«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.




Կրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքներով չորս անձ է տեղափոխվել հիվանդանոց


Երևանում անցած գիշեր հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել միանգամից չորս անձ: Նրանք բոլորը միաբերան նշել են, որ վնասվածքն ստացել են անհայտ անձանց կողմից: Հոկտեմբերի 25-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «Որովայնի խոռոչի թափանցող հրազենային վնասվածք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Վահագ Գ.-ն: Ըստ հիվանդի հայտարարության' «Մետաքսի» մոտ ստացել է հրազենային վնասվածք:

 

 

 

Հոկտեմբերի 26-ին, ժամը 00.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Հրազենային կրակոց՝ փափուկ հյուսվածքների վնասումով աջ ազդրի շրջանում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Վլադիմիր Գ.-ն: Ըստ հիվանդի հայտարարության վնասվածքը ստացել է անծանոթ անձանց կողմից՝ Խորենացու փողոցում: Հոկտեմբերի 26-ին, ժամը 00.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Հրազենային կրակոց աջ ազդրի նստաներվի վնասումով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Արման Ա.-ն: Ըստ հիվանդի հայտարարության վնասվածքը ստացել է անծանոթ անձանց կողմից՝ Խորենացու փողոցում: Նույն օրը, ժամը 03.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Ձախ ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1984 թ. ծնված Արման Ս.-ն: Ըստ հիվանդի հայտարարության վնասվածքը ստացել է անծանոթ անձանց կողմից՝ «Մետաքսի» մոտ:

 

 

 

Ըստ բժշկի տեղեկանքի' Վահագ Գ.-ն, Վլադիմիր Գ.-ն, Արման Ա.-ն և Արման Ս.-ն ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:

 

 

 

Նշանակվել են ԴԲՓ-ներ:

 

 

 

Կատարվում է նախաքննություն:

 

 

 

***

 

Ուորլիքը ԼՂ հակամարտության կողմերին հորդորել է հրաժարվել զենքի կիրառումից

 

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում հրաժարվել զենքի կիրառումից: Միջնորդը թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակել է ականանետի արձակած կրակոցի բեկորների լուսանկար. այդ զինատեսակով սեպտեմբերին կրակի տակ էին պահվում հայկական սահմանամերձ գյուղերը: «Հայաստանն ու Ադրբեջանը, անկախ նրանից' ագրեսորի կարգավիճակում են, թե հակազդողի, պետք է հրաժարվեն այս զենքերի կիրառումից»,- գրել է Ուորլիքը:

 

***



Իրադրությունն առաջնագծում



Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /11 արկ/ և 82 /5 արկ/ միլիմետրանոց ականանետերից ու ՌՊԳ-7 /2 արկ/ տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: Այս մասին MediaMall.am-ը տեղեկանում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: 

 

 

 

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

 

 

 

 ***



«Խփելու են այնքան, ինչքան պետք է»

 

 

Օրերս ձևավորվեց «Այո»-ի շտաբի ղեկավար կազմը: Նշանակվեցին շտաբի պետի' Հովիկ Աբրահամյանի վեց տեղակալները: Նրանք են՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով նաև շտաբի քարոզչության պատասխանատուն է, ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը։

 

 

 

Խոսելով շտաբի կազմի մասին՝ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Նոր ժամանակներ» ընդդիմադիր կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ասաց, որ շտաբի կազմից հասկանալի է՝ հանրաքվեն անցնելու է ինչպես միշտ, այսինքն՝ խփելու են այնքան, ինչքան պետք է:

 

 

 

«Շտաբի կազմում բոլորը պետական պաշտոնյաներ են, ինչից հասկանալի է՝ վարչական ռեսուրսն ամբողջությամբ օգտագործվելու է: Որպես այդպիսին՝ ինձ թվում է՝ հանրաքվե չի լինելու, որովհետև ժողովրդի մոտ ապատյան շատ մեծ է, իսկ հանրաքվեներն ընտրություններից տարբերվում են նրանով, որ հարցը պետք է շատ հետաքրքրի մարդկանց, որ մարդիկ գնան ընտրության: Սահմանադրությանը, ինչքան նկատում եմ, քչերն են անգամ ծանոթ»,- ասաց պարոն Կարապետյանը:

 

 

 

Մեր զրուցակիցը դժվարանում է ասել, թե հանրաքվեի ընթացքում իշխանություններն ինչ մեխանիզմներ կօգտագործեն, բայց որոշակի խմորումներ արդեն իսկ նկատում է, օրինակ, ԱՎՎ պետի փոփոխություն, նույնականացման քարտերի ներդրում և այլն:

 

 

 

«Շտաբի կազմից երևում է նույնիսկ, որ նման կազմ են հավաքել, որպեսզի շատ փող չծախսեն: Քաղաքական ընդդիմության տեսակետից՝ սահմանադրական փոփոխությունները պարզապես վատթարացնելու են վիճակը:

 

 

 

Սա որևէ բան ժողովրդի կյանքում չի փոխում, այն բերելու է «բարդակի» ավելացմանը: Փոխեցին, դրանից ի՞նչ, աշխատավարձն ավելանալո՞ւ է»: