Արցախյան հակամարտության կարգավորման ուղղությամբ տեղի ունեցող հանդիպումներից Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումը թերևս շատ թե քիչ արդյունավետն էր, համենայն դեպս այնքանով, որ ձեռք բերվեց համաձայնություն մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման հարցում, և Ադրբեջանը, որ նախկինում չէր ընդունում հայկական կողմի նախապայմանները' հենց հետաքննության մեխանիզմների հետ կապված:

 

Նաև արդյունավետ կարելի է համարել 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտության մասին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ ձեռքբերված համաձայնությունները:

 

Ասում եմ «շատ թե քիչ» արդյունավետ, որովհետև հենց բանակցելու պահին հրադադարի խախտումներն Ադրբեջանի կողմից շարունակվում էին: Այս գիշեր թեև շփման գծում հարաբերական հանգիստ է եղել, բայց փորձը մեզ ցույց է տալիս, որ նմանատիպ հարաբերական հանգիստը գրեթե բոլոր դեպքերում ժամանակավոր բնույթ է կրում և որոշ ժամանակ անց իրավիճակը կրկին սկսում է լարվել:

 

Պատճառը, ըստ իս, հարցի լուծման ընդունված ձևաչափի անարդյունավետությունն է ընդհանուր առմամբ, և Արցախի անկախության ճանաչումը մեր կողմից հիանալի հնարավորություն կլիներ այդ ձևաչափից դուրս գալու: Ցավոք, դա տեղի չունեցավ և հիմա նորից մտնում ենք նույն ցիկլի մեջ: Մնում է միայն հուսալ, որ առաջացած հարաբերական հանգիստը գոնե հնարավորինս երկար կտևի:

 

Կարեն Վարդանյան