Ի՞նչ կտա Սարգսյան-Ալիև հերթական հանդիպումը:
Իմ կարծիքով՝ էական ոչինչ, լավագույն դեպքում հանդիպումից հետո մի քանի օր շփման գծում լարվածությունը կթուլանա, Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերը կնվազեն, բայց լավագույն դեպքում այն երևի կտևի մի քանի օր, որովհետև, ցավոք, փորձն է այդպես ցույց տալիս: Եվ այդպես կլինի, եթե այս հանդիպումն էլ կրի դեկլարատիվ բնույթ, եթե ավելի կոնկրետ հարցեր չբարձրացվեն, նաև որոշակի պահանջներ չներկայացվեն:
Օրինակ, ներկա իրավիճակում առավել քան կարևոր է «Ռոյս-Էլիոթ» առաջարկի ընդունումը և նախաձեռնությունը կյանքի կոչելը: Դա կլինի այն արդյունավետ քայլը, որը իսկապես կնպաստի լարվածության թուլացմանը սահմանագծում և կզսպի Ադրբեջանի ագրեսիան:
Սակայն, եթե սպասենք, թե առաջարկը կընդունվի, միգուցե այդպես սպասողի դերում էլ մնանք: Ուստի հայկական կողմին անհրաժեշտ է ավելի հետևողական լինել և խնդիրն ավելի հստակ դնել, ինչու՞ չէ՝ նաև կոշտացնել դիրքորոշումը, քանի որ Ադրբեջանն իր պահվածքով թույլատրելիի սահմանն արդեն անցել է, ինչը մեզ արդեն կարող է ավելի կոշտ դիրքորոշում արտահայտելու հիմք տալ:
Հուսով եմ, Հայաստանի արտգործնախարարն էլ իր հերթին մի պահ հետին պլան կմղի երրորդ աշխարհի պետությունների հետ հարաբերությունների հաստատման ոչ կարևոր գործերը և իր ողջ կարողություններն ու եռանդը կնվիրի հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված բանակցային գործընթացում որոշ առաջընթացի հասնելուն, իսկ ավելի կոնկրետ՝ ձգտելուն ամեն կերպով հասնել նրան, որ միջազգային կառույցները ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա և ստիպեն ընդունել «Ռոյս-Էլիոթ» առաջարկը, քանի որ բոլորս էլ հասկանում ենք, որ հակառակ դեպքում իրավիճակը ավելի կսրվի, ադրբեջանական յուրաքանչյուր դիվերսիայի փորձին կհետևի հայկական կողմի պատասխանը, որը կլինի ավելի կոշտ, ինչը կբերի արդեն պատերազմի բառացի վերսկսմանը:
Իհարկե, դա նույնպես խնդրի լուծման ձևերից մեկն է և միգուցե այդ դեպքում ստեղծվի նոր անվտանգության գոտի, որի մեջ կներառվի Ադրբեջանի ևս մի քանի շրջան, սակայն ամեն դեպքում գերադասելի է, և մեզ համար առաջնայինը պետք է լինի հարցի լուծման խաղաղ ճանապարհը:
Կարեն Վարդանյան