«Mediamall.am» լրատվականն ամփոփում է օրը.
Ծեծի են ենթարկել Աբովյանի քաղաքապետի թեկնածու Կարո Իսրայելյանին
Ծեծի են ենթարկել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածու, նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանին: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվական վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Կարապետ Իսրայելյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ դեպքը տեղի է ունեցել երեկ, Աբովյանի Հանրապետության փողոցում գտնվող Կենտրոնական շուկայի տարածքում:
Ոստիկանությունից մեզ ասացին նաև, որ նրան հարվածողի անձը Կարապետ Մկրտչյանն է: Այլ մանրամասներ մեզ չհաջողվեց պարզել:
Նշենք, որ վերջերս մամուլի միջոցով Կարո Իսրայելյանը Սերժ Սարգսյանից խնդրել էր հանձնարարականներ տալ իրավապահներին՝ ապահովելու իր անվտանգությունը մինչև ընտրությունների ավարտը, քանի որ չէր բացառում հնարավոր ոտնձգությունները նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ հաշվի առնելով մրցակիցներից մեկի թիմի կողմից արմատավորված և Աբովյան քաղաքում առկա նախընտրական մթնոլորտը:
Մանկական աղքատությունը չարիք է մեր երկրի համար
Այսօր նշվում է Երեխաների պաշտպանության համաշխարհային օրը: Ինչպես շատ այլ երկրներում, այնպես էլ մեր երկրում կան երեխաների պաշտպանության ոլորտում համակարգային խնդիրներ: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը նշեց, որ երեխաների իրավունքների վերաբերյալ Հայաստանը մի շարք միջազգային փաստաթղթեր է ստորագրել է, և եթե մեր պետությունն այդ պարտավորությունները պատշաճ կատարի՝ մի քանի տարում թռիչք կկատարենք: Նկատում է նաև, որ դրա համար պետք են մեծ ռեսուրսներ, կամք, տարբեր պետական մարմինների միջև շատ սերտ համագործակցություն, ինչը ոչ միշտ է մեզ մոտ պատշաճ ձևով իրականացվում:
«Մեր երկրում մեծ խումբ են կազմում հատկապես աղքատության մեջ ապրող երեխաները, իրենք ունեն բազմաթիվ խնդիներ, օրինակ՝ ստիպված են լինում դասերը բաց թողնել՝ ծնողների հետ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու համար, կամ կարող է բուժծառայություններից պատշաճ կարգով չօգտվեն և այլ բազմաթիվ խնդիրներ: Այսինքն՝ աղքատությունը մնացած խնդիրներն առաջացնող նշաձողն է Դրա համար մեր պետությունը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի՝ մանկական աղքատությունը նվազեցնելու համար»,- ասաց Տաթևիկ Խաչատրյանը:
Վերջինիս խոսքով՝ երկրորդ խնդիրը երեխաների ինստիտուցիոնալիզացիան է: Երեխաները մնում են առանց ծնողական խնամքի, կյանքի բերումով դժվար պայմաններում են հայտնվել, գոնե նրանք հնարավորինս վերադարձվեն ընտանիքներ, տեղափոխվում են հաստատություններ: Ամբողջ զարգացած աշխարհը հետ է գնում այդ քաղաքականությունից, հաստատություններից երեխաներին վերադարձնում են ընտանիքներ, իսկ մեզ մոտ հակառակն է:
«Հայաստանում թրաֆիքինգի խնդիրը ևս կա, ցավոք սրտի, չկա համալիր ուսումնասիրություն, որպեսզի իմանանք՝ քանի երեխա է թրաֆիքինգի ենթարկում, չկա կառույց, որ կատարի ուսումնասիրություններ, գուցե վիճակն ավելի վատ է, բայց չկա իրազեկվածություն: Նույն վիճակն է նաև հարկադիր աշխատանքում: Մենք գիտենք՝ բազմաթիվ երեխաներ դպրոց գնալու փոխարեն աշխատում են, դրանք հիմնականում չգրանցված աշխատանքներ են, երբեմն՝ երեխայի առողջություն համար վտանգավոր: Բայց միևնույն է՝ չկա վերահսկողություն, պատկան մարմինները չեն հայտնաբերում նման երեխաներին և վերադարձնում ընտանիքներ»:
Մեր այն հարցին, թե վերջերս պատգամավորներից մեկը հրապարակավ հայտարարեց, թե մանկատներից երեխաներին մուրացկանության են ուղարկում, հենց տնօրենների հսկողությամբ, ՄԻՊ տեղակալն ասաց, որ իրենք այդ հայտարարությունից հետո ուսումնասիրություններ են սկսել, և խնդիրն ուշադրության կենտրոնում է: «Հայտարարության օրից ի վեր՝ զբաղվում ենք այդ հարցով, տեսնենք՝ կա՞ նման բան, թե՞ ոչ, որովհետև մենք հակառակ փաստն էլ չունենք»,- ասաց Տաթև Խաչատրյանը:
Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) եղբայրը մահացավ
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Էջմիածնի մայրուղում՝ «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում լիցքավորման սարքից տեղի է ունեցել պայթյուն: Գազալցակայանը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, «Ճոյտ» մականվամբ Հակոբ Հակոբյանին:
Հիվանդանոց էին տեղափոխվել երեք քաղաքացի՝ գազալցակայանի աշխատակից Արթուր Գասպարյանը, Հակոբ Հակոբյանի որդին՝ Արմեն Հակոբյանը և եղբայրը՝ նույն անվամբ՝ Արմեն Հակոբյանը:
ԼՈւՐԵՐ.com-ը քիչ առաջ «Այրվածքաբանության կենտրոնից» տեղեկացավ, որ «Ճոյտի» եղբայրը՝ Արմեն Հակոբյանը, մահացել է:
Նշենք, որ Արմեն Րաֆֆիկի Հակոբյանը ստացել էր 85 տոկոս այրվածք՝ շնչուղիների վնասմամբ: