Պաշտոնական Մոսկվան հերքել է ռուսական մամուլի հրապարակումները, թե Կրեմլը փորձում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում կազմակերպել: «Դա իրականությանը չի համապատասխանում»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Ռուսական ԱԳՆ նման արձագանքը կարելի է համարել անսպասելի, հաշվի առնելով այն փաստը, որ ռուսական կողմը պատեհ–անպատեհ առիթներով մշտապես ձգտում է մեկ բաժակ սուրճի շուրջ հավաքել Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին՝ բանակցային գործընթացում թեկուզ չնչին ակտիվության իմիտացիա ստեղծելու համար:

Հիմա Մոսկվայում ասում են, թե չեն նախաձեռնում Սարգսյան-Ալիև հանդիպում, երբ դրա կայացման մասին տեղեկատվական հոսքն արդեն իսկ որոշակիորեն լիցքաթափում է լարվածությունը հակամարտության գոտում: Պաշտոնական Կրեմլի նման պահվածքը երկու բացատրություն ունի: Գաղտնիք չէ, որ Մոսկվան Արցախյան հակամարտության կարգավորումը մշտապես օգտագործել է սեփական միջազգային կշիռը բարձրացնելու համար, այստեղից էլ՝ Պուտինի նախաձեռնողականությունը և Մոսկվայի ակտիվությունը կողմերին հաշտեցնելու գործում: Մոսկվային հիմա օդ ու ջրի պես դիվանագիտական հաջողություններ են պետք` միջազգային մեկուսացումը հաղթահարելու համար, իսկ Կրեմլում վստահ են, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը, մեծ հաշվով, ավարտվելու է անարդյունք` որևէ դիվիդենտ չբերելով Ռուսաստանին:

Եվ երկրորդ պատճառը՝ Ռուսաստան- Արևմուտք համագործակցության քիչ թե շատ գործուն շրջանակն այս պահին միայն Մինսկի խումբն է: Մինսկի խմբի անդամ պետություններից Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշեն Ադրբեջանում ասել է, որ Ֆրանսիան միշտ պատրաստ է կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում: Նա հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը կողմ է Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը եւ Ֆրանսիան վճռական դիրքորոշում ունի Ղարաբաղի հարցում: Հետևաբար, կարելի է ենթադրել, որ ընդհանուր որոշում կա, ըստ որի՝ այս անգամ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ընդունելու է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը: Վերջին օրերին Արցախյան խնդրի զարգացումներին զուգահեռ տեղի ունեցան Թրամփ-Պուտին առաջին հանդիպումն ու Մակրոն-Թրամփ հանդիպումը: Ու թեեւ այստեղ օրակարգում չի խոսվել Կովկասի եւ, մասնավորապես, Արցախի մասին, այդուհանդերձ, ակնհայտ է, որ ազդեցությունը անկասկած լինելու է:

 

Ստելլա Խաչատրյան