Անցնող օրվա կարևորագույն տեղեկատվությունն ըստ ՝ «Mediamall.am»  լրատվականի.


Փրկարարները բնակարանում դի են հայտնաբերել

 

Հոկտեմբերի 16-ին, ժամը 23.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 4-րդ շենքի 10-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և սանհանգույցում հայտնաբերել 1962թ. ծնված Ա. Մ.-ի դին:

 

***

 

Սերժ Սարգսյանը ստորագրեց Արմեն Գևորգյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը

 

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Գևորգյանին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետի պաշտոնից ազատելու մասին:

 

Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրում, մասնավորապես, ասված է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով' որոշում եմ.

Արմեն Գևորգյանին ազատել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետի պաշտոնից»:

 

***

 

«Հիվանդ երևակայության արդյունք»

 

Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ «եռյակի» հանրահավաքը, որին ներկա էին նաև կուսակցությունների առաջնորդները: Չնայած մեծ սպասումներին՝ այդ օրը, սակայն, չհրապարակվեցին և չհստակեցվեցին ոչ իշխանական ուժերի հետագա քայլերը: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն անգամ այդ օրը ելույթ չունեցավ՝ հայտարարելով, որ բոլոր հարցերի պատասխանն ինքը կտա հաջորդ հանրահավաքին:

 

Նշենք, որ հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու հոկտեմբերի 24-ին:

Հանրահավաքին ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հերքեց լուրերն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը որևէ առնչություն ունի հանրահավաքի հետ, և չնայած սրան՝ հնչող տեսակետները «հանրահավաքի պատվիրատուի» հարցում գրեթե նույնն էին:

 

Լուրեր.com-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ևս հերքեց նման տեսակետները և պատասխանեց շատ կարճ. «Հիվանդ երևակայության արդյունք»:

 

***

 

Հռոմում թուրքական հյուպատոսության վրա հարձակում է տեղի ունեցել

 

Հռոմում հարձակում է տեղի ունեցել Թուրքիայի մշակութային հյուպատոսության վրա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Twitter-ում հայտարարել է Թուրքիայի մշակույթի նախարար Օմեր Չելիքը:

 

Նշվում է, որ թուրքական հյուպատոսության վրա ձայնային ռումբեր են նետվել, ինչը վնաս է հասցրել շենքին:

Ավելի վաղ Եվրոպայում Թուրքիայի հյուպատոսությունների վրա ևս երկու հարձակում էր տեղի ունեցել: Հոկտեմբերի 7-ին հարձակումներ էին կատարվել Ֆրանսիայի Մարսել և Ավստրիայի Բրեգենց քաղաքներում գտնվող թուրքական հյուպատոսությունների վրա:

 

Ենթադրվում է, որ ինչպես Հռոմում, այնպես էլ Մարսելում և Բրեգենցում թուրքական հյուպատոսությունների վրա հարձակումները կազմակերպել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK), որն այդ քայլերին է դիմում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման' Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքի վրա հարձակումներին և քրդերի դեմ տարվող պատերազմին Թուրքիայի կողմից չմիջամտելու պատճառով:

 

***

 

Նախագահը մասնակցել է շախմատի դպրոցի բացմանը

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովի մասնակցությամբ Մալաթիա-Սեբաստիա համայնքում կայացավ շախմատի դպրոցի բացման արարողությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, 400 քմ տարածք զբաղեցնող հաստատությունում շախմատի անվճար դասեր կստանան ավելի քան 350 երեխա:

 


«Երեւանի քաղաքապետարանը որդեգրել է «Շախմատի զարգացումը մայրաքաղաքում» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է Երեւանի բոլոր համայնքներում ունենալ նմանատիպ դպրոցներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Սա երրորդ նմանատիպ դպրոցն է Երեւանում: Մինչ այս, շախմատի դպրոցներ էին բացվել նաեւ Դավիթաշեն եւ Աջափնյակ համայնքներում:

 

Տարոն Մարգարյանի փոխանցմամբ, առաջիկա մեկ ամսվա ընթացքում շահագործման կհանձնվի եւս չորս շախմատի դպրոց:
Հայաստանն առաջին երկիրն է աշխարհում, որտեղ շախմատ առարկան ուսուցանվում է հանրակրթական դպրոցներում: «Շախմատ» առարկան ՀՀ հանրակրթական դպրոցների ծրագրերում ներառվել է 2011 թվականին:

 

***

 

Հայաստանը' շախմատային գերտերություն. Արգենտինական հեղինակավոր «La Nación» պարբերականի անդրադարձը

 

Արգենտինական «La Nación» պարբերականը բավական ծավալուն հոդվածով անդրադարձ է կատարել Հայաստանին՝ անվանելով այն շախմատային գերտերություն և հանգամանալից ներկայացնելով շախմատային ավանդույթներն ու ձեռքբերումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' հոդվածում նշված է.

 

«Հայաստանը մոտ 30.000 քառ. կմ տարածքով, 3.2 միլիոն բնակչությամբ մի աշխարհագրական կետ է Փոքր Ասիայում, որը վերջին տասնամյակում շախմատային ոլորտի առաջատար դիրքերն է զբաղեցրել. առաջին տեղն է գրավել 2006թ. Թուրինում, 2008թ. Դրեզդենում և 2012թ. Ստամբուլում կայացած օլիմպիադաներում, թիմային հաշվարկով առաջին տեղն է զբաղեցրել 2011թ. աշխարհի առաջնությունում և աշխարհի միակ երկիրն է, որտեղ շախմատը դպրոցներում դասավանդվում է որպես պարտադիր առարկա: Երկրի նախագահ Սերժ Սարգսյանը նաև ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահն է, իսկ 31-ամյա գրոյսմաստեր Լևոն Արոնյանը մինչև վերջերս աշխարհի 2-րդ ուժեղագույն շախմատիստն էր, իսկ այժմ գրավում է 5-րդ հորիզոնականը»:

 

Անդրադառնալով Հայաստանում շախմատային ավանդույթների ակունքներին' հոդվածագիրն անդրադարձ է կատարում 1963թ. մայիսի 20-ին կայացած Պետրոսյան- Բոտվիննիկ մրցապայքարին, որի արդյունքում 12.5 և 9.5 միավորների հարաբերակցությամբ Պետրոսյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: «Այնպես, ինչպես ամերիկացիներն են հիշում Քենեդիի սպանության օրը և վայրը, այնպես էլ Հայաստանում ավագ սերունդը հիշում է Երևանի օպերայի հրապարակի հանդիսություններն ու տոնակատարությունները, երբ Տիգրան Պետրոսյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը»:

 

Անդրադառնալով Տիգրան Պետրոսյանի' Արգենտինա կատարած չորս այցերին, հոդվածագիրն առանձնացնում է 1971թ. այցը, երբ տեղի ունեցավ Պետրոսյան-Բոբբի Ֆիշեր մրցապայքարը:

 

Հոդվածում հատկապես կարևորություն է տրվում ՀՀ դպրոցներում 2011թ.-ից շախմատը որպես պարտադիր առարկա դասավանդելու որոշումը, որը, ըստ հեղինակի, «մինչև աստղերը բարձրացրեց հազարամյա խաղի ժողովրդականությունը»: «Հայաստանում կա 1500 դպրոց, որտեղ 2-րդ, 3-րդ և 4-րդ դասարաններում շախմատը դասավանդվում է որպես պարտադիր առարկա, և շուրջ 120.000 աշակերտներ սովորում են շախմատ խաղալ: Սա այն տարիքն է, որն ամենահարմարն է շախմատ սովորելու համար: Ավելի քան 1219 հատուկ պատրաստվածություն անցած ուսուցիչներ են դասավանդում այդ առարկանն:

 

«Չենք ուզում, որ աշխարհը Հայաստանի մասին խոսի միայն Ցեղասպանության և երկրաշարժի թեմաներով: Ուզում ենք, որ երկիրը հայտնի լինի շախմատով»,- մեջբերված են նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը:

 

«Շախմատը մարդկանց սովորեցնում է տեսնել այն գեղեցկությունը, որն առաջին հայացքից չի երևում. սովորեցնում է համբերություն ունենալ և չարձագանքել' առանց հասկանալու իրավիճակը»,- մեջբերված են Լևոն Արոնյանի խոսքերը:

Հոդվածում տեղ են գտել բազմաթիվ լուսանկարներ, ինչպես նաև ամբողջությամբ մեջբերված է 2008թ. Դրեզդենում կայացած շախմատի օլիմպիադայում Հայաստանի հավաքականի հաղթանակի առիթով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթի ամբողջական տարբերակը:

 

***

 

Հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից 825 971 մարդ է մեկնել

 

2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 1 մլն 599 հազար 988 ուղևոր, ինչը շուրջ 311 600 ուղևորով կամ 24,2 տոկոսով ավելի է 2013 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ:

 

Հաշվետու ժամանակաշրջանում մեկնողների թիվը կազմել է 825 971 ուղևոր (665 809 ուղևորի փոխարեն 2013 թվականի նույն ժամանակաշրջանում), իսկ ժամանել է 774 017 ուղևոր (622 585 ուղևոր՝ 2013-ին): Մեկնողների և ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմում է 51 954 մարդ: Մեկնած ուղևորների տեսակարար կշիռը ընդհանուր ուղևորափոխադրումների մեջ կազմում է 51,6 տոկոս, ինչը համադրելի է 2013 թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշի հետ՝ 51,7 տոկոս:

 

Բեռնափոխադրումների ծավալը աճել է 6,8 տոկոսով և կազմել են 8 126 տոննա, իսկ թռիչք/վայրէջքների քանակը աճել է 25,9 տոկոսով և կազմել 8 178:

 

***

 

Ադրբեջանի ՊՆ-ն պետք է շփման գծում վստահության ձևավորման հիմքեր ստեղծի. Սեյրան Օհանյան

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն Ադրբեջանի պաշտպանության նախարարին խորհուրդ է տալիս շփման գծում վստահության մթնոլորտի ձևավորման հիմքեր ստեղծել:

 

Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով դիտարկմանը, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ակնկալիքներ ունի: «Մենք էլ ակնկալիքներ ունենք, որ խաղաղություն կհաստատվի: Եվ դրա համար Ադրբեջանի պաշտպանության նախարարին խորհուրդ կտայի շփման գծում վստահության մթնոլորտի ձևավորման մեխանիզմներ ստեղծել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Օհանյանը:

 

Նա ընդգծեց, որ վերջին օրերին իրավիճակն ավելի է լարվել, քանի որ ադրբեջանական կողմից կրակոցները շատացել են: Նախարարը շեշտեց, որ առաջին հերթին անհրաժեշտ է դադարեցնել կրակոցները և վստահության մեխանիզմներ ստեղծել:

 

***

 

ՀՀ Նախագահի վերջնական դիրքորոշումը, ըստ ամենայնի, հայտնի կլինի 2015–ի փետրվար-մարտ ամիսների ընթացքում. Ա. Սաղաթելյան. Tert.am

 

Tert.am-ը սահմանադրական բարեփոխումների մասին զրուցել է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանի հետ, ով ասում է, որ սահմանադրական բարեփոխումների մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի վերջնական դիրքորոշումը, ըստ ամենայնի, հայտնի կլինի հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին։

 


- Պարո՛ն Սաղաթելյան, հայտնի է, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը հոկտեմբերի 15-ին ՀՀ Նախագահի աշխատակազմ է ուղարկել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Որո՞նք են լինելու գործընթացի հետագա քայլերը:


 

- Այո՛, ՀՀ Նախագահի աշխատակազմը ստացել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ստեղծումից մինչ օրս կատարվել է մեծածավալ ու հիմնարար աշխատանք, ինչի համար հանրապետության Նախագահն իր շնորհակալությունն է հայտնել հանձնաժողովին: Նախագահը բարձր է գնահատում նաև հայեցակարգի նախագծի հանրային քննարկումները կազմակերպելու և անցկացնելու կապակցությամբ հանձնաժողովի ձեռնարկած ջանքերը:

 

 

Մենք շնորհակալ ենք նաև բոլոր այն հասարակական-քաղաքական գործիչներին ու կազմակերպություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, մասնագիտական կառույցներին ու մասնագետներին, որոնք ակտիվ և արդյունավետ մասնակցություն են ունեցել կարևորագույն այս գործընթացին:

 

 

Այսօր մենք ունենք նաև Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը, ըստ որի՝ հայեցակարգը «հիմնված է Հայաստանի իրավիճակի համապարփակ իրավական վերլուծության վրա», իսկ «բարեփոխումների նպատակները արժանի են լիակատար աջակցության, քանի որ դրանք ամբողջովին ուղղված են Եվրոպայի խորհրդի արժեքների իրացմանը»:

 

 

Վենետիկի հանձնաժողովը փաստել է, որ հայեցակարգում արտահայտված իրավական դիրքորոշումները համապատասխանում են իր ավանդական դիրքորոշումներին և հատուկ շեշտել, որ սահմանադրական հանձնաժողովի անդամերի հետ հանդիպումների ընթացքում Վենետիկի հանձնաժողովի զեկուցողների արտահայտած տեսակետները հաշվի են առնվել, իսկ հայեցակարգի նախագիծը բարեփոխումների հնարավորություն է ընձեռում, որը չպետք է բացթողնել:

 

Շարունակությունը՝ այստեղ:

 

 

***

 

 

Սեյրան Օհանյանը խոսել է Արմեն Գևորգյանի հրաժարականի մասին

 

 

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր գործունեության ընթացքում կարծիքներ հայտնել, հասարակական-քաղաքական գործունեություն ծավալել կամ հրաժարական տալ և անցնել ավելի հանգիստ աշխատանքի: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր համար ան ակնկալ է եղել արդյոք նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հրաժարականը:

 

«Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ինքը որոշել իր գործունեության ոլորտը: Ես դա բնական եմ համարում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

 

Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաև հարցին, թե ըստ լուրերի՝ իր անունը ևս շրջանառվում է փոխվարչապետի պաշտոնի հավակնորդների թվում: «Ես այդ մասին առաջին անգամ եմ լսում»,- ընդգծեց ՀՀ պաշտպանության նախարարը:

 

***

 

Ոստիկանները Սերս գյուղի բնակչի մոտ զինամթերք են հայտնաբերել

 

Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները Սերս գյուղի հեռուստակայանին հարակից տարածքից բերման են ենթարկել 1976թ. ծնված Արմեն Բ.-ին, որի մոտ հայտնաբերվել է «ՍԿՍ» տիպի 7,62 տրամաչափի ակոսափող, որսորդական հրացան: Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է 7,62 տրամաչափի ինքնաձիգի 11 փամփուշտ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

 

***

 

Շանթ Հարությունյանին' 6 տարի, որդուն' 4

 

Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դավաճիռը:

 

Շանթ Հարությունյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման, իսկ Շահեն Հարությունյանը դատապարտվեց 4 տարի ժամկետով՝ պատիժը պայմանական չկիրառելու պայմանով:

 

***

 

Բանակցություններից առաջ Ադրբեջանի կողմից դրսևորվող ապակառուցողական մոտեցումը մտահոգիչ է. ՀՀ նախագահ

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Պիեռ Անդիոյին (Ֆրանսիա), ԱՄՆ համանախագահի օգնական Դևիդ Սալվոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի հետագա քայլերին, այդ թվում՝ ս.թ. հոկտեմբերի վերջին Փարիզում կայանալիք Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցեր:

 

Անդրադարձ է եղել բանակցային գործընթացին չնպաստող առկա խնդիրներին: Այդ համատեքստում Նախագահ Սերժ Սարգսյանը մտահոգիչ է համարել հատկապես բարձր մակարդակի բանակցություններից առաջ Ադրբեջանի կողմից դրսևորվող ապակառուցողական մոտեցումը:

 

Հանրապետության Նախագահը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակելու բանակցային խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: