«Mediamall.am»-ն ամփոփում է անցնող օրը` ներկայացնելով կարևորագուն իրադարձությունները.


Ադրբեջանն ունեցել է 25 զոհ և 30-ից ավելի վիրավոր. ԼՂՀ ՊՆ. իրականությունը' փաստերով

 

Ադրբեջանի պետական ու ոչ պետական քարոզչության որդեգրած մարտավարությանն ուշադիր հետևելու դեպքում առաջին հերթին այն տպավորությունն ես ստանում, որ հարևան, բայց ոչ բարեկամ երկրի նշված ոլորտի պատասխանատուները ոչ թե հակված են գոնե ինչ-որ չափով ներկայացնել առկա ռազմաքաղաքական զարգացումների իրական վիճակը, որքան' իրենց քիմքին հարիր, ցանկալին մատուցել իրականի փոխարեն: Դա հատկապես երևում է վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղ գտած աննախադեպ լարվածության ֆոնի վրա, երբ մի կողմից նախահարձակ հակառակորդը փորձում է իրեն ներկայացնել հայկական ագրեսիայի զոհ, իսկ մյուս կողմից ցույց տալ, թե ինչպիսի հակահարված ու կորուստներ է հասցնում Արցախի բանակին: Մինչդեռ իրողությունը լրիվությամբ հակառակն է և այն ունի հետևյալ պատկերը:Շարունակությունն այստեղ:

 

***

 

Դիլիջանի ոլորաններում վթար է տեղի ունեցել. կա 3 վիրավոր

 

Օգոստոսի 4-ին, ժամը 05.10-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում' Սեմյոնովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 88AM788 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնել՝ վարորդ Վ. Վ.-ը (ծնվ. 1992թ.), ուղևորներ Ա. Հ.-ը (ծնվ. 1992թ.) և Դ. Դ.-ը (ծնվ. 1992թ.) հոսպիտալցվել են Դիլիջանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:

 

***

 

Սեյրան Օհանյանը և Հովիկ Աբրահամյանը այցելել են Տավուշի մարզի N զորամաս

 

Երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ այցելել են ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված N զորամաս՝ հանդիպել սահմանամերձ համայնքների ղեկավարներին, սպայական անձնակազմին և զինվորներին: Մինչ այդ Վանաձորում երկրի վարչապետն ու պաշտպանության նախարարը ներկա են գտնվել օրերս Մարտակերտում սահմանային միջադեպի հետևանքով զոհված հերոս, ավագ լեյտենանտ Զորիկ Ժիրայրի Գևորգյանի հոգեհանգստի արարողությանը:

Հանրապետության վարչապետին նախ զեկուցվել է հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակի և հայկական ուժերի պատասխան գործողությունների մասին: Այնուհետև, անդրադառնալով զինծառայողների և սահմանապահ գյուղերի բնակչության սոցիալական խնդիրներին, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ աշխատանքներ են տարվում դրանց լուծման ուղղությամբ և խոստացել հնարավորության դեպքում շարունակել պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացումը: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ կառավարությունում քննարկվում է սահմանապահ գյուղերում բիզնես սկսող անձանց հարկերից ազատելու հնարավորությունը՝ նոր աշխատատեղեր բացելու և համայնքների տնտեսական կյանքն ակտիվացնելու նպատակով: Գյուղապետերից մեկի բարձրացրած հարցին ի պատասխան՝ ՀՀ վարչապետը նշել է, որ գործադիրը քննարկում է նաև սահմանապահ գյուղերի բնակչության էլեկտրաէներգիայի, գազի և այլ վարձավճարների փոխհատուցման հնարավորությունը:

Հովիկ Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են նաև Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչներին, շնորհակալություն հայտնել փոխըմբռնման և հայրենիքի սահմանն անառիկ պահելու համար:

 

***

 

Ադրբեջանական բանակի զոհված դիվերսանտների թիվն ավելացել է մեկով

 

Հուլիսի 31-ի գիշերը ադրբեջանական զորքերի հետ ԼՂՀ պաշտպանական բանակի շփման գծի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմի իրագործած հետախուզա-դիվերսիոն գործողության ժամանակ ծանր վիրավորված ադրբեջանցի զինվոր Անար Վիդադի օղլու Գարազադեն (ծն.1996 թ.) հիվանդանոցում մահացել է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը' նշելով, որ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Անար Գարազադեն զինծառայության էր կանչվել Բիլյասուվարի շրջանից:
Նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը օգոստոսի 3-ին այցելել է Գերանբոյի մոտ շփման գծում տեղակայված զորամասեր, հանդիպել անձնակազմի հետ եւ ծանոթացել իրավիճակին: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական համակարտ զորքերի շփման գծում վերջին 5 օրերին տեղի ունեցած լոկալ առճակատումների մասին ամփոփ տեղեկատվություն: Ընդհանուր առմամբ ադրբեջանական բանակը հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում տվել է առնվազն 25 զոհ եւ 30-ից ավելի վիրավորներ: Նույն ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի կորուստների թիվը կազմել է 5 զոհ, 7 վիրավոր:

 

***

 

Վարչապետը ցավակցական խոսք է հղել պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանի մահվան կապակցությամբ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանի մահվան կապակցությամբ ցավակցել է նրա ընտանիքի անդամներին, ընկերներին ու հարազատներին:

«Հովհաննես Բարսեղյանը նշանակալի ավանդ է ներդրել հայագիտության և լեզվաբանության զարգացման գործում, իսկ նրա գիտամանկավարժական գործունեությունը հարուստ է հիշատակմանն արժանի բազմաթիվ իրադարձություններով: Իր վաստակի ու մարդկային մեծ որակների համար Բարսեղյանը վայելում էր իր գործընկերների և մեր բոլորի սերն ու հարգանքը»,- ասված է ՀՀ վարչապետի ցավակցական խոսքում:

 

***

 

Ադրբեջանում 17-ամյա որդին սպանել է հարազատ մորը

 

Ադրբեջանի Շամախի քաղաքի 17-ամյա բնակիչ Մահմուդ Նաղիեւը ընտանեական վիճաբանության ժամանակ սպանել է իր 38-ամյա մորը' Փարվանա Նաղիեւային' դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելով նրան: Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: Կինը մահացել է մեծ քանակությամբ արյուն կորցնելուհետեւանքով:

 

Շամախիի շրջանային ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Մ.Նաղիեւին, փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն:

 

 

***

 

Օգոստոսի 3-4-ն ադրբեջանական կողմից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 11 հազար 495 կրակոց. ՊՆ

 

 

Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանագոտու և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում: Հիմնականում կիրառվել են հրաձգային, այդ թվում' խոշոր տրամաչափի զինատեսակներ:

ՀՀ ԶՈւ և ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տվյալների համաձայն' օգոստոսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանագոտում և ղարաբայան հատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 859 անգամ, որից 830 անգամ' ղարաբաղյան հատվածում: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 11495 կրակոց:

Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 29 անգամ, որից 12 անգամ' ղարաբաղյան հատվածում: Հայկական կողմից հակառակորդի ուղղությամբ արձակվել է 3616 կրակոց:

 

***

 

Ադրբեջանական բանակի զոհված դիվերսանտների թիվն ավելանում է

 

Ադրբեջանում ամեն օր ավելանում է վերջին օրերին ԼՂՀ դիրքապահների նկատմամբ դիվերսիոն գործողությունների ժամանակ ծանր վիրավորված եւ հոսպիտալներում իրենց մահկանացուն կնքող ադրբեջանցի զինվորների թիվը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական azadsoz.com լրատվական կայքը հայտնում է, որ Գյանջայի հոսպիտալում մահացել է հուլիսի 3-ին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան հատվածում փոխհրաձգության ժամանակ ծանր վիրավորված զինվոր Բահրուզ Միրդամաթ օղլու Խուդաեւը: Նշվում է, որ նա մահացել է ընդամենը 40 րոպե առաջ: Կայքը տեղադրել է նաեւ նրա լուսանկարը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքն այսօր հայտնել է, որ հուլիսի 31-ի գիշերը ադրբեջանական զորքերի հետ ԼՂՀ պաշտպանական բանակի շփման գծի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմի իրագործած հետախուզադիվերսիոն
գործողության ժամանակ ծանր վիրավորված ադրբեջանցի զինվոր Անար Վիդադի օղլու Գարազադեն (ծն.1996 թ.) հիվանդանոցում մահացել է: Անար Գարազադեն զինծառայության էր կանչվել Բիլյասուվարի շրջանից:

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական համակարտ զորքերի շփման գծում վերջին 5 օրերին տեղի ունեցած լոկալ առճակատումների մասին ամփոփ տեղեկատվություն: Ընդհանուր առմամբ, ադրբեջանական բանակը հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում տվել է առնվազն 25 զոհ եւ 30-ից ավելի վիրավորներ:

Նույն ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի կորուստների թիվը կազմել է 5 զոհ, 7 վիրավոր: Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հայտնում է, որ վերջին օրերին ադրբեջանական բանակի կորուստը, իբր, կազմել է 13 զինծառայող:

 

***

 

Դիրքերում կամավորականների ներկայությունը ոգևորում է սահմանապահ զինծառայողներին. բացառիկ զրույց դիրքերից

 

Ավելի քան հարյուր հոգուց բաղկացած բերձորցի կամավորականների խումբն արդեն դիրքերում է և իր ներկայությամբ
ոգևորում և գոտեպնդում է սահմանին կանգնած զինծառայողներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում կամավորական խմբի ղեկավար, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Արտուշ Մխիթարյանը նշեց, որ իրենք արդեն դիրքերում են, մարտական ոգին բարձր է, զինվորներին էլ ոգևորում է կամավորականների ներկայությունն իրենց կողքին: «Թեև կամավորականների՝ դիրքեր մեկնելու ռազմական անհրաժաշտություն չկար, սակայն այս քայլը բարոյահոգեբանական աջակցություն է սահմանին կանգնած մեր զինվորներին, ովքեր առանց այդ էլ հստակ կատարում են իրենց խնդիրը և ամուր պահում են մեր սահմանները»,- նշեց Մխիթարյանը:

 

Նա հնարավոր համարեց, որ առաջիկայում կամավորականների նոր խմբեր կարող են դիրքեր մեկնել, ևս մեկ անգամ շեշտելով, որ դրա ռազմական անհրաժաշտությունը չկա: Նա վստահեցրեց, որ իրենք դիրքերում կմնան այնքան, որքան պետք է և զինծառայողների հետ կապահովեն սահմանների անվտանգությունը: Օգոստոսի 3-ին առաջնագիծ են մեկնել նաև Արցախյան պատերազմի նախկին հրամանատարներ, ազատամարտիկներ Մարտակերտից: Այս պահին նրանք
առաջնագծում են, ովքեր իրենց փորձով եւ խորհուրդներով օգտակար կլինեն դիրքապահներին: Դիրքեր մեկնած ազատամարտիկները հիմնականում Արցախյան պատերազմի ժամանակ Մարտակերտի շրջանը ազատագրած տղաներն են, ովքեր շատ ուժեղ մարտավարական հնարքների են տիրապետում՝ այն բազմիցս ապացուցելով Արցախյան պատերազմի ժամանակ:

 

Վերջին օրերին ադրբեջանցիները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ գոտու ուղղությամբ մի քանի դիվերսիոն գործողություններ են իրականացրել, որոնց արդյունքում կրելով մարդկային զգալի կորուստներ հետ են շպրտվել: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական համակարտ զորքերի շփման գծում վերջին 5 օրերին տեղի ունեցած լոկալ առճակատումների մասին ամփոփ տեղեկատվություն:

 

Ընդհանուր առմամբ, ադրբեջանական բանակը հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում տվել է առնվազն 25 զոհ եւ 30-ից ավելի վիրավորներ:

 

Նույն ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի կորուստների թիվը կազմել է 5 զոհ, 7 վիրավոր:

 

 

***

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

 

 

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի' օգոստոսի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 35 դեպքից բացահայտվել է 33-ը, կողոպուտի 2 դեպքից' 1-ը, խարդախության՝ 10, ապօրինի ծառահատման' 3, յուրացման և խուլիգանության 2-ական դեպքերը բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու' 5, գողության' 6, խարդախության և խուլիգանության 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 31-ը՝ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

***

 

Իրադրությունն առաջնագծում

 

Թեև օգոստոսի 3-ին և այսօր առավոտյան ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձեր չեն ձեռնարկվել, այնուամենայնիվ, իրավիճակն առաջնագծում եղել է լարված, քանի որ ադրբեջանական զինուժը շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հիմնականում կիրառելով հրաձգային, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զինատեսակներ:

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, օգոստոսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 500 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 8500 կրակոց:

ՊԲ առաջապահ ուժերը վստահորեն տիրապետում են իրադրությանն առաջնային գծում և պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

 

***

 

Հասել է այնպիսի բանակցություններ սկսելու ժամանակը, որոնք կարող են բերել խաղաղ համաձայնության. Ջեյմս Ուորլիք

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն անդրադարձել է վերջին օրերին ադրբեջանական բանակի սադրիչ գործողությունների հետեւանքով հայ-ադրբեջանական սահմաններում տեղի ունեցած բազմաթիվ զոհերին եւ նշել,
որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, APA-ի հետ զրույցում Ուորլիքն ասել է, որ հասել է այնպիսի բանակցություններ սկսելու ժամանակը, որոնք կօգնեն խաղաղ համաձայնության գալ:

Նա հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհամաձայնվեն մոտ ժամանակում հանդիպել եւ քննարկել առնացքային հարցեր: «Ժամանակն է այնպիսի բանակցություններ սկսել, որոնք կարող են բերել խաղաղ համաձայնության», -ասել է նա:

Ջեյմս Ուորլիքը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ միջնորդական միակ ձեւաչափը եւ կշարունակի այցերը տարածաշրջան, ինչպես նաեւ բարձր մակարդակով համագործակցությունը' հակամարտության կարգավորմանը հասնելու համար:

Ամերիկացի համանախագահը վշտակցություն է հայտնել վերջին օրերին բռնության զոհերի ընտանիքներին եւ հարազատներին:

 

***

 

Սոչիում նախատեսված են Պուտինի առանձին հանդիպումները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ. Սերգեյ Լավրով

 

ԵԱՀԿ Մինսկի խումբը զգալի ջանքեր է գործադրում, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերն ընդունեն կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ փաստաթուղթ քաղաքական սկզբունքներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ИТАР-ТАСС-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Անխոս, անհանգստացնող է այն, ինչ կատարվում է հակամարտության գոտում: Կողմերը միմյանց մեղադրում են սադրիչ գործողությունների մեջ: Այդպես եղել է նաև նախորդ տարիներին, և ցավոք, մենք արդեն երկար տարիներ ականատես ենք լինում նմանատիպ բռնկումների, սակայն
այս անգամ այդ ամենն ավելի սուր է ընդունվում և ներկայացվում:

Քիչ մարդիկ չեն զոհվել, և մենք մյուս երկրների, այդ թվում նաև Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ, որտեղ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ համանախագահում է նաև Ռուսաստանը, անընդհատ կոչ ենք արել կողմերին ցուցաբերել մաքսիմալ զսպվածություն, խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել բռնության»,- ասել է Լավրովը:Շարունակությունը կարդացեք այստեղ:

 

***

 

Սեյրան Օհանյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են ԼՂ շփման գծում և հայ- ադրբեջանական սահմանին տիրող լարված իրադրությունը

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը օգոստոսի 4-ին քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող
լարված իրադրությունը:

 

Թե՛ ՀՀ պաշտպանության նախարարը, թե՛ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը խորը մտահոգություն են հայտնել վերջին շրջանում լարվածության սրացման վերաբերյալ և դիտարկել են իրավիճակը լիցքաթափելու ուղիները՝ նախևառաջ Մինսկի խմբի  գործընթացի միջոցով:«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ՀՀ ՊՆ եւ ՀՀ-
ում ԱՄՆ դեսպանության համատեղ հաղորդագրության մեջ նշվում է, որ դեսպան Հեֆերնն իր ցավակցություններն է փոխանցել վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին և կոչ արել լիցքաթափել  իրավիճակը բոլոր կողմերին:

 

 

***

 

Կասպշիկն ու նրա թիմը պատրաստակամություն են հայտնել շարունակել սահմանային մշտադիտարկումները

 

 

ԵԱՀԿ գործող նախագահի  անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հայտարարություն է տարածել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող լարվածության
առնչությամբ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից դեսպան Կասպշիկի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Առաջնագծերում մեծաթիվ միջադեպերի վերաբերյալ վերջին տեղեկությունները մտահոգության առիթ են տալիս: Յուրաքանչյուր կորուստ մեծ ողբերգություն է ընտանիքների և այլ մարդկանց համար: ԵԱՀԿ  գործող նախագահը և Մինսկի խմբի համանախագահներն անդրադարձել են այս հարցին օգոստոսի 2-ին արված իրենց հայտարարության մեջ»,- նշել է դեսպան Կասպշիկը:


Նա նաև ընդգծել է, որ շարունակելու է աշխատել կողմերի հետ իր մանդատի շրջանակներում, այդ թվում նաև ամենաբարձր մակարդակով' նպատակ ունենալով աջակցել լարվածության մեղմացմանը: «Ես և իմ թիմը շարունակելու ենք մշտադիտարկումները, որոնք կազմակերպվում են կողմերի հետ համագործակցությամբ, և որոնցից վերջինն անցկացվել է օգոստոսի 1-ին»,- ընդգծել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը:


Նրա ներկայացմամբ' յուրաքանչյուր մշտադիտարկման ընթացքում ԵԱՀԿ-ի թիմերը մոտենում շփման գծին կամ Հայաստան-Ադրբեջան սահմանին, տեղեկություններ ստանում համապատասխան կողմերից հրադադարի խախտումների մասին, ինչպես նաև այլ վայրերում տիրող ընդհանուր դրությանը, սակայն դիտարկումը կատարում են միայն մեկ կոնկրետ վայրում: ԵԱՀԿ դիտարոդները տեղական
հրամանատարներին հնարավորություն են տալիս նաև անդրադառնալու փողադարձ հետաքրքրություն ներկայացնող և լարվածության թուլացմանն ուղղված այլ հարցերի:


«Մշտադիտարկումների արդյունքները ներկայացվում են ԵԱՀԿ գործող ներկայացուցչին և Մինսկի խմբի անդամներին: Միջադեպերի մասին տեղեկությունները փոխանցվում են իմ գրասենյակից ԵԱՀԿ համապատասխան կառույցներին: Մենք հրապարակային մեկնաբանություններ չենք անում համապատասխան մշտադիտարկումների կամ դրանց արձանագրած արդյունքների վերաբերյալ:
Նմանատիպ որևէ լրատվական տեղեկատվություն հիմնված չէ իմ գրասենյակի տարամադրած տվյալների վրա»,- ամփոփել է դեսպան Անջեյ Կասպշիկը:

 

 

 

***

 

Հակառակորդի դիպուկահարի կրակոցից զինվոր է մահացել

 

 

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.

«ԼՂՀ ՊԲ տեղեկությունների համաձայն այսօր հակառակորդի դիպուկահար կրակոցից ԼՂՀ հյուսիսային սահմաններին տեղակայված դիրքերից մեկում զոհվել է Արամ Մկրտիչի Գրիգորյանը, ծնված 1971թ: ՊՆ-ը կիսում է ծանր կորստյան վիշտը, հավերժ փառք մեր դիրքապահներին»:

 

***

 

«20 տարի սպասել եմ. եթե ալիևյան վարչախումբը քամակները բացեն, նորից եմ ասում, ես Բաքվում կիսատ թողած գործեր ունեմ». Մանվել Գրիգորյանի արձագանքը սահմանին տիրող իրավիճակին. shamshyan.com

 

1994 թվականին Ադրբեջանն էր մեզանից ծնկաչոք զինադադար խնդրում: Եթե ալիևյան վարչախումբը շարունակի կրակի հետ խաղալ, ապա այդ կրակը կհասնի Բաքու: Այս մասին SHAMSHYAN.com-ինտված հարցազրույցում ասաց ԵԿՄ նախագահ, գեներալ,-լեյտենանտ, զորավար Մանվել Գրիգորյանը՝ անդրադռնալով սահմանին տիրող իրավիճակին:

 

-Պարոն Գեներալ հայ և ադրբեջանական սահմանակետերում բախումները հաճախակիացել են: Ինչպե՞ս է արձագանքում Երկրապահը:


– Այդ բախումները միշտ էլ եղել են: Սակայն ես կարծում եմ, ամեն ոք պիտի ապրի իր բնականոն կյանքով: Մենք հիմա շարունակում ենք մեր ավանդական ուխտագնացությունը Հանրապետության մարզեր: Ընդամենը մի քանի օրից կսկսվի մեր Երկրապահական ավանդական ուխտագնացությունը դեպի Արցախ, գնալու ենք սահմանապահ մեր ժողովրդի հետ հանդիպելու: Համույթներ ենք տանում մեր ազատագրած գյուղերում, հենց սահմանի բերան բնակչության ու բանակի համար համերգներ կազմակերպելու, ոգևորելու:

 

- Իսկ ձեր նշած բախումների առթիվ կարող եմ ասել, որ սովորաբար նախագահների հանդիպումից առաջ Ալիևը նման խաղեր է տալիս ինչ որ բան հասկացնելու համար:


-Ցավալի է, որ նրա խաղերի հետևանքով հրաշալի հայորդիք են զոհվում: Փառք նրանց: Փառք սահմանը պահող մեր զինվորներին, ես միշտ էլ հավատացել եմ հայ զինվորին, ու գիտեմ, որ նա պատրաստ է իր սրբությունները' մորը, ընտանիքը, իր հայրենիքը պաշտպանելու: 

 

Շարունակությունն`  այստեղ:

 

 

***

 

Հրաչյա Հարությունյանը դատապարտվեց 6 տարի 9 ամիս ազատազրկման

 

Մոսկվայի Տրոիցկյան դատարանը 6 տարի 9 ամիս ազատազրկման է դատապարտել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանի՝ ԿԱՄԱԶ-ի վարորդի մեղքը, ով Պոդոլսկի մերձակայաքում մեքենայով բախվել էր ուղերթային ավտոբուսի հետ, ինչի հետեւանքով զոհվել էր 18 մարդ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ռուսական «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, Հարությունյանը դատապարտվել է ՌԴ քրեական օրենսգրքի 264 և 327 հոդվածներով:
Վճռի հրապարակումից հետո Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել դատավճիռը:

 

«Չգիտեմ' մենք կբողոքարկենք արդյոք վճռի խստությունը, որովհետև դա պետք է Հարությունյանը որոշի,սակայն փաստաթղթերի կեղծման մասով բողոքարկում լինելու է»,-ասել է նա:

 

Ինչպես հետեւում է դատավճռից, լիովին ապացուցված է Հարությունյանի մեղքը ճանապարհային երթեւեկության եւ փոխադրամիջոցների շահագորման կանոնների խախտման մեջ:
«Հարությունյանը վարել է չգրանցված փոխադրամիջոց՝ տրանզիտային համարանիշերով, չի պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները՝ ընտրելով ոչ անվտանգ արագություն, ուշադիր չի եղել երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ, ճանապարհը չի զիջել գլխավոր ճանապարհով ընթացող փոխադրամիջոցին»,- նշել է դատավորը:


Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը 2013 թվականի հուլիսի 13-ին բախվել էր Պոդոլսկից Կուրիլովո ուղևորվող 64 ուղևոր տեղափոխող ավտոբուսին: Պատահարի հետևանքով զոհվեց 18 մարդ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացան 40-ը: