«Mediamall.am»-ը ներկայացնում է անցնող օրվա կարևորագույն իրադարձությունները.
Թուրքիայում այսօր ընտրում են նոր' 12-րդ նախագահին
Թուրքիայի բնակիչներն օգոստոսի 10-ին առաջին անգամ ուղղակի քվեարկության միջոցով ընտրում են երկրի 12-րդ նախագահին. մինչ այս երկրի նախագահն ընտրվում էր մեջլիսում անցկացվող քվեարկությամբ: Նախագահին երկրի 165 հազար 108 ընտրատեղամասերում կընտրի քվեարկելու իրավունք ունեցող 52 միլիոն 894 հազար 115 մարդ:
Թուրքիայի նախագահի աթոռին տիրանալու համար մրցում են երեք թեկնածուներ՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական և «Ազգայնական շարժում» կուսակցությունների առաջադրած միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշը:
Ընտրությունները, որոնք մեկնարկել են Թուրքիայի ժամանակով 08:00-ին, կավարտվեն 17:00-ին: Թուրքիայի՝ արտերկրում բնակվող քաղաքացիներն արդեն իսկ կատարել են իրենց ընտրությունը, սակայն նրանց ձայները կհաշվարկվեն տեղական ընտրությունների ավարտից հետո միայն:
Նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները բարձրագույն ընտրական հանձնաժողովը կհրապարակի օգոստոսի 15-ին: Եթե թեկնածուներից որևէ մեկը չկարողանա հավաքել ձայների 51 տոկոսը, ապա ընտրությունները կտեղափոխվեն երկրորդ փուլ: Երկրորդ փուլում քվերակությունն արտերկրում գտնվող Թուրքիայի քաղաքացիների համար հնարավոր կլինի օգոստոսի 17-ից մինչև 20-ը, իսկ Թուրքիայի ընտրատեղամասերում ընտրելու հնարավորություն կտրվի օգոստոսի 24-ին:
Մինչև Թուրքիայի ժամանակով 18:00-ն թուրքական հեռուստաընկերություններով և ռադիոյով արգելվել է որևէ հաղորդում, մեկնաբանություն կամ կանխատեսում՝ կապված ընտրությունների և դրանց արդյունքների հետ: Իսկ 18:00-ից հետո մինչև 21:00-ը կթույլատրվի հեռարձակել միայն բարձրագույն ընտրական հանձնաժողովի տրամադրած տեղեկությունները: Հետաքրքիր է, որ ընտրության օր՝ մինչև 24:00-ն, երկրում արգելվել է ցանկացած վայրում ալկոհոլի վաճառքը:
Չնայած վերջին ամիսներին Թուրքիան ցնցած կոռուպցիոն բացահայտմանը և այն մեծ աղմուկին, որը բարձրացել էր Էրդողանի անվան շուրջ, այդուհանդերձ ընտրություններից առաջ իրականացված բոլոր սոցհարցումների արդյունքներով միանձնյա առաջատարը ներկայիս վարչապետն է:
Սոցհարցումների արդյունքները ցույց են տալիս, որ նա հենց առաջին փուլում կկարողանա հավաքել անհրաժեշտ քվեներն ու ընտրվել Թուրքիայի 12-րդ նախագահ: Էրդողանի՝ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում ակնհայտ է, որ առաջիկա տարիներին էլ երկրի վարած քաղաքականությունը փոփոխություն չի կրի, իսկ ներկայիÕ ½ վարչապետը՝ արդեն նախագահի աթոռին նստած, մեկ քայլով ևս կմոտենա հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հեղինակությանը հասնելու իր մոլուցքին:
***
Պուտինը տվել է ռուս-ամերիկյան նավթային ծրագրի մեկնարկը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիից տեսակամրջի միջոցով ազդարարել է Արկտիկական ծովի Ռուսաստանին պատկանող հատվածում հետախուզական նավթահորի հորատումը, որը իրականացվում է ռուսաստանյան «Ռոսնեֆտ» և ամերիկյան «Էքզոն Մոբիլ» ընկերությունների համատեղ ջանքերով:
«Մեր օրերում կոմերցիոն հաջողության հիմքում ընկած է արդյունավետ միջազգային համագործակցությունը», - ասել է Ռուսաստանի նախագահը, - «Բիզնեսները, այդ թվում ռուսաստանյան և արտասահմանյան ընկերությունները, հրաշալի հասկանում են, որ չնայած որոշ քաղաքական դժվարությունների, պրագմատիզմը և առողջ բանականությունը հաղթանակ են տանում, և մենք ուրախ ենք դրա համար»:
«Ռոսնեֆտի» գործադիր տնօրեն Իգոր Սեչինը և «Էքզոն Մոբիլի» ռուսաստանյան մասնաճյուղի ղեկավար Գլեն Ուոլերը անձամբ էին մասնակցում Ռուսաստանի հյուսիսային Կարա ծովիում տեղի ունեցող արարողությանը:
Ինչպես հայտնում է «Azatutyun.am»-ը` ծրագրի մեկնարկը տրվում է Միացյալ Նահանգների, Եվրամիության և արևմտյան մի շարք այլ խոշոր պետությունների կողմից Ռուսաստանի դեմ ավելի ու ավելի խիստ պատժամիջոցների սահմանումից հետո, ինչը պայմանավորված է Կրեմլի կողմից Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին միջամտելու առնչությամբ Արևմուտքի դժգոհությամբ:
***
Սոչիում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը
Սոչիում մեկնարկել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հադիպումը։ Հանդիպման մեկնարկի մասին տեղեկությունը թվիթերյան իր գրառման միջոցով հաղորդել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել Վիեննայում, 2013թ. նոյեմբերի 19-ին' ԵԱՀԿ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչի մասնակցությամբ:
***
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ցանկանում են, որպեսզի ԼՂ հակամարտությունը խաղաղ լուծում ստանա. Վլադիմիր Պուտին
այաստանը և Ադրբեջանը ցանկանում են, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծում ստանա խաղաղ ճանապարհով: Այս մասին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպօման ընթացքում հայտաչաչել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ուրախությամբ հայտնում եմ, որ և Ադրբեջանի նախագահը, և Հայաստանի նախագահը ուշադրություն են դարձրել հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման անհրաժեշտության վրա: Իրականում սա ամենակարևորն է, քանի որ չկա ավելի մեծ ողբերգություն, քան մարդկային կորուստները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասել է ՌԴ նախագահը:
Նա ընդգծել է, որ ցանկացած բարդ իրավիճակից հնարավոր է դուրս գալ, եթե կա բարի կամքի դրսևորում: «Ինձ թվում է, որ նման բարի կամքի դրսևորում կա թե հայկական, թե ադերբեջանական կողմից»,- հայտարարել է Պուտինը:
***
Ալիևը նույնպես խոսեց փոխզիջումից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի փոխզիջումների ճանապարհով և ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների առաջարկած սկզբունքների հիման վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ИТАР-ТАСС-ը, այս մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել է նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում:
Հանդիպման ընթացքում Ալիևը հիշել է, որ հակամարտության լուծման գործընթացին մասնակցում է նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը փորձում է մոտեցնել կողմերին. «Հուսանք, որ մոտակա ժամանակահատվածում մենք բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով կկարողանանք լուծում գտնել, որը կհամապատասխանի միջազգային իրավունքներին, ինչպես նաև արդար կլինի»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
***
ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. Սերժ Սարգսյան
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ լուծում կստանա մոտ ապագայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ИТАР- ТАСС-ը, Սոչիում ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը նշել է, որ հակամարտությունը պետք է լուծվի փոխզիջման միջոցով, այն սկզբունքներով, որ առաջարկում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
«Մենք կարծում ենք, որ հակամարտությունը պետք է լուծվի փոխզիջման եղանակով, այն սկզբունքների հիման վրա, որ մեզ առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Նա նաև ավելացրել է, որ հիմնախնդիրը ռազմական լուծում չունի:
***
Ադրբեջանական բանակի ևս մեկ զինվոր է սպանվել
Սեպտեմբերի 10-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, ինչի արդյունքում, ադրբեջանական ԱՊԱ գործակալության տեղեկացմամբ, Թովուզի շրջանում զոհվել է Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայող Ֆատալիզադե Ռուֆատ Նազիմ օղլուն:
Ըստ «Azatutyun.am» կայքի' ԱՊԱ գործակալությունը տեղեկացնում է նաև, որ երեկ երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի Գեդաբեկի շրջանում վիրավորվել է ադրբեջանցի զինծառայող Օրհան Գալիբ օղլին:
Իր հերթին հայկական կողմը հրադադարի ռեժիմը խախտելու մեջ մեղադրում է Ադրբեջանին:
Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ երեկ և այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը, մասնավորապես, տարբեր տրամաչափի զենքերից ու հատկապես այրող փամփուշներով կրակել են Տավուշի մարզի Վազաշեն, Այգեպար և մի քանի այլ գյուղերի ուղղությամբ:
«ՀՀ ԶՈւ-երի շեշտակի պատասխանից հետո, որը եղել է միայն իրենց դիրքերի ուղղությամբ կրակը դադարեցրել են: Կրկին անգամ զգուշացնում ենք, որ միջադեպերի և դրանց հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա», - հավելել է ՊՆ խոսնակը:
10 օգոստոսի 2014ՆախորդըՀաջորդը