Անցնող օրվա կարևորագույն իրադարձություններն ըստ «Mediamall.am» լրատվականի.


Ճապոնիայում հրաբխի ժայթքման զոհ Է դարձել 55 մարդ

 

Ճապոնացի փրկարարները հոկտեմբերի 8-ին հայտնաբերել են Օնտակե հրաբխի ժայթքման հետեւանքով զոհվածներից եւս մեկի մարմինը, այդպիսով զոհերի թիվը հասել Է 55-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այսօր հաղորդել է ճապոնական «Կիոդո» գործակալությունը:

 

Անհայտ կորած է համարվում 9 մարդ: Դրանք հրաբխի ժայթքման հետեւանքով ամենամեծ թվով զոհերն են երկրի ամբողջ հետպատերազմյան պատմության ընթացքում:

 

Հրաբխի ժայթքումը տեղի Է ունեցել սեպտեմբերի 27-ին: Մարդկանց մեծամասնության մահվան պատճառ են դարձել հրաբխային քարերի արտանետման հետեւանքով ստացված մեծաթիվ վնասվածքները: Ըստ գիտնականների հաշվարկների՝ դրանց տրամագիծը կազմել Է 10 եւ ավելի սանտիմետր, իսկ անկման արագությունը՝ ժամում շուրջ 300 կիլոմետր:

 

Կորածների որոնումները բարդանում են անբարենապաստ եղանակային պայմանների պատճառով. այսպես, հանգստյան օրերին փրկարարները չեն կարողացել դուրս գալ լեռներ «Ֆանֆոն» թայֆունի բերած տեղատարափ անձրեւների եւ քամու պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

***

 

«Կարմիր խաչ»-ի ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ-ում ձերբակալված դիվերսանտներին

 

«Կարմիր խաչ»-ի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանի նկատմամբ դիվերսիոն ոտնձգություն իրականացնելու ժամանակ ձերբակալված Շահբազ Ջալալօղլու Գուլիևին և Դիլհամ Ասքերովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այցը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին:

 

ԿԽՄԿ Բաքվի ներկայացուցիչները դիվերսանտներին տեղեկություն են փոխանցել նրանց ընտանիքների մասին, ինչպես նաև վերջիններից համապատասխան տեղեկություն են ստացել' փոխանցելու հարազատներին:

 

ԼՂՀ պաշտպանության նախարարության, ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության և ԼՂՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ԼՂՀ Շահումյանի շրջանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել են պետական սահմանն ապօրինաբար հատած Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլը Գուլիևը (ծնվ.1968 թ.) և Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնվ. 1960 թ.), ևս մեկ դիվերսան' Ադրբեջանի քաղաքացի Հասան Հասանովը (ծնվ.1978 թ.) դիմադրություն ցույց տալու պատճառով ոչնչացվել է: Վերջինիս դին հայկական կողմն արդեն հանձնել է Ադրբեջանին:

 

***

 

Թուրքիայի ՆԳՆ-ն կոչ է արել դադարեցնել անկարգությունները երկրում

 

Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան երկրի տարբեր նահանգների և գավառների բնակչությանը կոչ է արել անմիջապես դադարեցնել բողոքի ակցիաները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haber Turk պարբերականը:

 

«Բոլոր նրանք, ովքեր դիմում են բռնության, կրակի են տալիս իրենց շրջակայքը, դավաճանում են իրենց հայրենիքը: Բռնությունը լուծման միջոց չէ: Թուրքիայի սահմաններից դուրս գտնվող խնդիրը երկրի ներս բերելը ճիշտ չէ: Պետք է անմիջապես վերջ դրվի այս անմիտ պահվածքին»,- ասել է Էֆքան Ալան: Նա ընդգծել է, որ իրենք պատրաստ են վճռական և կտրուկ քայլերի դիմել երկրում անկարգություններին վերջ տալու նպատակով:

 

Հոկտեմբերի 7-ի գիշերը Թուրքիայի տարբեր նահանգներում սկսվել են անկարգություններ: Ցուցարարները փողոց են դուրս եկել բողոքելու Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքում տեղի ունեցող իրադարձությունների դեմ: Անկարգությունների հետևանքով երկրում մահացել է 15 մարդ: Թուրքիայի 2 նահանգում և 9 գավառում հայտարարվել է պարետային ժամ:

 

***

 

Թուրքիայում ցուցարարներն այրել են երկրի դրոշը և անարգել Աթաթուրքի հիշատակը

 

Թուրքիայի հոծ քուրդ բնակչություն ունեցող Շըրնաք նահանգի Սիլոփի գավառում բռնկված անկարգությունների ժամանակ ցուցարարներն այրել են Թուրքիայի դրոշը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական Haber Turk լրատվականը տեղեկացնում է, որ անկարգության մասնակիցները նաև ոտքերով հարվածել են Աթաթուրքի կիսանդրուն:

 

Ցուցարարները փորձել են փակել Սիլոփի տանող ճանապարհները: Ցրվելու վերաբերյալ ոստիկանության կոչերին ցուցարաները պատասխանել են մոլոտովյան կոկտեյլներ և քարեր նետելով, ինչից հետո իրավապահ մարմինները սկսել են գազային պայթուցիկներ և ջրցան մեքենաներ օգտագործել: Թուրքական լրատվամիջոցը նշում է, որ անկարգությունների կազմակերպիչներն ու մասնակիցները ահաբեկչական կազմակերպությունների անդամներ են:

 

***

 

Մահվան ելքով վրաերթ Արմավիր-Երևան ճանապարհին

 

Հոկտեմբերի 7-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Երևան ճանապարհի 20-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1939 թ. ծնված Միհրան Մարտիրոսյանին, որը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:

Կատարվում է քննություն:

 

***

 

Սեյրան Օհանյանը զրուցել է Հակոբ Ինջիղուլյանի հետ հետագա ծառայության հնարավորության մասին

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հակոբ Ինջիղուլյանին և նրա ընտանիքի անդամներին: Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Հակոբին ցուցաբերած տոկունության և հայրենասիրական վարքագծի համար:

 

Ինջիղուլյանը մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական գերության ընթացքում իր նկատմամբ ցուցաբերած անմարդկային վերաբերմունքի, հոգեբանական և ֆիզիկական ճնշումների վերաբերյալ:

 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ նա հայրենիքում և իր ընտանիքի հոգատար միջավայրում հնարավորինս արագ կթոթափի մեկ տարուց ավելի տևած մղձավանջային օրերի սթրեսային հետևանքները, նշել է, որ Ինջիղուլյանի նկատմամբ կատարված գործողությունները փաստում են, որ ադրբեջանական իշխանությունները հատուկքաղաքականություն են մշակել գերեվարված զինծառայողներին հոգեբանական ճնշումների, խոշտանգումների և մահվան սպառնալիքի միջոցով ուղղորդել դեպի երրորդ երկիր, դրանով իսկ իբրև թե ցույց տալով, որ ՀՀ զինված ուժերում կամ ԼՂՀ Պաշտպանության բանակում ծառայության պայմանները տանելի չեն, իսկ Հայաստան վերադառնալն անցանկալի:

 

Սակայն Ինջիղուլյանը, հայկական բանակի մի սովորական զինվոր, իր ճիշտ և խոհեմ քայլերով ի ցույց է դրել ադրբեջանական քաղաքականության սին լինելը:

 

Հանդիպման վերջում Սեյրան Օհանյանը գոհունակություն է հայտնել, որ անգամ նման ծանր ապրումներից հետո Ինջիղուլյանը ցանկություն է հայտնել շարունակել զինվորական ծառայությունը: Պաշտպանության նախարարը հանձնարարել է առողջական վիճակի հետազոտման արդյունքների հիման վրա դիտարկել Ինջիղուլյանի հետագա ծառայության հարցը' առավել կարևորելով վերջինիս կրթություն ստանալու անհրաժեշտությունը:

 

***

 

Էջմիածին-Վաղարշապատը տոնում է իր 2699-րդ ամյակը. Սերժ Սարգսյանը մասնակցեց Էջմիածնի տոնին

 

Համայն հայության հոգևոր մայրաքաղաք Էջմիածին-Վաղարշապատը 2699 տարեկան է: Արդեն 6-րդ տարին է, ինչ Էջմիածնի քաղաքապետի որոշմամբ հոկտեմբերի 8-ին մեծ տոնակատարությամբ նշվում է քաղաքի օրը: Տոնական միջոցառումները մեկնարկում են հոկտեմբերի 6-ին հիմք ընդունելով 405 թվականին տառերի մուտքն Էջմիածին ու այդ առթիվ եռօրյա տոնակատարություն անցկացնելը:

ՀՀ օրհներգով և Հայ առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի աղոթքով Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ քաղաքի հիմնադրման 2699-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Բացման խոսքում Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը բացահայտեց գաղափարախոսությունը, այն է քաղաքի յուրաքանչյուր տարեդարձ նշել վերանորոգված մի փողոցով, շենքով:

Մինչ այդ, Սերժ Սարգսյանն այցելել է Ս. Հռիփսիմե եկեղեցի, մոմ վառել, ապա տոնակատարությանը մասնակցող էջմիածինցիների ու քաղաքի հյուրերի հետ այցելել է Կոմիտասի անվան մշակույթի պալատ, մասնակցել Էջմիածնի տոնին նվիրված հանդիսավոր նիստին: Սերժ Սարգսյանը մշակույթի հիմնանորոգվող պալատի երկրորդ հարկում դիտել է քաղաքի տոնի կապակցությամբ բացված ցուցահանդեսը, այնուհետ Կոմիտասի անվան հրապարակում շրջել է տոնական տաղավարներով:

Միջոցառումից հետո Սերժ Սարգսյանը ծաղիկներ է դրել քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին, այնուհետև դիտել տոնի առթիվ անցկացված շքերթը:

 

 

***

 

 

Լևոն Հայրապետյանի պաշտպանությունը հետ է կանչել վերջինիս ձերբակալման երկարաձգման բողոքը

 

 

Մոսկվայի քաղաքային դատարանը հետ է կանչել հեղինակավոր հայ գործարար Լևոն Հայրապետյանի բողոքը, որով վիճարկվում էր «Բաշնեֆթի» գործով նրա կալանքի երկարաձգումը: Այս մասին հայտնել է РАПСИ-ն՝ հղում անելով դատարանի մամուլի ծառայությունը:

 

Փաստաբանները հրաժարվել են բողոքից, քանի որ նախկինում Բասմանյան դատարանը որոշում է ընդունել գործարարին տնային կալանքի տակ տեղափոխել:

 

Նոր խափանման միջոցի շրջանակներում, Հայրապետյանին արգելվում է լքել բնակարանն առանց քննիչի թույլտվության, օգտվել ինտերնետից և հեռախոսից, շփվել որևէ մեկի հետ՝ բացի հարազատներից, քննիչից, փաստաբաններից և քրեակատարողական ծառայության աշխատակիցներից:

 

***

 

«Ընդդիմությունը այսքան ուժեղ երբեք չի եղել». Արմեն Մարտիրոսյան

 

Այսօր' հոկտեմբերի 8-ին, Գյումրիում կազմակերպվել էր Եռյակի մարզային իրազեկման հանրահավաքը, որի ժամանակ ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով իր ելույթում նշեց՝ ժողովուրդը կարևոր ժամանակներ է ապրում, և այս իշխանություններն իրենց կողմից ընդունված չեն. «Այս պայքարը ոչ թե իշխանությունների դեմ ենք տանում, այլ Հայաստանի համար ենք անելու»:

 

Վերջինիս խոսքով՝ այլ ճանապարհ, քան իշխանափոխությունը, գոյություն չունի: Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ Հայաստանում համակարգ պետք է փոխվի, անձերի փոփոխությամբ ոչինչ չի փոխվի, բայց այն արդյունք կտա միայն այն դեպքում, եթե համակարգը ձևավորեն իրենք, այլ ոչ թե այս իշխանությունները:

 

«Մենք միասին հոկտեմբերի 10-ին Երևան քաղաքի Ազատության հրապարակից սկսելու ենք բարեփոխումների փոփոխությունների շրջանը: Այն հզորությունը, ուժը, որ ունեն գյումրեցիները, այդ ուժը դուք միասնական Ազատության հրապարակում պետք է ցույց տաք»:

 

Ընդդիմության ներկայացուցիչը կարծում է նաև, որ իշխանություններն այսքան թույլ, իսկ ընդդիմությունը՝ այսքան ուժեղ երբեք չի եղել: Սա բերելու է իշխանությունների նահանջին, քանի որ իրենք միասնական են և այդպես կկարողանան ցանկացած խնդիր հաղթահարել:

 

***

 

Դմիտրի Մեդվեդևը շրջել է «Ոսկե աշուն-2014»-ի հայկական տաղավարներով, կոնյակ և պանիր համտեսել

 

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում այսօր' հոկտեմբերի 8-ին, պաշտոնապես մեկնարկել է «Ոսկե աշուն-2014» ագրոպարենային ապրանքների 16-րդ միջազգային ցուցահանդեսը, որին ներկայացված է նաև հայկական 15 ընկերությունների արտադրանքը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիսավոր բացմանը մասնակցել է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մե դվեդևը: Ռուսաստանի Դաշնության վարչապետը ՌԴ գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովի ուղեկցությամբ այցելել է նաև հայկական տաղավարներ, որտեղ նրան հյուրընկալել են ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը:

 

Դմիտրի Մեդվեդևը Սերգո Կարապետյանի ուղեկցութամբ շրջել է հայկական տաղավարներով, որտեղ ներկայացված են մսամթերք, հյութեր, թարմ պտուղ-բանջարեղենից պատրաստված պահածոներ, թթու կաթնամթերք, պանիր, ալկոհոլային խմիչքներ, այդ թվում ռուսական շուկայում մեծ պահանջարկ վայելող հայկական կոնյակ: Համտեսելով հայկական կոնյակը' ՌԴ վարչապետը նշել է, որ այն բարձրորակ է և մեծ պահանջարկ է վայելում: ՌԴ վարչապետը բարձր է գնահատել նաև հայկական պանրի որակը' ընդգծելով , որ կցանկանար ռուսական շուկայում տեսնել հայկական արտադրության այլ կաթնամթերք ևս:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Վերին Լարս սահմանային անցակետի ոչ արդյունավետ աշխատանքի խնդիրը, քանի որ նրա շուրջօրյա չգործելու պատճառով հնարավոր չի լինում բավարար քանակով արտահանումներ իրականացնել: ՌԴ վարչապետը նշել է, որ բարձրացված հարցին կաշխատեն հնարավորինս սեղմ ժամկետում լուծում տալ:

 

Ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպումներ է ունեցել Բելառուսի, Ղրղզստանի, Թուրքմենստանի Հանրապետությունների գյուղատնտեսության նախարարների հետ: Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարները պայմանավորվել են առաջիկայում ստորագրել համագործակցության համաձայնագիր:

 

***

 

Եռյակը հանրահավաք անցկացրեց Գյումրու «Թատերական» հրապարակում

 

Գյումրու «Թատերական» հրապարակում հոկտեմբերի 8-ին հանրահավաք անցկացրեց ՀՀ ԱԺ ոչ իշխանական ուժերի' «Բարգավաճ Հայաստան»-ի, «Ժառանգության», «Հայ ազգային կոնգրես»-ի եռյակը:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' հանրահավաքի ընթացքում խորհրդարանի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, մասնավորապես, անդրադարձավ գյումրեցիների բնակարաններով ապահովման, Շիրակի մարզի գյուղերի ու գյուղացու խնդիրներին, իսկ սահմանադրական փոփոխություններին՝ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:

 

Ելույթներ ունեցան նաև Նաիրա Զոհրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը, Արամ Մանուկյանը, Ստեփան Մարգարյանը և համախոհներ:

Արմենուհի Մխոյան