«Mediamall.am»- ն առաջարկում է ծանոթանալ օրվա կարևորագույն տեղեկություններին.


Բողոքի ակցիա' կառավարության դիմաց. «Տոնուսից» խաբված բնակիչները պահանջում են իրենց՝ վարչապետին ուղղած նամակի պատասխանը

 

«Տոնուս» ՍՊԸ-ի կողմից Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասում 44/4 և Փափազյան 118/1-ում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանատերերը բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի առջև:

Բնակիչների պնդմամբ' իրենք շաբաթներ առաջ նամակ են գրել՝ ուղղված վարչապետ Հովիկ Աբրահամյանին և այժմ եկել են նամակի պատասխանը ստանալու: Սակայն, բնակիչները չստացան իրենց նամակի պատասխանը:

Բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցելու եկավ կառավարության ներկայացուցիչը, ով խորհուրդ տվեց նիստերի օրերին չհավաքվել կառավարության դիմաց, ինչպես նաև հորդորեց սպասել մի որոշ ժամանակ ևս:

Հիշեցնենք, որ 2006 թվականից ընտանիքները «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ-ի հետ կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագիր, կատարել պարբերական վճարումներ վերը նշված բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելու նպատակով: Սակայն բնակիչներին հայտարարել են, որ իրենք բնակարանների նկատմամբ իրավունքներ չունեն, քանի որ շենքը գրավ է դրված «Արցախբանկ» ՓԲԸ-ում։

 

***

 

Նաիրիտցիները կառավարության շենքի դիմաց պահանջում են հանդիպում Հովիկ Աբրահամյանի հետ

 

Կառավարության շենքի դիմաց այս պահին բողոքի ակցիա են անցկացնում նաև նաիրիտցիները. վերջիններս պահանջում են մարել իրենց աշխատավարձերը:

Այս պահին նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ և վանկարկում «Վարչապետ, վարչապետ»:

Հիշեցնենք, որ այսօր կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա են անցկացնում նաև «Տոնուսից» խաբված բնակիչները, ովքեր պահանջում են իրենց' շաբաթներ առաջ գրած նամակի պատասխանը:

 

***

 

Վահե Հակոբյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից

 

Կառավարության որոշմամբ՝ այսօր Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Որոշման մասին կառավարության նիստում հայտնեց Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:

Հովիկ Աբրահամյանն էլ տեղեկացրեց, որ Վահե Հակոբյանը կնշանակվի Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետի պաշտոնում:

Հիշեցնենք, որ Վահե Հակոբյանը Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2013 թվականի հուլիսին:

 

***

 

Վահե Հակոբյանը կնշանակվի Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ

 

Վահե Հակոբյանը, Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատվելով, կնշանակվի ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Հակոբյանը Սյունիքի մարզպետ էր նշանակվել նախորդ տարվա հուլիսին:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից մի քանի օր առաջ իր դիմումի համաձայն ազատվել էր Անդրանիկ Անդրիասյանը:

 

***

 

Ռուսաստանում ՄԻԳ-31 օդանավ է կործանվել. երկու օդաչուները ողջ են

 

Ռուսաստանի Կրասնոդարի շրջանում ՄԻԳ-31 օդանավ է վթարի ենթարկվել: Ավիավթարը տեղի է ունեցել Արմավիրից 25 կմ հեռավորության վրա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«ՄիԳ-31-ը վթարի է ենթարկվել Կրասնոդարի շրջանում՝ Արմավիրից 25 կմ հեռավորության վրա, երկու օդաչուները կենդանի են»,- հայտնել է Ռուսաստանի ՊՆ-ի ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

«Սեպտեմբերի 4-ին, ժամը 7:38-ին ուսումնական թռիչք իրականացնելիս վթարի է ենթարվել Միգ-31-ը: Երկու օդաչուներն ապահով վայրէջք են կատարել և արագ հայտնաբերվել ու տեղափոխվել են բազային օդանավակայան: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում», - ասել է նա:

 

***

 

ՌԴ կառավարությունը լրացուցիչ օգնություն է ցուցաբերել Ուկրաինայի փախստականներին. Մեդվեդևի հրամանագիրը

 

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի այն քաղաքացիներին, ովքեր ստացել են փախստականի կարգավիճակ կամ ժամանակավոր ապաստան, 99,648 ռուբլու չափով ֆինանսական օգնություն տրամադրելու մասին: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հինգշաբթի հայտնել է ՌԴ կառավարության կայքը:

«Հրամանագիրը կապահովի նպատակային ֆինանսական աջակցության տրամադրումն Ուկրաինայի այն փախստականներին, ովքեր բնակվում են ՌԴ-ի քաղաքացիների բնակավայրերում, փախստականի կարգավիճակ ստացածներին կամ Ռուսաստանի տարածքում ժամանակավոր ապաստան գտածներին և նրանց հետ համատեղ ապրող ընտանիքի անդամներին»,- ասված է հաղորդագրությունում:

Ըստ տարածքային մարմինների տեղեկացման՝ նրանց թիվը գերազանցում է 33 000 հոգու:

Օգնությունը հաշվարկելիս, հաշվի է առնվելու Ուկրաինայի քաղաքացիների փաստացի բնակության ժամանակահատվածը ռուս քաղաքացիների տներում 2014թ.-ի հուլիսի 15-ից օգոստոսի 15-ը, բայց ոչ ավելի, քան 30 օրվա ընթացքում: Յուրաքանչյուր անձի համար մեկ օրում ֆինանսական օժանդակությանն ուղղված գումարը կազմելու է 100 ռուբլի:

 

***

 

Ֆրանսիացի պատգամավորը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացրել

 

Այն օրերին, երբ մենք պատրաստվում ենք հիշատակել Հայոց ցեղասպանության 100-րդ ողբերգական տարելիցը, Ֆրանսիայում ոչ մի օրենք չկա, որը թույլ է տալիս պատժել ցեղասպանությունները և մարդկության դեմ հանցագործությունները ժխտելը, բացառությամբ՝ Հոլոքոստի: Այս մասին, Nouvelles d’Armenie-ի փոխանցմամբ, նշել է Ֆրանսիայի պառլամենտի պատգամավոր Վալերի Բուայեն:

«Այս անարդար իրավիճակը պետք է ավարտվի ինչպես 1915թ.-ի ցեղասպանության ժխտման քրեականացնող օրինագծի, այնպես էլ մյուս ցեղասպանությունների համար, որոնք Ֆրանսիան ցանկանում է ճանաչել: Անհրաժեշտ և հրատապ է առաջարկել ժխտման նոր դասակարգման օրինականացումը:

Ես աշխատել եմ մշակել այլընտրանքային և նորարարական տարբերակ և քննարկումներ եմ ունեցել առաջատար իրավաբանների և քրեական փաստաբանների հետ: Ահա թե ինչու եմ առաջարկում, որ ժխտողականությունն օրենքում համարվի ոչ թե ազատ խոսքի ազատության չարաշահում, այլ որպես հանցագործություն՝ մարդկության դեմ: Սա երկու առավելություն ունի. դուրս գալ ազատ արտահայտվելու առնչությամբ Սահմանադրական դատարանի ձևավորած կարծիքի իրավական փակուղուց և պաշտպանել բոլոր ցեղասպանությունների մասին հիշողությունը»,- պարզաբանել է Վալերի Բուայեն:

 

***

 

Ծառայությունում աչքի ընկած 104 զինծառայողներ Երևանում 5-օրյա արձակուրդ են անցկացրել

 

Երևանի քաղաքապետարանի և ԼՂՀ պաշտպանության նախարարության միջև համաձայնությամբ՝ Արցախում ծառայող մայրաքաղաքից զորակոչված և ծառայությունում աչքի ընկած 104 զինվորներ 5-օրյա արձակուրդով գտնվում էին Երևանում: Սա նմանատիպ երկրորդ ակցիան էր, որում այս անգամ ընդգրվել էին Ավան և Նոր Նորք վարչական շրջաններից զորակոչվածները:

Սեպտեմբերի 4-ի առավոտյան զինծառայողներին զորամասեր են ճանապարհել և խաղաղ ծառայություն մաղթել վարչական շրջանների ղեկավարներ Մանվել Ջավադյանն ու Արմեն Ուլիխանյանը: Սահմանապահ ժամկետային զինծառայողներն էլ իրենց հերթին նկատել են, որ նման ուշադրությունն ու վերաբերմունքը կրկնակի պարտավորեցնող է, նաև վստահեցրել, որ իրենք ամուր են կանգնած դիրքերում:

Իրենց զավակներին ճանապարհելու եկած ծնողները կրկին շնորհակալություն են հայտնել զավակներին տեսնելու անակնկալ հնարավորության համար:

 

***

 

Դանակահարություն' Վանաձորում

 

 

 

***

 

Ուշադրություն. որոնվում է որպես անհայտ կորած

 

 

 

***

 

Ուկրաինայի արևելքում 837 ուժայիններ են զոհվել. Անվտանգության խորհուրդ

 

Իլովայսկի մոտ շրջապատումից դուրս գալու ընթացքում կրած կորուստներից զատ, Ուկրաինայի արեւելքում հակաահաբեկչական գործողությունն արդեն 837 ուկրաինացի զինվորականների կյանք Է խլել, վիրավորվել են ավելի քան 3 հազար ուժայիններ: Այդ մասին Կիեւում կայացած բրիֆինգի ժամանակ հայտնել Է հանրապետության Տեղեկատվական-վերլուծական կենտրոնի խոսնակ Անդրեյ Լիսենկոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՈՒկրինֆորմ» -ին:

«Պաշտոնական տվյալներով՝ սեպտեմբերի 4-ի դրությամբ զոհվել Է 837, վիրավորվել 3044 ուկրաինացի զինվորական»,-ասել Է նա:

Լիսենկոն նշել Է, որ այդ տվյալները հիմնված են ստուգված փաստերի վրա, որոնք պաշտոնապես հաստատված են սահմանված կարգով:

 

***

 

 Սուրիկ Խաչատրյանը՝ Սյունիքի մարզպետ

 

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ՀՀ կառավարության որոշմամբ՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Հովիկ Աբրահամյանն էլ տեղեկացրեց, որ Վահե Հակոբյանը կնշանակվի Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետի պաշտոնում, ինչը միանշանակ հետընթաց պետք է համարել նրա քաղաքական կարիերայում:


Ըստ Lurer.com-ի աղբյուրների՝ նույնիսկ Վահե Հակոբյանի ղեկավարությամբ աշխատող մարզպետարանի աշխատակիցներն են անտեղյակ եղել այս որոշումից: Մեր տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ կնշանակվի Սուրիկ Խաչատրյանը, ով արդեն իսկ զբաղեցրել է այդ նույն պաշտոնը, որից հրաժարվել է սեփական դիմումի համաձայն՝ 2013թ. հունիսի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով:

 

***

 

Կասպրշիկը դրական է գնահատել շփման գծում առկա կայունությունը

 

Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում իրադրությունը զգալիորեն կայունացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական Trend գործակալությ ան հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Նա հիշեցրել է, որ օգոստոսի սկզբին իրադրությունը շփման գծում բավական լարված է եղել, մշտապես ստացվել են տեղեկություններ դիվերսիոն հարձակումների, մահերի, գյուղերի և քաղաքացիական անձանց վրա կրակոցների վրա:

«ԵԱՀԿ գործող նախագահը, Մինսկի խմբի համանախագահները, այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները կոչ էին անում խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»,- ասել է Կասպրշիկը' դրական համարելով Սոչիի հանդիպումից հետո իրավիճակի կայունացումը: Նա ավելացրել է, որ ՄԽ համանախագահները պարբերաբար հանդիպումներ են ունենում հակամարտող կողմերի հետ' հիմնախնդրի կարգավորման նպատակով: Կասպրշիկի համոզմամբ' հրադադարի ռեժիմի խախտման մեջ միակողմանի մեղավորներ չկան:

ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը հայտնել է նաև, որ հատկապես մեծ ուշադրություն է դարձնում սահմանային գյուղերում բնակվողների անվտանգության ապահովմանը:

 

***

 

Կիևը ուրբաթ կարող է հրադադարի հրաման տալ

 

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ուկրաինական զորքերին կրակը դադարեցնելու հրաման կտա ուրբաթ, եթե Մինսկում կայանալիք հանդիպման ժամանակ խաղաղության ծրագիր ընդունվի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս մասին Ուկրաինայի Նախագահը հայտարարել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում:

«Ուկրաինական զորքերը կրակը դադարեցնելու հրաման կստանան ուրբաթ, Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ին, եթե Մինսկի հանդիպման ընթացքում խաղաղության ծրագրի մասին համաձայնագիր կնքվի»,- հայտարարել է Ուկրաինայի Նախագահը:

Առաջիկայում Մինսկում տեղի կունենա Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի հանդիպումը: Ավելի վաղ Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն հայտարարել է, որ Մինսկում կայանալիք հանդիպման ընթացքում Ուկրաինայի Նախագահը կներկայացնի Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման սեփական ծրագիրը:

 

***

 

 

Հայաստանի ու Ֆրանսիայի նախագահներն անդրադարձել են նախատեսվող եռակողմ հանդիպմանը

 

 

ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի /ISAF/ առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում աշխատանքային այցով գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նյուպորտում հանդիպել է Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, երկու երկրների նախագահները գոհունակությամբ են խոսել հայ-ֆրանսիական քաղաքական բարձր մակարդակի երկխոսության և փոխշահավետ տարբեր ոլորտներում սերտ համագործակցության մասին:

Հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, այդ թվում՝ քննարկել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր, անդրադարձել առաջիկայում ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ նախատեսվող եռակողմ հանդիպմանը: Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում իրավիճակի և առկա մարտահրավերների շուրջ:

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են նաև բարձր մակարդակով ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերից բացի, զրուցակիցներն անդրադարձել նաև տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-ֆրանսիական համագործակցությանը, երկու երկրների համար կարևորագույն հարցերում փոխադարձ աջակցությանը: