«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.
Էջմիածնում 51-ամյա տղամարդ է սպանվել
Շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժնում ապրիլի 15-ին՝ ժամը 01.30-ին, հաղորդում է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասի 4-րդ շենքի բակում տղամարդ է մահացել: Մեկնած օպերատիվ խումբը Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասի 4-րդ շեն քի բակում հայտնաբերել է 1964թ. ծնված, նախկինում դատված Հայկարամ Գրիգորյանի դիակը' գլխի շրջանում հրազենային վնասվածքներով, իր վարած «INFINITI QX 4» մակնիշի ավտոմեքենայի կողքին ընկած: Կատարվում է քննություն:
***
Թուրք հաքերները կոտրել են Վատիկանի պաշտոնական կայքը
Թուրք հաքերները կոտրել են Վատիկանի պաշտոնական կայքը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը:
Հաքերները հարձակման են ենթարկել Վատրկանի կայքը երկուշաբթի՝ Հռոմի պապի կողմից անցած կիրակի՝ Թուրքիայում 1915թ. տեղի ունեցած հայերի ջարդերը 20-րդ դարի առաջին ցեղասպանություն որակավորելուց հետո մեկ օր անց:
Vatican.va կայքը երկուշաբթի գիշերը խափանվելուց հետո վերագործակցվել է երեքշաբթի վաղ առավոտյան: Այս արարքի պատասխանատվությունն ստանձնել են թուրք հաքերները՝ Twitter-ի իրենց միկրոբլոգում պահանջելով Հռոմի Պապից հրաժարվել իր խոսքերից:
Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից մատուցվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ: Այս պատմական իրադարձությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ինչպես նաև հայ կաթոլիկների պատրիարք Ներսես Պետրոս XIX-ը: Պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապը նշեց, որ 20-րդ դարում տեղի է ունեցել ցեղասպանություն, որին զոհ են գնացել հայեր, հույներ ու ասորիներ: Պատարագի ընթացում Հայ եկեղեցու սրբերի շարքը դասված Գրիգոր Նարեկացին հռչակվեց Կաթոլիկ եկեղեցու տիեզերական վարդապետ:
***
Էթյեն Մահչուփյանն անհնար է համարում հայերի հետ կատարվածը Ցեղասպանություն չանվանելը
Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական, պոլսահայ մտավորական Էթյեն Մահչուփյանը հերթական անգամ իր հարցազրույցում ասել է, որ հայերի հետ կատարվածը ցեղասպանություն է եղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական T24.com.tr-ը, անդրադառնալով Հռոմի պապի հայտարարությանը'Մահչուփյանը նշել է. «Վատ իկանն իր վրայից նետել է շուրջ 100 տարվա հոգեբանական ծանրությունը: Երբ ասում եք, թե ինչու է այս բառն օգտագործել 100 տարի անց, պետք է հարցին հակառակ կողմից մոտենալ և ասել, թե ինչպես է Վատիկանն այսքան տարի դիմացել, սակայն չի ասել»:
Դավութօղլուի հայազգի խորհրդականը նշել է, որ Հռոմի պապի խոսքերի մեջ որևէ քաղաքական ենթատեքստ պետք չէ փնտրել' հավելելով. «Թե’ հայերի, թե’ այլազգիների համար «ցեղասպանություն» եզրույթը քաղաքական լինելուց զատ ավելի շատ հոգեբանական իմաստ է սկսել կրել»:
Շարունակելով իր խոսքը' Մահչուփյանը փաստել է, որ երբ Բոսնիայում և Աֆրիկայում տեղի ունեցած դեպքերն անվանում են ցեղասպանություն, 1915 թվականի հայերի դեմ կատարվածը «ցեղասպանություն» չանվանելն անհնար է: «Կարևորը կատարվածի հետ առերեսումն է, կատարվածին նայելով և համատեղ դաս քաղելով' միասին ապագան կառուցելը: Այլապես եզրույթը կարևորություն չունի: Էականն այն է, որ այսօր այստեղ բնակվողները կարողանան մեկմեկու հասկանալ»,- ասել է նա:
***
Երևան-Սևան ավտոճանապարհին «Տոյոտա Կորոլան» ընկել է ձորը. կա տուժած
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 15-ին՝ ժամը 08.55-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան-Չարենցավան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 37-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Տոյոտա Կորոլա» մակնիշի 69 ZO 009 պ/հ (վարորդ' Ա. Մ., ծնված 1981թ.) և «Վոլկսվագեն» մակնիշի 34 NN 739 պ/հ (վարորդ' Ա. Մ., 1988թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում:
Մարմնական վնասվածքներով «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Մ.-ն տեղափոխվել է Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի փականը:
***
Թուրքիան նյարդայնանում է և սկսում է սխալներ գործել. քաղաքագետ
Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի հայտարարությունը նյարդայնացրել է Թուրքիայի կառավարությանը, ինչի հետևանքով նրանք սկսում են ավելի շատ սխալներ գործել:
Ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Թուրքերին ընդհանրապես նյարդայնացնում է այն ամենը, ինչը կապված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հետ: Նրանք նյարդայնանում են և սկսում են լուրջ սխալներ գործել: Այդ սխալներից մեկն էլ ապրիլի 24-ը Գալիպոլիի ճակատամարտում տարած հաղթանակի 100-ամյակի տոնակատարությունների օր նշանակելն էր, ինչն էլ ավելի է նպաստում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթաց ին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց քաղաքագետը:
Քաղաքագետի գնահատմամբ՝ հայտարարությունները, որ այս օրերին հնչեցնում են Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչները, զվարճալի են և չեն կարող էական ազդեցություն ունենալ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա: Նա գոհունակությամբ ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության վերաբերալ Թուրքիայի իշխանությունների հայտարարություններն ընդհանրապես ազդեցություն չեն ունենում այդ երկրում ապրող քրիստոնյաների վրա:
Իսկանդարյանն ավելի ծիծաղելի է համարում ադրբեջանական ղեկավարության արձագանքը Հայոց ցեղասպանության հարցում աշխարհում ծավալվող իրադարձություններին՝ ընդգծելով, որ ընդհանրապես դրա վրա էլ պետք չէ ուշադրություն դարձնել:
Ապրիլի 12- ին Վատիկանում կայացած պատմական պատարագի ժամանակ Հռոմի պապը նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքը արյունահոսի: «Սիրելի հայ եղբարներ և քույրեր, տարբեր առիթներով սահմանել եմ, որ ապրում ենք պատերազմի ժամանակաշրջան, որովհետև ներկա ենք ավերածությունների խենթությանը, որոնք, ցավոք, այսօր շարունակվում են: Մեր քրիստոնյա եղբայրներից շատերը նաև իրենց ազգային պատկանելության համար դաժանորեն սպանվում են, գլխատվում, խաչվում, կենդանի այրվում կամ բռնի կերպով տեղահանվում: Այսօր ևս, ցավոք , դեռ ապրում ենք մի տեսակ ցեղասպանություն, որի պատճառը համընդհանուր լռությունն է»,- ասել է Հռոմի պապը: