Հայաստանի 1400 ուսումնական հաստատություններում մեկնարկել են վերջին զանգի տոնական միջոցառումները: 2016-2017 ուսումնական տարում հանրապետության դպրոցների 12-րդ դասարանը մայիսի 26-ին կավարտի 19 հազար 618 աշակերտ: Վերջին դասի միջոցառումներ կանցկացվեն նաև 9-րդ դասարանի 29 հազար 642 շրջանավարտների համար:
Երեւանի քաղաքապետի և ԿԳ նախարարի նախաձեռնությամբ «Վերջին զանգի» տոնական միջոցառումները կեզրափակվեն Ազատության հրապարակում`տոնական համերգով: «Վերջին զանգի» օրը ոստիկանությունը ողջ ծավալով ապահովելու է հասարակական կարգը, պահպանելու է տոնական հանդիսությունների մասնակիցների և քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները:
Տոնական օրվա առավոտից ոստիկանության ստորաբաժանումները ուժեղացված ծառայություն են անցկացնում զանգվածային միջոցառումների վայրերում: Դրսևորելով օրինաչափ խստություն, անհանդուրժողականություն ու պահանջկոտություն՝ հասարակական կարգի խախտումները կանխվելու են տեղում, օրինազանցների ավտոմեքենաները տեղափոխվելու են հատուկ պահպանվող տարածք, իրավախախտները ենթարկվելու են պատասխանատվության:
Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունները կկազմակերպվեն հունիսի 1-23-ը: