Օրվա կարևորագույն իրադարձություններն ամփոփ՝ ըստ «Mediamall.am» լրատվականի.


Վթար' Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում.կան տուժածներ

 

Հոկտեմբերի 1-ին, ժամը 03.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ («Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակին), կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բաղրամյան 64 հասցեի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի 7727 JR պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակին. վտանգավոր ոչինչ չկա:

 

***

 

Սարալանջ փողոցում քաղաքացուն հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

 

Երևանի բնակիչ Լևոն Հարությունյանին հրազենային մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա, Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ' սպանության փորձի և ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու հատկանիշներով:

 

2014թ. սեպտեմբերի 30-ին' ժամը 14:35-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ոտնաթաթի թափանցող հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի բնակիչ, 1993թ. ծնված Լևոն Արամի Հարությունյանը, ով հայտարարել է, որ նշված վնասվածքն ստացել է Երևան քաղաքի Սարալանջ փողոցում:

 

Կենտրոնի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը, (անձինք) Լևոն Հարությունյանին կյանքից զրկելու դիտավորությամբ 2014թ. սեպտեմբերի 30-ին' ժամը 11:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարալանջ փողոցում հրազենից 6 կրակոց է արձակել Լևոն Հարությունյանի կողմից վարվող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դռան ուղղությամբ' նրան պատճառելով ձախ ոտնաթաթի թափանցող հրազենային վնասվածք, որից հետո դիմել փախուստի' իր (իրենց) կամքից անկախ հանգամանքներով չկարողանալով հանցագործությունը հասցնել ավարտին:

 

Երևան քաղաքի Սարալանջ փողոցում' դեպքի վայրում կատարված զննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են 6 հատ 9մմ տրամաչափի կրակված պարկուճ և 1 գնդակ: Զննության է ենթարկվել Լևոն Հարությունյանի կողմից վարվող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան, որի վրա հայտնաբերվել են 4 վնասվածք և մեկ դեֆորմացված հատված: Զննության ընթացքում Լևոն Հարությունյանի հայրը' Ա.Հարությունյանը, ներկայացրել է մեկ հատ գնդակ և հայտարարել, որ այն նույն օրը հանել է որդու ոտքի վնասված հատվածից:

 

Հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու, դեպքի բոլոր մանրամասները պարզելու ուղղությամբ:

 

***

 

Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսը հավանություն տվեց ԵՏՄ-ի մասին պայմանագրի վավերացմանը

 

Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսը (ստորին պալատը) հոկտեմբերի 1-ի իր լիագումար նիստում հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրի վավերացման մասին» օրինագծին, ինչից հետո փաստաթուղթը կուղարկվի Սենատի (վերին պալատ) քննարկմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Ղազախստան» գործակալությանը:

 

Մաժիլիսի միջազգային գործերի կոմիտեի տեղեկատվության համաձայն՝ պայմանագրի կողմերը հիմնում են Եվրասիական տնտեսական միություն, որի շրջանակներում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության անցկացումը տնտեսության այն ճյուղերում, որոնք սահմանված են սույն պայմանագրով և ԵՏՄ-ի շրջանակներում գործող միջազգային պայմանագրերով:

 

***

 

Արեք էս մի անգամ ժողովրդի սրտով անենք. Սեյրան Սարոյան 

 

Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց Բրյուսելում ստորագրված մի քանի տեխնիկական համաձայնագիր, սակայն, պատգամավորները մոռանալով քվեարկության առարկան՝ սկսեցին խոսել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից:

 

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց. «Գյումրիում մեծ հանրահավաք է հիմա սրա հետ կապված, և մենք պետք է հարցը չքաղաքականացնենք ու կուսակցականացնենք: Որևէ կուսակցություն քաղաքական դիվիդենտ չպիտի ակնկալի»,- ասաց նա:

 

Նույն առաջարկով հանդես եկավ նաև ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: «Դա լավագույն տարբերակն է, որից հետո ստիպված կլինենք ստորագրություններ հավաքել արտահերթ նիստի համար»,- ասաց նա:

 

Հարցին տեղից անդրադարձավ նաև ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը. «Պարո՛ն նախագահ, արեք էս մի անգամ մի՛ քննարկեք, ժողովրդի սրտով անենք, բերեք, ոնց կա, տենց թողենք, մարդիկ գնան, աշխատեն, էլ ի՞նչ պիտի քննարկեք, ի՞նչ պիտի խաբեք ժողովրդին: Մի տասը օր պիտի քննարկենք, մի քսան օր էլ պիտի քվեարկենք»,- արձագանքեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը:

 

 

***

 

Երկու զոհ՝ Դոնեցկի դպրոցի ռմբակոծության հետևանքով

 

Դոնեցկի արվարձանային միջնակարգ դպրոցն ականանետային գնդակոծման է ենթարկվել: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:

«Կես ժամ առաջ գնդակոծվել է Կիևի շրջանի դպրոցը: Զոհվել է երկու մարդ»,- ասել է ԴԺՀ կրթության և գիտության նախարար Իգոր Կոստենոկը:

 

***

 

ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրել Է ԵՏՄ-ի մասին պայմանագիրը

 

Ռուսաստանի Դաշնության խորհուրդը վավերացրել Է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագիրը: Այդ որոշումը սենատորների կողմից ընդունվել Է միաձայն. դրա օգտին քվեարկել են նիստին մասնակցած 140 խորհրդարանականները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

«Պայմանագրի վավերացումը պատմական իրադարձություն Է»,-հայտարարել Է ԴԽ-ի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն: Նա շնորհակալություն Է հայտնել սենատորներին աջակցության համար:

Միության ստեղծման մասին պայմանագիրը Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահներն ստորագրել են 2014 թվականի մայիսի 29-ին:

 

***

 

ՌԴ քաղաքացու կողմից Գառնու տաճարի պատին արված գրառումը մաքրվել է

 

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի «Գառնի» տաճարի հարավային պատին յուղաներկով արված գրառումը մաքրվել է: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ մասնագետների խումբը նախնական ուսումնասիրություն էր կատարել, ընտրվել էին համապատասխան նյութերը, լուծույթները, որոնցով հնարավոր էր առանց հուշարձանին վնաս պատճառելու մաքրել գրառումը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, իրավախախտման փաստը վերացնելու և հուշարձանը նախնական տեսքի բերելու աշխատանքներն սկսվել են սեպտեմբերի 29-ի օրվա երկրորդ կեսին և ավարտվել երեկ:

 

ՌԴ քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոն սեպտեմբերի 26-ին գրառում էր կատարել «Գառնի» տաճարի (պետ. ցուցիչ' 6.21.4. 2) հարավային պատին, ինչը նկատել էր այցելուներից մեկն ու անմիջապես տեղեկացրել արգելոց-թանգարանի աշխատակիցներին: Նիկիտենկոն ավելի ուշ հանձվել էր ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցներին:

 

***

 

Երևանյան լճում 39-ամյա տղամարդ է ջրահեղձվել

 

ՀՀ ԱԻՆ-ում հոկտեմբերի 1-ին' ժամը 13.09-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում (Իսակովի պողոտայի գազալցակայանի կողմից) ափից մոտ 5մ հեռավորության վրա տեսնում է տղամարդու անշարժ մարմին:

Դեպքի վայր է մեկնել փրկարար ջոկատի խումբը և ՃԿԿ օպերատիվ խումբը: Փրկարարները ջրից դուրս են բերել Ա. Ս.-ի (ծնված 975թ., Երևան քաղաքի բնակիչ) դին:

 

***

 

Գոռ Առաքելյանին նախկինում առաջադրված մեղադրանքը լրացվել է ևս 2 մեղադրանքով

 

Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ 2014 թվականի մայիսի 17-ին տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում լրացվել է գործով որպես մեղադրյալ ներգրավված Գոռ Առաքելյանի մեղադրանքը, և նրան այսօր նոր մեղադրանք է առաջադրվել։

 

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ առերևույթ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող Գ.Առաքելյանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով փորձել է դիտավորությամբ կյանքից զրկել Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին, ինչպես նաև՝ անուղղակի դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ հասցրել Մնացական Սուքիասյանին ու Մյասնիկ Հայրապետյանին, իսկ Ալվինա Բադալյանին՝ միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

 

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Գ.Առաքելյանին նախկինում առաջադրված մեղադրանքը լրացվել է ևս 2 մեղադրանքով։

Ի լրումն սպանության փորձի և ապօրինի զենք-ռազմամթերք պահելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախկինում առաջադրված մեղադրանքի՝ այսօր նրան մեղադրանք է առաջադրվել նաև երկու և ավել անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

***

 

Ոսկետափ-Այգավան ճանապարհին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել

 

«Միցուբիշի Մոնտերո Սպորտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 30-ին' ժամը 20.00-ի սահմաններում, Ոսկետափ-Այգավան ճանապարհին վրաերթի է ենթարկել 1960թ. ծնված Գագիկ Գրիգորյանին:

Տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է:

Կատարվում է քննություն:

 

***

 

Գլխավոր դատախազությունը «Ոսկու շուկայի» միջադեպի գործն ուղարկել է ոստիկանություն

 

«Ոսկու շուկայում» սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումները «Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության» կողմից ուղարկվել են ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից:

 

***

 

«Էս երկրում հեղափոխություն չի լինելու, երկրորդ մարտի մե՞կ եք ուզում». Հովիկ Աբրահամյան

 

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը բարձրացրեց «Շրջանառության հարկի մասին օրենքի» դեմ բողոքող առևտրականների խնդիրը: Պատգամավորը փորձում էր հասկանալ, թե արդյոք կառավարությունը զիջումների գնալու է, թե ոչինչ չի փոխվելու' հիշեցնելով, որ բազմաթիվ առևտրականներ ողջ օրը կանգնում են ԱԺ-ի դիմաց, և այդ պարագայում բարեփումը դառնում է «չարափոխում»:

Վահան Բաբայանին պատասխանեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը. «Պարոն Բաբայան, Ձեր կեցվածքն ինձ համար անհասկանալի է, ուլտիմատումներով... նախ, օրենքը հետաձգողը դուք եք, մենք չենք... դա մեկ: Երկրորդը' խոսելու այդ ոճը դուք փողոցից եք բերել այս դահլիճ. այն ժամանակ, երբ ես Աժ-ում էի, այդպիսի ոճ չկար: Մենք գործընկերներ ենք, և մեր բոլորի գործը հանրությանը բացատրելն է: Մենք այս օրենքը մինչև ընդունումը բազմաթիվ քննարկումներ ենք արել Աժ-ում ՀԿ-ների, փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների ներկայությամբ:

Հիմա այդ ոճը' պահանջատիրական, փողոցով մեզ ահաբեկելը և նմանատիպ բաները այս դահլիճում քննարկելու բան չեն: Կարող եք տանել որտեղ ձեզ հարմար է, այդտեղ քննարկել»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը վստահեցրեց, որ կառավարությունը չի գնալու փոքր և միջին ձեռնարկատերերին ստուգելու: Կստուգվեն ապրանք արտահանող խոշորները՝ պարզելու՝ փաստաթղթավորում կա, թե չկա: Նրա համոզմամբ՝ նրանց խնդիրը խոշոր ձեռնարակատերերն են, որպեսզի բերեն հարկային դաշտ:

Հովիկ Աբրահամյանը պատգամավորին մեղադրեց նաև ֆեյսբուքյան էջերում սուտ ինֆորմացիաներ տարածելու մեջ և հորդորեց լինել անաչառ. «Հիմա դուք մի ճամբար եք ընտրել' իբր դուք էս ժողովրդի մասին մտածող եք, մենք՝ չէ: Սխալվում եք, մենք ենք մտածողը, դուք չեք»:

Հովիկ Աբրահամյանը նկատում է նաև, որ երկրում իշխանափոխություն չի լինելու. «Ի՞նչ եք ուզում... որ երկրում հեղափոփոխությո՞ւն լինի... չի լինելու դա: Երկրորդ մարտի մե՞կ եք ուզում... ձեր ցանկությունն ի՞նչ է»:

 

***

 

Ֆրանսիան դատապարտում է Դեյր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը

 

Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Լորան Ֆաբիուսը Դեյր Զորում Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերման առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ' խստորեն դատապարտելով կատարվածը: «Ես դատապարտում եմ հայ համայնքի համար մեծ խորհուրդ ունեցող Դեյր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը:

 

Ֆրանսիան ողջունում է սրբավայրերի նկատմամբ հանդուրժողականության և հարգանքի համար պայքարելու բոլոր դավանքների հոգևոր առաջնորդների հանձնառությունը' անկախ հարձակումներից և սպառնալիքներից»,- ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանից, հայտարարել է նախարարը: Լորան Ֆաբիուսը շեշտել է, որ սիրիական և իրաքյան ազգային ժառանգությունները սպառնալիքի տակ են:

 

«Մշակութային ժառանգությունը պաշտպանելու պարտավորության թերացումը դիտվում է որպես պատերազմի հանցագործություն, որի պատասխանա տուները պատժվում են Միջազգային քրեական դատարանի կողմից: ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության հետ միասին, Ֆրանսիան զորավիգ է, որպեսզի կենսագործվեն մշակութային ժառանգության պահպանության մասին համաձայնագրերը՝ հատկապես զինված հակամարտության դեպքում»,- ասված է հայտարարության մեջ:

 

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կոչվող ծայրահեղական խմբավորումը սեպտեմբերի 21-ի առավոտյան պայթեցրել էր Դեյր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Ուժգին պայթյունից եկեղեցին ամբողջովին ավերվել է: Տեղեկություններ կան, որ միայն կանգուն է մնացել եկեղեցու գմբեթը' խաչով: Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

Այնտեղ են ամփոփված Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքները: Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բացումն ու Սրբոց Նահատակաց եկեղեցու օծումը տեղի է ունեցել 1991-ին' Մեծի Տա նն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ, իսկ 2002 թվականի ապրիլի 24-ին Արամ Ակաթողիկոսի կողմից այն հռչակվել է համազգային ուխտատեղի: