«Mediamall.am» լրատվականը ներկայացնում է անցնող օրն ՝ ամփոփ.


Տարածաշրջանում մեկ շաբաթում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ

 

Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հոկտեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ: Հոկտեմբերի 16-ին 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում' Ղազախ քաղաքից 14 կմ դեպի հյուսիս-արևելք:

 

Նույն ուժգնությամբ երկու սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Թուրքիայում' հոկտ եմբերի 20-ին Վան քաղաքից 43 կմ դեպի հյուսիս-արևելք և հոկտեմբերի 21-ին Կարս քաղաքից 22 կմ դեպի հյուսիս-արևելք: Նույն օրը տեղի ունեցած 3 բալ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Թուրքիա-Իրան սահմանային գոտում' Սարայ քաղաքից 3 կմ դեպի արևելք:

 

Տարածաշրջանից դուրս նշված ժամանակահատվածում 6 և ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:

 

***

 

«Տոնուս»-ից խաբված բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի դիմաց

 

«Տոնուս» ՍՊԸ-ի կողմից Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասում 44/4 և Փափազյան 118/1-ում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանատերերը բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի առջև:

 

Հիշեցնենք, որ 2006 թվականից ընտանիքները «Տոնուս Քոնսթրաքշնս» ՍՊԸ-ի հետ կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի նախնական պայմանագիր, կատարել պարբերական վճարումներ վերը նշված բազմաբնակարան շենքում բնակարան ձեռք բերելու նպատակով:

 

Սակայն բնակիչներին հայտարարել են, որ իրենք բնակարանների նկատմամբ իրավունքներ չունեն, քանի որ շենքը գրավ է դրված «Արցախբանկ» ՓԲԸ-ում։

 

***

 

Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 20 աստիճանով

 

Կառավարության այսօրվա նիստի ավարտից հետո, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հայտարարեց, որ հոկտեմբեր 26-ից Հայաստան կներթափանցի սիբիրյան ցուրտ ցիկլոն:

Հաջորդ օրվանից՝ հոկտեմբերի 27-ից, օդի ջերմաստիճանը Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում, ինչպես նաև Արցախում կնվազի 20 աստիճանով, մյուս մարզերում ջերմաստիճանը կնվազի 10 աստիճանով:

 

***

 

Ոստիկանները թմրամիջոցների վաճառքով զբաղվող տղամարդու են ձերբակալել

 

Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողները թմրամիջոց պահելու կասկածանքով Երևանի Շիրակի փողոցից բերման են ենթարկել 1954թ. ծնված Հովնան Հ.-ին և 1978թ. ծնված Անդրանիկ Թ.-ին:

 

Խուզարկությամ բ Հովնան Հ.-ի գրպանից հայտնաբերվել է 6, իսկ Անդրանիկ Թ.-ի գրպանից՝ 0.8 գրամ հաշիշանման զանգված: Նյութերի նախապատրաստման ընթացքում Հովնան Հ.-ին պատկանող «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ' հետևի նստելատեղի մոտից, հայտնաբերվել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ առկա է եղել 14 փաթեթ, որոնց զննությամբ հայտնաբերվել է 30 գրամ հաշիշանման զանգված: Հովնան Հ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, պահել է օգտագործելու և վաճառելու նպատակով:

 

Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Պարզվել է նաև, որ հո կտեմբերի ընթացքում Հովնան Հ.-ն պարբերաբար' 5 անգամ, վերջին անգամ հոկտեմբերի 21-ին' ժամը 22.00-ին, 3000 դրամով Շիրակի փողոցում թմրամիջոց է վաճառել Անդրանիկ Թ.-ին: Կատարվում է հետաքննություն:

 

***

 

Վանաձորում ամուսինը դանակահարել է կնոջը. հարուցվել է քրեական գործ

 

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում 39-ամյա Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել՝ կնոջ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար։

 

Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համաձայն, հոկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Հակոբյանը Վանաձոր քաղաքում գտնվող իրենց բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, որի ժամանակ իր ձեռքում գտնվող խոհանոցային դանակը նետել է նրա ուղղությամբ, ինչը սուր ծայրով դիպել է Ա. Մարկոսյանի կրծքավանդակի ձախ կեսի հետին կողմնային մակերեսին և շեշտակի հասցված ուժգին հարվածային ուժի ներգործության հետևանքով նրա առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, այն է՝ կրծքավանդակի ձախ կեսի հետին կողմնային մակերեսի ծակած-կտրած թափանցող վնասվածք:

 

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Հակոբյանին 2014 թվականի հոկտեմբերի 22 -ին մեղադրանք է առաջադրվել' ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է։

 

***

 

Թուրք ուխտավորը վարակվել է Էբոլայով

 

Էբոլա տենդի կասկածով Ստամբուլում հոսպիտալացվել է հաջից (ուխտագնացությունից) վերադարձած Թուրքիայի քաղաքացի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

 

Այսպիսով, Թուրքիայում Էբոլա տենդի կասկածով հոսպիտալացվածների թիվը հասել է 6 մարդու: Նրանցից հինգը վերադարձել են հաջից, վեցերորդը թուրք ուսանող է, որն ուսանում է Սոմալիում:

 

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիայի 36 նահանգներում 45 հատուկ հիվանդանոցներ են առանձնացվել երկրում Էբոլա տենդով հիվանդների ի հայտ գալու դեպքերի համար:

 

Էբոլայի տենդը սրընթացորեն տարածվում է Արեւմտյան Աֆրիկայում' Լիբերիայում, Սյերա-Լեոնեում, Գվինեայում, Նիգերիայում, Կոնգոյում եւ Սենեգալում: Վարակման դեպքեր են գրանցվել արդեն ԱՄՆ-ում, Իսպանիայում, Նորվեգիայում, Ավստրալիայում եւ այլ երկրներում: Վերջին տվյալներով' Էբոլայի տենդով հիվանդացել են 8914 մարդ, որոնցից 4447-ը մահացել են:

 

***

 

Ո՞վ է արգելում պարոն Գագիկ Ծառուկյանին կամ մյուսներին առաջադրվել. Վահրամ Բաղդասարյան

 

«ԲՀԿ-ն հայտարարել է, որ այլընտրանք է: Ես ինչպե՞ս մարդկանց անվանեմ ընդդիմադիր, եթե իրենք դա չեն ասում»,- Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

 

Խոսելով Գագիկ Ծառուկյանի՝ նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Ո՞վ է արգելում պարոն Գագիկ Ծառուկյանին կամ մյուսներին առաջադրվել: Դա ողջունելի քայլ է, որ մարդն իր մեջ ուժ է տեսնում, որ կարող է առաջադրվել, ի՞նչ վատ բան կա դրա մեջ:

 

Երբ նա հայտարարում է, որ ուզում է նախագահի թեկնածու դառնալ, դա նշանակում է՝ նա ընդդիմությո՞ւն է… Չէ՞ որ նախագահի ժամկետը լրանում է, պետք է թեկնածուներ լինեն»:

 

Անդրադառնալով Հայաստանում հնարավոր հեղափոխությանը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Հեղափոխության մտքեր դուք տեսնո՞ւմ եք, մենք չենք տեսնում նման բան, ի՞նչ հեղափոխություն, ուզում եք երկիրը 20-30 տարի նորից հետ տանե՞նք, դա՞ եք ուզում, ինչ-որ մի քանի բախտախնդիրներ, որոնք կարոտախտ ունեն աթոռի նկատմամբ կամ մյուսները, որ ուզում են գալ աթոռի, դրանց պատճառով հեղափոխությո՞ւն լինի:

 

ՀՀԿ-ն այսօր ԱԺ-ում պարզ մեծամասնություն է և կատարում է իր գործը, կգա ժամանակը՝ կլինեն ընտրություններ, տվյալ ժամանակ կանենք հետևություններ»,- նշեց Բաղդասարյանը:

 

***

 

«Տես, հա, հանկարծ ժողովրդի համար լավ չի ըլե». Սեյրան Սարոյանը՝ Վարդան Այվազյանին

 

ԱԺ-ում «Սահմանամերձ գյուղերում գործունեության իրականացումը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Աժ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն ԱԺ միջանցքում ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի հետ զրույցում, ցուցամատն ուղղելով ՀՀԿ-ական պատգամավորի կողմն, ասել է. «Տես, հա, հանկարծ ժողովրդի համար լավ չի ըլե, թե իմացա, որ ձեր բիզնեսների հըմար եք անում»:News.am-ի փոխանցմամբ՝ ի պատասխան Վարդան Այվազյանը ձեռքի շարժումով փորձել է Սեյրան Սարոյանին հավաստիացնել, որ ոչ թե իրենց, այլ ժողովրդի համար է լինելու այս օրենքի նախագիծը:

 

 

Հիշեցնենք նաև, որ երեկ Ազգային ժողովում «Սահմանամերձ գյուղերում գործունեության իրականացումը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագծի և հարակից փաթեթների քննարկման ընթացքում, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցը վեճի առիթ է դարձել վերջինիս և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, հարակից զեկուցող Վարդան Այվազյանի միջև:

 

 

***

 

 

Ադրբեջանում նավթահանքի պայթյունի հետեւանքով 12 մարդ անհայտ կորել է

 

 

Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) «Նարիմաննեֆտ» վարչության Կասպից ծովում գտնվող թիվ 441 նավթահանքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 12 նավթագործ անհայտ կորել են:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով haqqin.az լրատվական կայքը, հրշեջներին հաջողվել է հանգցնել պայթյունի հետեւանքով հանքահորում ծագած հրդեհը: Պայթյունի պատճառը դեռեւս հայտնի չէ:

 

Բաքվի շտապօգնության կայանը հայտնել է, որ հիվանդանոցներ են տեղափոխվել պայթյունից վիրավորված 5 նավթագործ: Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը փրկարարական-որոնողական աշխատանքներ է սկսել անհայտ կորած նավթագործներին հայտնաբերելու համար:

 

***

 

Քաղաքացին փայտով հարվածել է ոստիկանի գլխին և հափշտակել նրա մոտ գտնվող «Մակարով» տիպի ատրճանակը

 

Հոկտեմբերի 22-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 19.50-ի սահմաններում, հարձակում են գործել պահակետում պահպանություն իրականացնող ոստիկան Վարդան Գևորգյանի վրա, դանակով սպառնացել, այնուհետև փայտով հարվածել գլխին, ուշագնաց արել և հափշտակել նրա մոտ գտնվող «Մակարով» տիպի ատրճանակը ու դիմել փախուստի:

 

Անմիջապես դեպքի վայր է մեկնել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի գլխավորած օպերատիվ խումբը, որի կազմում՝ նաև ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողներ:

 

Օպերատիվ խումբը, համագործակցելով Դատախազության և ԱԱԾ ծառայողների հետ, պարզել է, որ հարձակում գործողը Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչ, 1985 թ. ծնված Սևակ Իսպիրյանն է: Քուչակ գյուղի մերձակա դաշտում իրավապահներին հաջողվել է հայտնաբերել նրան, բայց Իսպիրյանը կրակոց արձակելով՝ փախել է գյուղ և թաքնվելով իր տանը՝ սպառնացել տունը շրջապատած ոստիկաններին: Անցանկալի հետևանքներից խուսափելու նպատակով սկսված և շուրջ 2 ժամ տևած բանակցությունների արդյունքում հաջողվել է Իսպիրյանին համոզել, որ հանձնի զենքը և անձնատուր լինի:

 

Իրավապահների հմուտ գործողությունների շնորհիվ ոչ ոք չի տուժել:

Հարուցվել է քրեական գործ:

Սևակ Իսպիրյանը ձերբակալված է:

Կատարվում է քննություն:

 

***

 

ԼՂՀ նախագահը ստորագրել է 2014թ. ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր

 

Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին ստորագրել է հրամանագիր' 2014 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: 2015 թվականի հունվար-փետրվարին կանցկացվի ԼՂՀ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լ րանում է մինչեւ 2015 թվականի փետրվարի 10-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչեւ 2015 թվականի փետրվարի 10-ը ներառյալ:

 

Հրամանագրի համաձայն' 2014 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները:

 

***

 

«ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի». Շարմազանով

 

Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի, և հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 

«Գործադիր մարմնի նիստում Հանրապետական կուսակցությունը Հայաստանի, Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահներ ի Ֆրանսիայում կայանալիք հանդիպումից առաջ ևս մեկ անգամ հստակեցրել է իր դիրքորոշումը և վերահաստատել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի և հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Շարմազանովը:

 

Նա ընդգծեց, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններում առաջընթացի բացակայությունը կախված է միայն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումից: «Ադրբեջանն է մշտապես դրսևորել ապակառուցողական դիրքորոշում, Ադրբեջանն է պարբերաբար հանդես գալիս ռազմական հռետորաբանությամբ և խոսում հակամարտության ռազմական լուծման մասին»,- նշեց Շարմազանովը:

 

Նա նկատեց, որ որքան կառուցողական լինի Ադրբեջանի դիրքորոշումը, այնքան բանակցություններում առաջընթաց կնկատվի: «Պետք է նշեմ, որ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների անմիջական մասնակցության բանակցային գործընթացում էական առաջընթաց ակնկալել չենք կարող»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը: