և նորավարտ մասնագետներ՝ մեր գործունեությունն ավելի շատ ծավալում ենք տեղեկատվական տաշտում՝ քարոզելով հայրենասիրություն, միասնականություն, ինչպես նաև փորձում ենք հակազդել կեղծ ինֆորմացիոն հոսքերին։ Ունենք նաև շատ երիտասարդներ, ովքեր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո քաղաքացիական կյանքում իրենց պայքարը շարունակում են տեղեկատվական ոլորտում»,- ասել է նա:
***
«Ֆոլքսվագեն» մեքենայում հայտնաբերվել է «Սուբոտեքս», «Մեթոդեն», կանեփ և «Հերոին»
Ոստիկանության և ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները օգոստոսի 8-ին, ժամը 14.30-ին, ապօրինաբար թմրանյութ պահելու, իրացնելու և օգտագործելու կասկածանքով, Կիևյան փողոցի թիվ 1 հասցեից, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Կարեն Ս.-ին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նրա մոտ եղած ծանրոցում գտնվող արդուկի տակդիրի միջից հայտնաբերվել է «Սուբոտեքս» թմրամիջոցի նմանվող 146 դեղահաբ և նմանատիպ դեղահաբի 7 կտոր:
Հայտնաբերվել է նաև պոլիէթիլենային 2 տոպրակ' «Մեթոդեն» թմրամիջոցին նմանվող զանգվածներով, մեկ պոլիէթիլենային տոպրակ' կանեփանման զանգվածով, և մեկ այլ տոպրակ' «Հերոին» թմրամիջոցի նմանվող զանգվածով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
***
Սերժ Սարգսյանը Պուտինին ներկայացրել է Ադրբեջանի կողմից իրավիճակի կանխամտածված շիկացման պատճառների մասին
Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպմանը երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Հայաստանի և Ռուսաստանի նախագահները, մասնավորապես, անդրադարձել են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, հումանիտար փոխգործակցությանը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցերի, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդրին:
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է Նախագահ Սերժ Սարգսյանին և շնորհակալություն հայտնել հրավերն ընդունելու և Սոչի այցելելու համար: «Կարիք չկա բնութագրելու հայ-ռուսական հարաբերությունները. դրանք կրում են բացառապես բարեկամական, ռազմավարական բնույթ, ինչի մասին են խոսում նաև Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի, Հայաստանի ղեկավարության վերջին որոշումները:
Աշխատանքը կատարվում է, և ես կցանկանայի Ձեզ տեղեկացնել այն մասին, թե այդ ուղղությամբ ներկա պահին այն ինչ վիճակում է գտնվում:
Բայց, անշուշտ, մենք նաև երկկողմ օրակարգի շատ հարցեր ունենք, ինչի մասին մենք այսօր, անկասկած, կխոսենք, ինչպես նաև հնարավորություններ կան ավելի մանրամասն քննարկել ղարաբաղյան կարգավորման հետ կապված հարցերը: Ուստի մեր օրակարգը շատ մեծ և հագեցած է»,-ասել է ՌԴ Նախագահը:
Նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ այս հանդիպման նպատակով Սոչի այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար և նշել. «Մեր վերջին հանդիպումից անցել է երեք ամիս և մեր որոշ պայմանավորվածությունների արդյունքներն ամփոփելու անհրաժեշտություն կա:
Բացի մեր երկկողմ հարաբերությունների օրակարգից, ես նույնպես կցանկանայի քննարկել որոշ հարցեր՝ կապված ինտեգրացիոն գործընթացների հետ, ավելի կոնկրետ՝ կապված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու հետ:
Իհարկե, մեզ անհանգստացնում է իրավիճակը Ուկրաինայում: Եթե Դուք անհրաժեշտ կհամարեք, Վլադիմիր Վլադիմիրի, տեղեկացրեք մեզ այն միջոցառումների մասին, որոնք ձեռնարկում է Ռուսաստանը, իսկ ես իմ հերթին մանրամասնորեն Ձեզ կտեղեկացնեմ մեր տարածաշրջանում իրավիճակի մասին և հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի կանխամտածված շիկացման/թեժացման պատճառների մասին»:
Հանրապետության Նախագահը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ՌԴ Նախագահին՝ ջերմ ընդունելության և աշխատանքային լավ պայմաններ ստեղծելու համար:
***
Ադրբեջանը կիջեցնի իր գլխավոր դրոշը' ոչ իր զինվորների կորուստը սգալու համար
Օգոստոսի 11-ին Բաքվում պետական դրոշի հրապարակում կիջեցվի երկրի գլխավոր դրոշը, սակայն, ոչ վերջին օրերին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական բանակի դիվերսիոն գործողությունների արդյունքում կրած մարդկային մեծ կորուստը սգալու համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով haqqin.az –ը, դրոշն իջեցվելու մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին տեղեկացրել է Պետական դրոշի վարչությունը:
«Առաջին հայցքից կարող էր թվալ, թե երկրի գլխավոր դրոշն իջեցնելու մասին որոշումն ընդունվել է ճակատային գծում վերջին իրադարձությունների եւ զոհված ադրբեջանցի զինվորների համար սգո արարողության հետ:
Սակայն, ինչպես պարզվել է, տվյալ որոշումը կապված չէ զինվորների հետ: Դրոշը կիջեցնեն սպասվող ուժեղ քամու պատճառով», -գրում է կայքը:
Ադրբեջանի պետական դրոշն արդեն մի քանի անգամ պատառոտվել է ուժգին քամուց:
Հուլիսի 31-ից մինչեւ օգոստոսի 6-ն ադրբեջանական բանակի դիվերսիոն գործողությունների հետեւանքով մեծ թվով զինվորների զոհվելու եւ վիրավորվելու կապակցությամբ ադրբեջանական մամուլում առաջարկներ հնչեցին, որպեսզի պետական մակարդակով սուգ հայտարարվի, ինչը իշխանությունները մերժեցին: Դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունների համար զինվորների կորուստը ոչ մի արժեք չունի: Հայտնի է, որ վերջին օրերին ադրբեջանական դիվերսիոն գործողությունների հետեւանքով ադրբեջանական կողմը տվել է 26 զոհ եւ 30 վիրավոր:
Ի դեպ' դեռեւս պաշտոնապես չճշտված, սակայն ադրբեջանական մամուլում տեղ գտած հաղորդագրությունների համաձայն' 2014 թվականի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է մոտ 90 զինծառայող, որոնց մոտ կեսը զոհվել են ոչ մարտական պայմաններում, մոտ 140 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: