Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի հայտարարությունը նյարդայնացրել է Թուրքիայի կառավարությանը, ինչի հետևանքով նրանք սկսում են ավելի շատ սխալներ գործել:

 

Ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Թուրքերին ընդհանրապես նյարդայնացնում է այն ամենը, ինչը կապված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հետ: Նրանք նյարդայնանում են և սկսում են լուրջ սխալներ գործել: Այդ սխալներից մեկն էլ ապրիլի 24-ը Գալիպոլիի ճակատամարտում տարած հաղթանակի 100-ամյակի տոնակատարությունների օր նշանակելն էր, ինչն էլ ավելի է նպաստում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթաց ին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց քաղաքագետը:

 

Քաղաքագետի գնահատմամբ՝ հայտարարությունները, որ այս օրերին հնչեցնում են Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչները, զվարճալի են և չեն կարող էական ազդեցություն ունենալ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա: Նա գոհունակությամբ ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության վերաբերալ Թուրքիայի իշխանությունների հայտարարություններն ընդհանրապես ազդեցություն չեն ունենում այդ երկրում ապրող քրիստոնյաների վրա:

 

Իսկանդարյանն ավելի ծիծաղելի է համարում ադրբեջանական ղեկավարության արձագանքը Հայոց ցեղասպանության հարցում աշխարհում ծավալվող իրադարձություններին՝ ընդգծելով, որ ընդհանրապես դրա վրա էլ պետք չէ ուշադրություն դարձնել:

 

Ապրիլի 12- ին Վատիկանում կայացած պատմական պատարագի ժամանակ Հռոմի պապը նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքը արյունահոսի: «Սիրելի հայ եղբարներ և քույրեր, տարբեր առիթներով սահմանել եմ, որ ապրում ենք պատերազմի ժամանակաշրջան, որովհետև ներկա ենք ավերածությունների խենթությանը, որոնք, ցավոք, այսօր շարունակվում են: Մեր քրիստոնյա եղբայրներից շատերը նաև իրենց ազգային պատկանելության համար դաժանորեն սպանվում են, գլխատվում, խաչվում, կենդանի այրվում կամ բռնի կերպով տեղահանվում: Այսօր ևս, ցավոք , դեռ ապրում ենք մի տեսակ ցեղասպանություն, որի պատճառը համընդհանուր լռությունն է»,- ասել է Հռոմի պապը: