Հայաստանի դպրոցներում վերջին զանգն այս տարի հնչում է մայիսի 25-ին: 31 հազար 300 աշակերտ ավարտում է 9-րդ դասարանը, 9 600 աշակերտ էլ` 12-րդ ավագ դպրոցը:
Արցախի Հանրապետության դպրոցներում վերջին զանգը կհնչի մայիսի 26-ին, քանի որ կրթական հաստատություններն Արցախում վեցօրյա են: Արցախի կրթության և գիտության փոխնախարար Միքայել Համբարձումյանը տեղեկացրեց, որ Արցախում 9-րդ դասարանը կավարտի 1885, 12-րդ դասարանը` 787 շրջանավարտ:
Երևանի Ազատության հրապարակում ավանդույթի համաձայն քաղաքապետարանը մայիսի 25-ին՝ ժամը 19.00-ին «Վերջին զանգ»-ին նվիրված ուրախ տոնական համերգային ծրագիր է նախաձեռնել, որին իրենց մասնակցությունը կունենան հայկական էստրադայի սիրված երգիչները։
Միասնական քննություններն էլ այս տարի կմեկնարկեն հունիսի 8-ից: Քննությանը նախնական տվյալներով կմասնակցի 5100 դիմորդ` ԼՂՀ դիմորդները ներառյալ: Առաջին քննությունը դիմորդները կհանձնեն կենսաբանություն, ընդհանուր պատմություն և աշխարհագրություն առարկաներից: