«Mediamall.am» լրատվականը ամփոփում է օրը.
Հայաստանում «Վերջին զանգը» կհնչի շուրջ 25 հազար շրջանավարտի համար
Հայաստանի հանրակրթական դպրոցների շուրջ 25 հազար շրջանավարտների համար այս տարի մայիսի 22-ին կհնչի «Վերջին զանգը»' ազդարարելով նոր կյանքի սկիզբ: Դպրոցն ավարտող աշակերտների համար այս տարի ևս կկազմակերպվեն տարաբնույթ միջոցառումներ:
Տոնի կապակցությամբ շրջանավարտներին են շնորհավորում ոլորտի պատասխանատուները: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, շնորհավորելով երիտասարդներին, նշել է, որ օրը լինելու է հիշարժան և անմոռանալի:
«Դուք հրաժեշտ եք տալիս ոչ միայն պատանեկան տարիներին, այլև արդեն հարազատ դարձած կրթօջախին: Դպրոց, որտեղ ստացել եք գիտելիքներ, հաստատել ընկերական պարզ ու անաղարտ հարաբերություններ, ունեցել ուրախ և հուզառատ բազում պահեր: Այս պահին դուք արդեն կանգնած եք կյանքի առավել պատասխանատու փուլի շեմին, երբ պետք է կատարեք ապագայի համար ճիշտ ընտրություն: Վստահ եմ, որ շատերիդ համար մասնագիտությունը եղել է պատանեկան կարևոր երազանքներից մեկը, ուստի կոչ եմ անում բոլորիդ' ստացած գիտելիքներով, տոնական տրամադրությամբ ու վճռականությամբ գնալ դեպի նվ իրական երազանքների կատարում»,-ընդգծել է նախարարը:
Հանրակրթական տարբեր դպրոցների շրջանավարտներ մայիսի 22-ին կմասնակցեն վերջին դասի միջոցառմանը, ժամը 19:00-ին Ազատության հրապարակում կկազմակերպվի համերգ, որին, ըստ Երևանի քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության, ելույթ կունենան հայ էստրադային կատարողներ, դիջեյներ: Երեկոն կեզրափակվի տոնական հրավառությամբ:
Վերջին զանգից հետո շրջանավարտները կմասնակցեն միասնական քննությունների: Այս տարի Հայաստանում կա տասնմեկ հազարից ավելի դիմորդ, 34 քննական կենտրոն, որից 10-ը Երևանում է: Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալներով՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» («Համաշխարհային պատմություն») առարկաներից միասնական քննությունները տեղի կունենան հունիսի 2-ին: Դիմորդները «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից քննություն կհանձնեն հունիսի 5-ին, իսկ «Ֆիզիկա» առարկայից՝ հունիսի 9-ին: «Օտար լեզու» առարկայից քննություն կանցկացվի հունիսի 12-ին, իսկ «Մաթեմատիկա» առարկայից՝ հունիսի 16-ին: «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների քննությունը կանցկացվի հունիսի 19-ին: «Ռուսաց լեզու» առարկայի քննությունն էլ տեղի կունենա հունիսի 23-ին:
***
Խրամատներում կանգնած հայ զինվորը երբևիցե չի սադրում. Սեյրան Օհանյան
«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակում կազմակերպված «Արիության դասը», Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին նվիրված խաչքարի բացումը, ինչպես նաև ժամանակակից տեխնիկայով կահավորված դասարանում տեղադրված Արմեն Հովհաննիսյանի կիսանդրին անկասկած բոլորիս պետք է ուղղորդեն դեպի հերոսություններ:
Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան №11 հիմնական դպրոցում կայացած «Վերջին զանգի» միջոցառմանն այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Մենք ունեցանք Մոնթե, Գոռ, Արմեններ, Հրաչյա, և բոլորն այս դպրոցում նրանց անուններն են հնչեցնում, որովհետև նրանց անուններով կարող ենք կերտել մեր ապագան: Նրանք հանգչում են Եռաբլուրում, սակայն նրանք փարոս են մի մեծ սարի գագաթին, որին դեռ հասնել է պետք ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց նա և հավելեց, որ խրամատներում կանգնած հայ զինվորը երբևիցե չի սադրում: «Նա միշտ ցանկանում է իր հայրենիքը խաղաղ վիճակում տեսնել, բայց եթե դիմացինն ըմբոստանում է, ապա նա պատրաստ է պաշտպանել իր երկրի սահմանները»,- շեշտեց Օհանյանը:
Նա իր երախտագիտությունը հայտնեց դպրոցի ողջ մանկավարժական կոլեկտիվին կազմակերպված «Արիության դասի» համար: «Մոնթեի անունը կրող դպրոցում դժվար էր պատկերացնել որևէ այլ միջոցառում: Այն մթնոլորտը, որը տիրում է այս դպրոցում, ապացուցում է, որ հայ ժողովրդի պատմության պատգամները պատշաճ մակարդակով են փոխանցվել դպրոցի ողջ անձնակազմին, և նմանատիպ դասերի անցկացումը պետք է տարածել մեր հանրապետության բոլոր հիմնական և ավագ դպրոցներում»,- ասաց նախարարը:
Իր հերթին Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան №11 հիմնական դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը նկատեց, որ իրենց դպրոցում արդեն ավանդույթ է դարձել վերջին զանգը անցկացնել որևէ հետաքրքիր խորագրի ներքո: «Այս տարվա վերջին զանգի հանդիսությունները մեր դպրոցում անցնում են «Արիության դաս» խորագրով: Դպրոցն ակամայից դարձել է ռազմական խորացված ուսուցմամբ դպրոց, որովհետև այս մանկավարժական դպրոցի կոլեկտիվի գլխավոր առաքելությունը հայրենապաշտ զինվոր և քաղաքացի դաստիարակելն է»,- ընդգծեց նա:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան մայիսի 22-ին այցելեց Երևանի Մոնթե Մելքոնյանի №11 հիմնական դպրոց՝ մասնակցելով դպրոցում կայացած «Վերջին զանգի» միջոցառմանը, Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին նվիրված խաչքարի և այս տարվա հունվարին դիվերսիայի հետևանքով զոհված զինծառայող Արմեն Հովհաննիսյանի անվան դասարանում կիսանդրու բացման հանդիսավոր արարողություններին:
***
ԵՄ-ն կարող է վերացնել վիզային ռեժիմը Հայաստանի համար. Լատվիայի արտգործնախարար
Ռիգայում այսօր անցկացվում են Եվրամիության երկրների առաջնորդների և «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակիցների' Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի և Ադրբեջանի բանակցությունները: «Коммерсантъ» թերթի լրագրողը զրուցել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսի հետ:
Պատասխանելով այն հարցին, թե չկա՞ն արդյոք անհանգստություններ, որ Վրաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկումը կարող է նախադեպ հանդիսանալ կովկասյան տարածաշրջանի այլ երկրների համար կամ վիրավորել Թուրքիային, նախարարը նշել է, որ իրենք վիզայի ազատականացման հնարավորություն են ընձեռում բոլոր գործընկերներին:
«Մենք ունենք նաև որոշակի առաջընթաց Հայաստանի և Ադրբեջանի հարցում: Մենք խոսում ենք նաև Բելառուսի հետ վիզային ռեժիմի դյուրացման, ո՛չ ազատականացման մասին, թեև իրավաբանական տեքստերը դեռ պատրաստ չեն: Եթե Հայաստանը և Ադրբեջանը ցանկանան և բոլոր պահանջները կատարեն, ապա ես չեմ տեսնում ոչ մի հիմք նրանց նման հնարավորություն չընձեռելու համար: Չէ՞ որ մենք արդեն առանց վիզայի ռեժիմ ենք սահմանել Մոլդովայի հետ»,- ասել է Ռինկևիչսը:
Անդրադառնալով այն հարցին, որ այս շաբաթ խոսվել է Հայաստանի հետ շրջանակային համաձայնագրի նախապատրաստության մասին և որ փուլում են գտնվում բանակցությունները, արտգործնախարարը նշել է, որ իրենք այդ հարցը քննարկել են դեռևս հունվարին՝ ԵՄ-Հայաստան խորհրդի ժամանակ:
«Մենք պատրաստ ենք սկսել բանակցություններ Երևանի հետ նոր պայմանագրի շուրջ, որը հիմնված կլինի այն մշակումների վրա, որոնք մենք արդեն ունենք Հայաստանի հետ 2013-ից ի վեր, այսինքն՝ Ասոցացման համաձայնագրի մասին նախագծից սկսած: Սակայն սկզբունքային տարբերությունը կլինի այն, որ այժմ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է: Եվ մենք կփնտրենք միջոցներ, որ Հայաստանի պարտավորությունները, որպես ԵՏՄ-ի անդամի, չհակասեն ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացմանը որոշ ոլորտներում»,- հավելել է արտգործնախարար Ռինկևիչսը:
***
Արմեն Աշոտյանի շնորհավորական ուղերձը' Վերջին դասի առթիվ
Սիրելի՛ շրջանավարտներ,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները դպրոցական Վերջին դասի կապակցությամբ:
Այս օրն անկասկած բոլորիդ համար լինելու է հիշարժան և անմոռանալի: Դուք հրաժեշտ եք տալիս ոչ միայն պատանեկան տարիներին, այլև արդեն հարազատ դարձած կրթօջախին: Դպրոց, որտեղ ստացել եք գիտելիքներ, հաստատել ընկերական պարզ ու անաղարտ հարաբերություններ, ունեցել ուրախ և հուզառատ բազում պահեր:
Այս պահին դուք արդեն կանգնած եք կյանքի առավել պատասխանատու փուլի շեմին, երբ պետք է կատարեք ապագայի համար ճիշտ ընտրություն: Վստահ եմ, որ շատերիդ համար մասնագիտությունը եղել է պատանեկան կարևոր երազանքներից մեկը, ուստի կոչ եմ անում բոլորիդ' ստացած գիտելիքներով, տոնական տրամադրությամբ ու վճռականությամբ գնալ դեպի նվիրական երազանքների կատարում:
Սիրելի՛ ուսուցիչներ, այս օրը հիշարժան է նաև ձեզ համար: Դուք հպարտորեն մեծ կյանք եք ճանապարհում ևս մեկ սերունդ, որին տարիներ շարունակ փոխանցել եք ձեր ողջ գիտելիքներն ու իմացությունները, դաստիարակել շրջապատի, ընտանիքի ու երկրի խնդիրներով մտահոգ, բայց միաժամանակ ապագային լավատեսորեն նայող երիտասարդներ:
Ուսումնառության Վերջին դասի կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստանում, Սփյուռքում, Արցախում և Ջավախքում ապրող մեր բոլոր շրջանավարտներին, ուսուցիչներին ու ծնողներին այս գեղեցիկ օրվա կապակցությամբ, մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ և ամենայն բարիք:
Արմեն Աշոտյան