«Mediamall.am»  լրատվականը ներկայացնում է անցնող օրվա առավել կարևոր ներությունները.


Ուշագրավ միջադեպ Ուելսում. ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կարծել է, թե Ալիևը ՀՀ նախագահի թիկնազորից է (տեսանյութ)

 

Սեպտեմբերի 4-ին Ուելսում տեղի է ունեցել Սարգսյան–Ալիև–Քերի եռակողմ հանդիպումը, որի ժամանակ բավականին ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել։ Մտնելով սենյակ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ողջունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, այնուհետև ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանին՝ բացարձակապես մոռացության մատնելով իր հետևում կանգնած Ալիևին։

Անհարմար իրավիճակում հայտնված Ալիևն իրեն շատ վատ է զգացել, ինչը բավականին արտահայտիչ կերպով ի ցույց է դրել՝ իր անհանգիստ շարժումներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

 

***

 

Քարահունջ գյուղում այրված տնակում 25-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել

 

ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 5-ին' ժամը 00.05-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի մոտակայքում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.39-ին, մարվել 04.17-ին: Այրվել են 48 քմ կառուցատարրեր: Տնակում հայտնաբերվել է Ռ. Ա.-ի (ծնված 1989թ.) դին:

 

***

 

Ականի պայթյունից վիրավորված սպայի վիճակը կայուն ծանր է

 

Տավուշի մարզում ականի պայթյունից վիրավորված ՀՀ ՊՆ լեյտենանտ Վարդան Ավագյանի առողջական վիճակը բժշիկները գնահատում են կայուն ծանր: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ 47-ամյա Վարդան Ավագյանը գտնվում է Բերդի հոսպիտալում, բժիշկների անմիջական վերահսկողության ներքո: Վիրավորվածը Տավուշի մարզի Նորաշեն գյուղից է, նա վնասվածքն ստացել է ոտնաթաթի հատվածում: Հովհաննիսյանի փոխանցմամբ, դեպքի մանրամասները ճշտվում են:

Օգոստոսի 28-ին էլ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում ականի պայթյունից վիրավորվել էին 4 զինծառայողներ' 3 սպա և 1 պայմանագրային զինծառայող:

 

***

 

Էրդողանն Օբամայից կպահանջի իրենց հանձնել Ֆեթուլլահ Գյուլենին

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ սեպտեմբերի 5-ին Ուելսում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու պարագայում պահանջելու է նրանից Ֆեթուլլահ Գյուլենին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Դեռևս Բաքվից Ուելս մեկնելու ժամանակ' ինքնաթիռում պատասխանելով լրագրողների հարցերին' Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերներ են, որոնք մշտապես համագործակցել են ահաբեկիչներին հայտնաբերելու և անհրաժեշտության դեպքում հանձնելու հարցում: «Կամ դրան (խմբ. Ֆեթուլլահ Գյուլենին) արտաքսեք, կամ մեզ հանձնեք: Եթե ասում է, որ մեղավոր չէ, թող գա, այստեղ ապրի: Եթե կառավարելու է, թող այստեղից կառավարի, եթե խառնվելու է քաղաքականությանը, թող այստեղից խառնվի»,- հայտարարել էր Էրդողանը:

Թուրքական լրատվամիջոցները ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահները սեպտեմբերի 5-ին կեսօրից հետո հանդիպում կունենան Ուելսում: Սակայն ավելի ուշ ԶԼՄ-ները սկսեցին գրել այն մասին, թե հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգվել է:

Ֆեթուլլահ Գյուլենը «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդն է: Այն արդի իսլամ քարոզող հզոր շարժում է, որը հարյուրավոր դպրոցներ ունի աշխարհի բազմաթիվ իսլամական երկրներում, այդ թվում' Թուրքիայում: Մինչ վերջերս այն համարվել է Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի քաղաքական հենարանը: Շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն: Ֆեթուլլահ Գյուլենը, ով 1999թ. որպես վտարանդի բնակվում է ԱՄՆ-ում, մեծ ազդեցություն ունի թուրքական կառավարության և ուժային կառույցների վրա: Թուրքական խորհրդարանում ԱԶԿ-ի զգալի թվով պատգամավորներ համարվում են գյուլենական աղանդի հետեւորդներ:

 

***

 

Ստեփանակերտը ողջունում և կարևորում է Սարգսյան-Քերի-Ալիև հանդիպումը

 

Պաշտոնական Ստեփանակերտը ողջունում է Ուելսում կայացած Սարգսյան-Քերի-Ալիև եռակողմ հանդիպումը և հանդիպման կարևոր առանցքն է համարում այն հանգամանքը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շեշտում է արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չլինելը: «Սա շատ կարևոր է, քանի որ շեշտվում է հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությո ւնը: Սա նաև Ադրբեջանին ուղղված մեսիջ է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ ընդգծելով, որ դա հանդիպման ամենաշոշափելի պահն էր:

Միևնույն ժամանակ, Դավիթ Բաբայանը կարծում է, որ պետք չէ մտածել, որ մի հանդիպման ժամանակ ամեն ինչ կկարգավորվի: «Բայց այն, որ բոլորը շեշտում են խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, սա առանցքային գաղափար է»,- ասաց Բաբայանը:

Դիտարկմանը, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ևս մեկ հանդիպում պատրաստվում է կազմակերպել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակն ընդգծեց, որ Ստեփանակերտը ողջունում է այդպիսի հանդիպումները, հատկապես, որ դրանք նպաստում են խաղաղ կարգավորմանը: «Կարգավորումը, որպեսզի համապարփակ լինի, անհրաժեշտ են մի շարք մոտեցումներ: Կա ձևաչափի էական փոփոխման անհրաժեշտություն: Այս տեսանկյունից անհրաժեշտ է վերականգնել այն ձևաչափը, որն ի սկզբանե դրվել էր Մինսկի խմբի գործունեության հիմքում, այսինքն' Արցախ-Հայաստան-Ադրբեջան և միջնորդ երկրներ: Այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի պատկերացնել, որ գործընթացը նոր թափ կստանա, սակայն պետք չէ մտածել, որ հարցն անմիջապես կկարգավորվի»,- ասաց Բաբայանը՝ ընդգծելով, որ սա շատ երկար գործընթաց է:

Բաբայանը նշեց, որ առանց լիարժեք ձևաչափի վերականգնման գործընթացն էլ ավելի կձգձգվի, ընդ որում, նա նկատում է, որ Արցախը պետք է մասնակցի ոչ թե ինչ-որ մի փուլի, այլ ողջ գործընթացին: «Սա տրամաբանությունից բխող մոտեցում է և իրատեսական է: Այլ տարբերակ չկա. խաղաղ կարգավորման ցանկություն, լիարժեք ձևաչափ և նաև Ադրբեջանը պետք է հասկանա, որ վերադարձ անցյալին չի լինելու»,- եզրափակեց Բաբայանը:

Նյուպորտում Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 4-ին: Հանդիպումը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր: Կողմերը ներկայացրել են իրենց երկրների դիրքորոշումները բանակցային գործընթացում:

 

***

 

Թուրքիայում իրար հաջորդող ուժգին երկրաշարժեր են տեղի ունեցել

 

Երեկ երեկոյան Էգեյան ծովում տեղական ժամանակով ժամը 20:43-ին տեղի ունեցած 4,9 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո կեսգիշերին 5,2 բալ ուժգնությամբ երկրակեղեւի ցնցումներ են տեղի ունեցել նաեւ Միջերկրական ծովում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, ցնցումները նույն ուժգնությամբ զգացվել են Գյոքչեադայում, Անթալիայում եւ շրջակա բնակավայրերում:

Թուրքիայի երկրաշարժագիտական կենտրոնները հայտնել են, որ Միջերկրական ծովում երկրաշարժը տեղի է ունեցել 25 կմ խորության վրա' Անթալիայի կենտրոնից 63 կմ, իսկ Քեմերից' 42 կմ հեռավորության վրա:

Երկրաշարժերը խուճապ են առաջացրել բնակիչների շրջանում: Զոհեր եւ ավերածություններ չկան:

 

***
 
 
Դամասկոսի Ջոբար թաղամասում թեժ մարտեր են ընթանում
 
 
Դամասկոսի Ջոբար թաղամասում շարունակվում են թեժ բախումները սիրիական բանակի և զինված խմբավորումների միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նախօրեին բանակը զինյալների գրաված թունելներ է ոչնչացրել, վնասազերծել է մի քանի պայթուցիկ սարք ավորումներ: Տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել:

Աղբյուրի տեղեկացմամբ, 320 զինյալներ Դամասկոսի Բասիմա գյուղում վայր են դրել զենքերը և հանձնվել իշխանություններին: Նրանք պարտավորվել են չձեռնարկել քայլեր, որոնք ուղղված կլինեն հայրենիքի անվտանգության ու խաղաղության դեմ: Ավելի վաղ՝ օգոստոսի 23-ին, 254 զինյալներ Մդայա գյուղում հանձնվել են իշխանություններին: Օգոստոսին սիրիական իշխանություններին հանձնված զինյալների թիվը գերազանցել է 800-ը:

«Ալ Ջազիրա»-ի տեղեկացմամբ, կառավարական ուժերը ռմբակոծում են Դամասկոսի գյուղերը: Սեպտեմբերի 4-ին Դեր Զոր-Դամասկոս ճանապարհի ռմբակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի: Զոհերի մեծամասնությունը կանայք և երեխաներ են: Համաձայն աղբյուրի՝ ռմբակոծությունն իրականացրել են կառավարական ուժերը, իսկ սիրիական աղբյուրները մեղադրում են զինված խմբավորումներին:

 

***

 

Հայաստանն առաջին անգամ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ներկայացրեց իր դիրքորոշումը ԼՂ հակամարտության վերաբերյալ

 

Ուելսում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Հայաստանի համար առանձնանում է նրանով, որ մեր երկիրը նախագահի մակարդակով դրան մասնակցում է առաջին անգամ: Պատճառն այն էր, որ նախորդ գագաթնաժողովների ժամանակ ԼՂ հակամարտության կագավորմանն առնչվող այնպիսի ձևակերպումներ էին հնչում, որոնք չէին կարող ընդունելի լինել Հայաստանի համար:

Մասնավորապես, խոսքը վերաբերում էր նրան, որ ՆԱՏՕ-ի նախորդ գագաթնաժողովների ժամանակ ընդունած փաստաթղթերում աջակցություն էր հայտնում ԼՂ հակամարտության կարգավորման երեք սկզբունքներից մեկին' տարածքային ամբողջականությանը: Ըստ «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանի, ՀՀ ղեկավարությունն ընդունեց ճիշտ որոշում' հասկանալով, որ լուռ կամ ոչ ուղղակի անհամաձայնությունն այդ ձևակերպումներին կարող է չլինել նույնքան արդյունավետ, որքան մասնակցելով և հստակ արտահայտելով սեփական դիրքորոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս հարցում շատ կարևոր է ոչ միայն նախագահի մասնակցությունը, այլև ելույթը:

«Նախագահն ասաց, որ հարևան երկրում ունենք բռնապես ղեկավար: Սա լուրջ հայտարարություն է, քանի որ այլ բան է, երբ խոսում է վերլուծաբանը կամ իրավապաշտպան կազմակերպությունը, այլ բան, երբ այդ մասին ուղիղ խոսքով արտահայտվում է երկրի նախագահը նման կարևոր գագաթնաժողովին»,- ասաց Կարեն Բեքարյանը: Քաղաքագետի գնահատմամբ, հատկապես սահմանային վերջին սրացումներից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետությունների պատասխանատվությունը մեծացել է: Նրանք ամեն ջանք փորձում են գործադրել, որպեսզի Ադրբեջանը զուսպ կեցվածքը ընդունի, ինչի շնորհիվ հնարավոր լինի կառուցողական երկխոսությունը շարունակել ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ: Քաղաքագետի գնահատմամբ, եթե գագաթնաժողովի ընթացքում ընդունվի փաստաթուղթ, որը պարունակի նույն դոգմատիկ բնույթը, ապա չի բացառվում, որ Ադրբեջանի պահվածքը լինի ավելի կոշտ, ցինիկ և սադրիչ:

 

***

 

Ուրբաթ օրը որոշիչ կլինի աշխարհի համար

 

Արևմտյան երկրների ղեկավարների հետ հանդիպումից հետո ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին Պյոտր Պորոշենկոն հայտարարել է կրակի դադարեցման մասին իր պատրաստակամությունը' ուրբաթ օրը Մինսկի խմբի հետ կայանալիք հաջող բանակցությունների ավարտից հետո:

Նախատեսվում է, որ բանակցությունների կմասնակցեն նաև Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Քուչման, աշխարհազորի ղեկավարները, Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխաիլ Զուրաբովը և ԵԱՀԿ ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում ստորագրվելու է խաղաղության պլանի փուլային ներդրման փաստաթուղթը:

Հետևելով Պորոշենկոյին' կրակի դադարեցման վերաբերյալ իրենց պատրաստակամությունն են հայտնել ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները: Այս մասին ասվում է ԴԺՀ վարչապետ' Ալեքսանդր Զախարչենկոյի և ԼԺՀ վարչապետ՝ Իգոր Պլոտնիցկիիի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

 

***

 

Մեղրիի մաքսակետում կանխվել են թմրամիջոցի ապօրինի տեղափոխման մի շարք փորձեր

 

Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչությունը Մեղրիի մաքսակետում 2014-ի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում մաքսային կանոնների խախտման 12 դեպք է հայտնաբերել, որոնց մեջ գերակշռել են թմրամիջոցի ապօրինի տեղափոխման փորձերը: Հունվարին բեռնատարի կցորդում հատուկ հարմարեցված թաքստոցից շուրջ 1 տոննա «հերոին» տեսակի թմրամիջոցի բացահայտումից հետո վարչության աշխատակիցները շարունակել են հետևողական վերահսկողությունը' կանխելով մի շարք այլ փորձեր:

Ընդհանուր առմամբ, Մեղրիի մաքսակետով 11 դեպքով հայտնաբերվել է ավելի քան 3կգ թմրամիջոց: Հիմնականում Իրանի քաղաքացիներ, դիմելով տարբեր հնարքների, գրպանում, դրամապանակում, ուղեբեռում, ճամպրուկում թաքցրած փորձել են տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ ներկրել:

Վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով օրերս էլ Իրանի մի քաղաքացու պայուսակից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված, պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 3 կտոր մուգ շագանակագույն ափիոնանման զանգված' 127 գրամ ընդհանուր քաշով: Մեկ այլ դեպքով էլ Իրանի մի քաղաքացու պատկանող ավտոմեքենայի զննմամբ վարչության աշխատակիցները հատուկ հարմարեցված թաքստոցներից հայտնաբերել են ընդհանուր 2.6 կգ մուգ կանաչ գույնի, չոր կանեփանման զանգված և ավելի քան 500 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ:

 

***

 

Երկու դրական տարր՝ Ուելսի եռակողմ հանդիպումից

 

Ուելսում շարունակվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Սերժ Սարգսյան-Ջոն Քերի-Իլհամ Ալիև եռակողմ հանդիպումն իր նշանակությամբ կարևոր է, պարունակում է դրական տարրեր, սակայն հանդիպման արդյունավետությունը պարզ կդառնա գագաթնաժողովի ավարտին փաստաթղթղի հրապարակումից հետո: Տեսակետը «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանինն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, քաղաքագետն առանձնացնում է երկու դրական տարր, որոնք առանձնահատուկ են դարձնում եռակողմ հանդիպումը: «Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ կողմ է մասնակցելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած հանդիպման, և այդ առումով հանդիպումն ու Քերիի հայտարարությունը, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, դրական են գնահատվում:

Ուելսի հանդիպումը կարևոր է նաև այն հանգամանքով, որ ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ պետությունների մասնակցության մենաշնորհ չեղավ»,- ասաց Բեքարյանը' նկատի ունենալով այն հանգամանքը, որ օգոստոսի սկզբին ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ Սոչիում եռակողմ հանդիպումը կայացել էր ռուսական կողմի միջնորդությամբ:

Քաղաքագետն առաջարկում է սպասել մինչև գագաթնաժողովի ավարտն ու ընդունված փաստաթղթի հրապարակումը' պարզելու Քերիի հետ հանդիպման արդյունավետությունը: «Եթե ընդունված փաստաթուղթը պարունակելու է նույն դոգմատիկ արտահայտություններն, ինչ նախորդ տարիներին, երբ ՆԱՏՕ-ն աջակցություն էր հայտնում ԼՂ հակամարտության կարգավորման երեք սկզբունքներից տարածքային ամբողջականությանը, ապա հանդիպումը կկորցնի իր նշանակությունը»,- ասաց Բեքարյանը:

 

***

 

Ռուստամյանը դեմ չէ Քոչարյանի վերադարձին

 

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը դեմ չէ ՀՀ երկրորդ նախագահի վերադարձին քաղաքականություն: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանը նշեց, որ ինքը որևէ մեկի վերադարձին դեմ չէ: «Թող միշտ էլ լինեն քաղաքական դաշտում և իրենց փորձը, գիտելիքներն ի նպաստ բերեն մեր երկրին, ժողովրդին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավելեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

Հարցին, թե կսատարի՞ ՀՅԴ-ն Ռոբերտ Քոչարյանին, եթե նա որոշի վերադառնալ քաղաքականություն, Ռուստամյանը պատասխանեց, որ ՀՅԴ-ն սատարելու է իր մոտեցումները: «Խնդիրն այն է, որ երբ մենք մեր մոտեցումներով ենք ներկայանում, ասում ենք' երկրորդական է անձը, հետո պարզվում է, որ այդ մոտեցումներից որևէ մեկը պաշտպանում են, ու այդ ժամանակ մեզ ասում են' դուք դա արել եք, որ մտնեք կոալիցիա, կամ սրան-նրան պաշտպանելու համար եք սա մտածել»,- մանրամասնեց նա:

Ըստ ՀՅԴ պատգամավորի' ընդդիմադիր դաշտում կուսակցություններ կան, որ չեն ընդունում ՀՅԴ-ի առաջարկած յոթ կետերը, սակայն ուզում են համագործակցել: «Ինձ համար ինչ տարբերություն, երբ այն քաղաքական ուժերը, որ չեն ընդունում մեր յոթ կետերը, բայց ասում են' քանի որ մենք ընդդիմության մեջ ենք, եկեք իրար հետ սերտ համագործակցենք: Սերտ համագործակցենք' որ ի՞նչ: Որ մեկը գա, դառնա նախագահ ու հիմա էլ իրենից պահանջենք, որ անցնենք խորհրդարանական համակարգի. թե՞ այն բանաձևն են օգտագործում, որ մենք գանք, հետո դա անենք: Դա նմանվում է նրան, որ թողեք մի քիչ նստեմ ե ս այս աթոռին, հետո հանեք աթոռը տակից»,- ասաց պատգամավորը:

 

***

 

ԱՄՆ-ը կոալիցիա է ստեղծում Իրաքում ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու համար

 

ԱՄՆ-ը կոալիցիա է ստեղծում դաշնակից երկրների հետ' «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» (ԻԼԻՊ) դեմ պայքարելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Ուելսում ՆԱՏՕ-ի համաժողովի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին: Նա դիմել է 10 երկրների ներկայացուցիչներին, ովքեր մասնակցել են համաժողովին: Այնտեղ ներկա էին Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Իտալիայի, Կանադայի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ֆրանսիայի պաշտպանության և ԱԳ նախարանները:

«Մենք պետք է հարձակում գործենք ԻԼԻՊ-ի վրա, որպեսզի կանխենք դրա կողմից նոր տարածքների գրավումը՝ այդպիսով աջակցելով Իրաքի անվտանգության ուժերին»,- նշել է Քերին՝ ավելացնելով, որ կոալիցիայի երկրները մտադիր չեն իրենց զինված ուժերը մտցնել Իրաքի տարածք:

Ավելի վաղ Իրաքի Նախագահ Ֆուադ Մաասումը նշել է, որ Իրաքին անհրաժեշտ է միջազգային հանրության օգնությունը' ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու համար: «Եթե ԻԼԻՊ-ը հաղթի Իրաքում, իսլամիստական կազմակերպությունը կարող է տարածվել այլ երկրներում»,- ասել է Իրաքի Նախագահը՝ հավելելով, որ իր երկիրը հաջողության կարող է հասնել ԱՄՆ-ի և հարևան երկրների հետ համագործակցության արդյունքում:

Ֆուադ Մաասումը նշել է, որ իրենք դեռ չեն դիմել ՆԱՏՕ-ի օգնությանը, սակայն օգնության խնդրանքով դիմել են Դաշինքի առանձին անդամներին: «Մեզ անհրաժեշտ է ժամանակակից զենք և մասնագետների օգնություն, իսկ ռազմական գործողություններն ԻԼԻՊ-ի դեմ կարող ենք կազմակերպել ինքնուրույն»,- ընդգծել է նա:

 

***

 

Հայկական բանակը Ադրբեջանին պարտադրեց գնալ բանակցությունների. Արմեն Ռուստամյան

 

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը գտնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներն ավելի լավ են, քան պատերազմները, սակայն այդ հանդիպումներից մեծ ակնկալիքներ չունի:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց, որ քանի դեռ Ադրբեջանը չի փոխել իր սադրիչ քաղաքականությունը, և շատ հարցերում ուղղակի հնարավոր չէ այդ երկրի հետ համաձայնության հասնել , այդ հանդիպումներից մեծ ակնկալիքներ չունի:

«Ինչպե՞ս կարելի է բանակցել մի կողմի հետ, որը բացարձակապես չի պատկերացնում՝ իր զիջումները որոնք պիտի լինեն։ Այն, ինչ Ադրբեջանը ներկայացնում է, դա միակողմանի զիջումներ է ենթադրում հայկական կողմից: Եթե մի ձեռքով բանակցությունների մեջ ես, մյուս ձեռքով՝ պատերազմի դաշտում, սա չի կարող համարվել նորմալ գործընթաց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ռուստամյանը։

Պատգամավորը կարծում է, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը չէր կարող Պուտինի հետ հանդիպմամբ սահմանափակվել, քանզի մանդատը մեկն է՝ եռանախագահներ կան, և այդ եռանախագահների մանդատը չի կարող փոխվել որևէ այլ ձևաչափով։ «Եվ կարծում եմ, որ դրա պատճառով է, որ այդ հանդիպմանը հետևել է նաև հանդիպումը Ջոն Քերիի հետ, և չեմ բացառում, որ լինի նաև հանդիպում ֆրանսիական կողմի հետ, որը նորմալ եմ համարում»,- պարզաբանեց Ռուստամյանը:

Հարցին, թե արդյոք որևէ դինամիկա տեսնու՞մ է այս հանդիպումներում, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ իր կարծիքով՝ դինամիկան պարտադրել է հայկական բանակը, երբ հետ է մղել հակառակորդի լայն ճակատով հարձակումները։ Ըստ Ռուստամյանի՝ սա ստիպեց ադրբեջանական կողմին նորից գալ բանակցությունների:

 

***

 

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը ձգձգվում է Ադրբեջանի պատճառով. Վահրամ Բաղդասարյան

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների ձգձգման պատճառն Ադրբեջանի վարած քաղաքականությունն է: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Տարբեր ատյատներում նշվում է, որ մենք բոլորս արագացման կողմնակից ենք, և բոլորն էլ փաստում են նաև այն, որ կողմնակից են հարցի խաղաղ կարգավորմանը, այդ թվում՝ Արդրբեջանը, բայց եթե արմատական ուսումնասիրություններ ենք կատարում, պարզվում է, որ մեր ագրեսոր հարևանն ինքն է այդ ձգձման պատճառը, որովհետև հանդիպումներից անմիջապես հետո ռազմատենչ հայտարարություններ է անում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բաղդասարյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը դրական է գնահատում այն հանգամանքը, որ բանակցություններն ակտիվացել են՝ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումները: Պատգամավորը նաև նկատում է, որ Սոչիում կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունն էլ որոշ չափով պակասել է, ինչը ևս կարելի է դրական համարել:

Պատգամավորը նաև կարծիք հայտնեց, որ վերջին շաբաթների ընթացքում սահմանին ադրբեջանական կողմի սանձազերծած լարվածությունը մեկ նպատակ ուներ. Ալիևը ցանկանում էր հանդիպումից առաջ նման իրավիճակ ստեղծել և հետո իր մեթոդներով դա հայկական կողմին վերագրել, սակայն դա նրա մոտ չստացվեց:

 

***

 

Հայաստանի ներդրումն ISAF-ում ավելի մեծ է, քան ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցներինը. Քեթրին Լիչ

 

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչը դեսպանության բլոգում անդրադարձել է ՆԱՏՕ-ի' Ուելսում տեղի ունեցած գագաթաժողովին' բարձր գնահատելով Հայաստանի ներդրումը Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) գործողություններում և կարևորելով Հայաստանի հետ համագործակցության հետագա ամրապնդումը:
«Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ այն երկրներից մեկն է, որ վերջին տասը տարում բացառիկ կերպով հավատարիմ է եղել Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղապահ առաքելություններին մասնակցելու պարտավորությանը: Հայաստանի ներկայիս ներդրումը ISAF-ում ավելի մեծ է, քան ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցներինը, և միայն աննշան կերպով է զիջում Ֆրանսիայի ունեցած ներդրմանը:

Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշել է դեսպան Լիչը՝ հավելելով, որ իրենք ցանկանում են ամրապնդել համագործակցությունը ՆԱՏՕ-ի ամենաարժեքավոր գործընկերների, այդ թվում՝ Հայաստանի հետ:

«Ձախողված պետությունների, տարածաշրջանային հակամարտությունների, ահաբեկչության և կիբեռհարձակումների անկայուն աշխարհում ավելի քան երբևէ կարևոր է համատեղ աշխատանքը' պաշտպանության և համագործակցության գործում: Մենք ցանկանում ենք աշխատել նրանց հետ, ովքեր կիսում են մեր արժեքները և արժեվորում մեր համագործակցությունը»,- հավելել է դիվանագետը:

Սեպտեմբերի 4-ին Ուելսում մեկնարկել է ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովը, որին մասնակցում է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի /ISAF/ առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը:

Գագաթաժողովի շրջանակում ԱՄՆ-ի միջնորդությամբ տեղի է ունեցել նաև Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր:

 

***

 

Հանդիսավոր նիստով նշվեց արտակարգ իրավիճակների աշխատակիցների օրը

 

Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստ:

Ներկա էին ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանը, արդարադատության նախարար Հ. Մանուկյանը, գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, ոստիկանապետ Վ. Գասպարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Ա. Հովսեփյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանը, Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանը, ինչպես նաև պաշտպանության փոխնախարար Ա. Նազարյանը և ԱԱԾ պետի տեղակալ Ա. Հարությունյանը:

Նիստի սկզբում հնչեց ՀՀ պետական օրհներգը և հանդիսավորությամբ դահլիճ բերվեց ԱԻՆ դրոշը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը՝ շնորհավորելով տոնի կապակցությամբ ու ամփոփելով արված աշխատանքը.
- Արտակարգ իրավիճակների համակարգի ձևավորման 23-րդ տարեդարձն է: Ինչքան էլ օրը տոնական լինի, ակամա հետադարձ հայացք ես ձգում անցած տարիներին՝ ինչու և ինչպես ստեղծվեց այս համակարգը: Սպիտակի երկրաշարժը որպես դեռ չսպիացած վերք, որպես մշտական հիշեցում, որպես չլռող ահազանգ՝ մեր մշտական ուղեցույցն է:

Ոչ միայն մեզ մոտ, այլև ամբողջ աշխարհում աճում են բնական ու տեխնածին աղետները, մեծանում է տուժածների թվաքանակը: Անընդհատ ահագնացող այս մարտահրավերները մի նախարարության ուժերով դիմագրավել չես կարող, ուստի մենք ձևավորեցինք երկրի ամբողջ ներուժը ներգրավող աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ, համատեղ մշակեցինք ԱՌՆ ազգային ռազմավարություն, ունենք միջգերատեսչական համագործակցության արդյունավետ համակարգ ու շարժվում ենք աշխարհին համաքայլ:

Ես հպարտ եմ, որ այսպիսի թիմ ունեմ, ուժեղ, հզոր, բազմաքանակ ու պրոֆեսիոնալ, և նրանց հետ կյանքի ենք կոչում գործուն ու կարողունակ արտակարգ իրավիճակների նախարարության տեսլականը:

Ես շնորհակալ եմ մեր երկրի ղեկավարությանը՝ համակարգի նկատմամբ ցուցաբերած ուշադրության ու հոգատարության համար: Շնորհակալ եմ նախարարություն-գերատեսչությունների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև լրատվամիջոցների, իմ բոլոր գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար:

Իմ շատ սիրելի աշխատակիցներ, շնորհավորում եմ բոլորիս տոնը, ցանկանում առաջին հերթին խաղաղություն մեր օջախներին, սեր, բարօրություն, բարեկեցություն ու երջանկություն:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վ. Մակարյանն ընթերցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ, որտեղ մասնավորապես ասված էր.
- Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատողներ և վետերաններ, շնորհավորում եմ ձեզ՝ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ:

Սպիտակի երկրաշարժը վերապրած, բնական ու տեխնածին բազմաբնույթ մարտահրավերների ենթակա մեր երկրի համար ձեր նախարարության ստեղծումը պարզապես հրամայական էր: ԱԻՆ-ը մեր հանրապետության երիտասարդ նախարարություններից է և արդեն հասցրել է ոչ միայն կայանալ, այլև՝ դառնալ մեր ժողովրդի համակրանքն ու վստահությունը վայելող, մեր երկիրն արժանապատվորեն ներկայացնող և միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող կառույց՝ ձեր հետևողական մասնագիտական աշխատանքի շնորհիվ:

Այսօր մեր ժողովուրդը, հանձինս ձեզ, ունի իր կողքին կանգնած, պատրաստակամ, անընդհատ զարգացող ու ընդլայնվող պետական մարդասիրական կառույց: Այսպիսի վերելքը ենթադրում է նաև մեծ պատասխանատվություն և աճի տեմպերի պահպանում:

Ես արդեն տեսնում եմ, թե ինչպես եք կյանքի կոչում իմ հանձնարարականը՝ որակյալ ծառայությունները հասցնել հեռավոր, հատկապես սահմանամերձ համայնքներ: Նախարարության հայրենանվեր աշխատակիցների պարտքն է՝ պաշտպանել մեր բնակիչներին ոչ միայն աղետներից, այլև չավարտված պատերազմի վտանգներից:

Կրկին շնորհավորելով Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ՝ մաղթում եմ, որ նույն մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, մարդկային որակներով և արժանապատվությամբ շարունակեք իրականացնել բնակչության ու տարածքների պաշտպանության ձեր առաքելությունը: Մաղթում եմ ձեզ անփորձանք աշխատանք, իսկ ձեր ընտանիքներին՝ բարօրություն և երջանկություն:

ՀՀ Նախագահի որոշմամբ՝ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հ. Անտոնյանը և «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից Ս. Ղազարյանը պարգևատրվեցին «Մարտական ծառայության համար» մեդալով: Նույն ՊՈԱԿ-ի աշխատակից Կ. Հարությունյանը պարգևատրվեց ՀՀ Նախագահի շնորհակալագրով:

Ս. Սարգսյանի հրամանագրով՝ ՓԾ տնօրեն Ս. Ազարյանին շնորհվեց փ/ծ գեներալ-լեյտենանտի կոչում, իսկ ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Հ. Հակոբյանին և պետական ռեզերվների գործակալության պետ Ս. Շահինյանին՝ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

ՀՀ Վարչապետ Հ. Աբրահամյանը նույնպես կառավարության և իր անունից ջերմորեն շնորհավորեց ԱԻՆ աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի առթիվ.
- Փրկարարը կոչում է, որը դուք կրում եք արժանապատվորեն՝ պատրաստ լինելով օգնության հասնել մարդկանց ծանր իրավիճակներում: Հպարտությամբ պիտի նշեմ, որ մեր փրկարարների աշխատանքը չի սահմանափակվում միայն մեր երկրի տարածքով, այլև՝ բարձր գնահատականի է արժանացել Հայաստանի սահմաններից դուրս, ինչը նպաստել է մեր երկրի հեղինակության բարձրացմանը:

ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվեցին ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մ. Պողոսյանը և «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից Ս. Մխիթարյանը: ԱԻՆ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ա. Գրիգորյանին և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Գրիգորյանին հանձնվեցին պատվոգրեր՝ վարչապետ Հ. Աբրահամյանի կողմից:

ՀՀ արդարադատության նախարարն իր խոսքում նշեց, որ ցանկացած պետական կառույցի և պաշտոնյայի գնահատականը ժողովրդի վերաբերմունքն է: ԱՆ կողմից Հ. Մանուկյանն ԱԻ նախարարին և փոխնախարար Դ. Կարապետյանին հանձնեց «Ներսես Շնորհալի» հուշամեդալներ:

ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը ևս փաստեց, որ կա ԱԻ կառավարման կայացած համակարգ՝ ընդգծելով, որ այդ գործում մեծ է ԱԻ նախարար Ա. Երիցյանի անձնական ներդրումը: Գլխավոր դատախազը հուշամեդալներ հանձնեց ԱԻ նախարար Ա. Երիցյանին, փոխնախարար Հ. Մխիթարյանին և աշխատակազմի ղեկավար Հ. Հակոբյանին:

Միանալով բոլոր շնորհավորանքներին՝ ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը հավաստեց, որ ոստիկանները բոլորից լավ են պատկերացնում փրկարարի աշխատանքը, քանի որ շատ հաճախ միասին են լինում դեպքի վայրերում.
- Շնորհակալ եմ ձեզ՝ բոլոր փրկված կյանքերի համար: Աստված բոլորիդ պահապան,- ասաց Վ. Գասպարյանը:

Ոստիկանապետն ԱԻ նախարարին հանձնեց «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշան, իսկ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրելյանին՝ «Մարտական զորակցության համար» մեդալ:

Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանն իր խոսքում նշեց քաղաքապետարանի հետ արդյունավետ համագործակցությունը և արձանագրեց, որ նախարարությունը ձեռքբերվածով չի սահմանափակվում:

ԱԻ աշխատողի օրվա կապակցությամբ՝ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալներով պարգևատրվեցին ԱԻ նախարար Ա. Երիցյանը և ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը: «Երևան քաղաքի պատվավոր փրկարար» հուշամեդալ ստացան ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը և ԱԻ նախարարի գլխավոր խորհրդական Օ. Ավանեսյանը:

Հատուկ քննչական ծառայության պետը նույնպես մեդալ հանձնեց ԱԻ նախարարին: Պաշտպանության նախարարի շնորհավորական ուղերձում նշվում էր հատկապես ԱԻ նախարարության շատ աշխատակիցների անուրանալի ծառայությունն Արցախյան պատերազմի տարիներին:

Հանդիսավոր նիստի ընթացքում շնորհավորանքի խոսքեր հնչեցին նաև Քննչական կոմիտեի և ԱԱԾ կողմից: ԱԻ նախարարության բազմաթիվ աշխատակիցներ բարեխիղճ ծառայության և մասնագիտական հաջողությունների համար արժանացան մեդալների, պատվոգրերի ու շնորհակալագրերի ոչ միայն ԱԻ նախարարության, այլև՝ գործընկեր գերատեսչությունների կողմից: