Պաշտոնական Ստեփանակերտը ողջունում է Ուելսում կայացած Սարգսյան-Քերի-Ալիև եռակողմ հանդիպումը և հանդիպման կարևոր առանցքն է համարում այն հանգամանքը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շեշտում է արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չլինելը: «Սա շատ կարևոր է, քանի որ շեշտվում է հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությո ւնը: Սա նաև Ադրբեջանին ուղղված մեսիջ է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ ընդգծելով, որ դա հանդիպման ամենաշոշափելի պահն էր:

 

Միևնույն ժամանակ, Դավիթ Բաբայանը կարծում է, որ պետք չէ մտածել, որ մի հանդիպման ժամանակ ամեն ինչ կկարգավորվի: «Բայց այն, որ բոլորը շեշտում են խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, սա առանցքային գաղափար է»,- ասաց Բաբայանը:

 

Դիտարկմանը, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ևս մեկ հանդիպում պատրաստվում է կազմակերպել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակն ընդգծեց, որ Ստեփանակերտը ողջունում է այդպիսի հանդիպումները, հատկապես, որ դրանք նպաստում են խաղաղ կարգավորմանը: «Կարգավորումը, որպեսզի համապարփակ լինի, անհրաժեշտ են մի շարք մոտեցումներ: Կա ձևաչափի էական փոփոխման անհրաժեշտություն: Այս տեսանկյունից անհրաժեշտ է վերականգնել այն ձևաչափը, որն ի սկզբանե դրվել էր Մինսկի խմբի գործունեության հիմքում, այսինքն' Արցախ-Հայաստան-Ադրբեջան և միջնորդ երկրներ: Այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի պատկերացնել, որ գործընթացը նոր թափ կստանա, սակայն պետք չէ մտածել, որ հարցն անմիջապես կկարգավորվի»,- ասաց Բաբայանը՝ ընդգծելով, որ սա շատ երկար գործընթաց է:

 

Բաբայանը նշեց, որ առանց լիարժեք ձևաչափի վերականգնման գործընթացն էլ ավելի կձգձգվի, ընդ որում, նա նկատում է, որ Արցախը պետք է մասնակցի ոչ թե ինչ-որ մի փուլի, այլ ողջ գործընթացին: «Սա տրամաբանությունից բխող մոտեցում է և իրատեսական է: Այլ տարբերակ չկա. խաղաղ կարգավորման ցանկություն, լիարժեք ձևաչափ և նաև Ադրբեջանը պետք է հասկանա, որ վերադարձ անցյալին չի լինելու»,- եզրափակեց Բաբայանը:

 

Նյուպորտում Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպումը կայացել է սեպտեմբերի 4-ին: Հանդիպումը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր: Կողմերը ներկայացրել են իրենց երկրների դիրքորոշումները բանակցային գործընթացում: