«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.
Իտալիայի Ռավեննա քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Իտալիայի Ռավեննա (Ravenna) քաղաքը հոկտեմբերի 22-ին միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Ռավենայի քաղաքային խորհուրդի կողմից ընդունված բանաձևում նշվում է, որ, հաշվի առնելով Իտալիայում հայերի միության դիմումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հայերի ողբերգությունը որպես Ցեղասպանություն ճանաչվել է ՄԱԿ մարդու իրավունքների ենթահանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի, Իտալիայի պատգամավորների պալատի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից (հիշատակելով 2015թ. ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ պատարագի մատուցման ժամանակ նրա ունեցած ելույթը), Ռավեննայի քաղաքային խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և իր համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ:
***
Իրադրությունն առաջնագծում
Հոկտեմբերի 28-ին և լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտվել է շուրջ 70 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ իրադրությանը և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
***
Թուրքիայում գրանցված երկրաշարժն զգացվել է Երևանում և Արարատի մարզում
ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հոկտեմբերի 29-ին' տեղական ժամանակով ժամը 14.11-ին, գրանցվել է 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.810 և արևելյան երկայնության 44.250 (Թուրքիա): Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում և Արարատի մարզում 2-3 բալ ուժգնությամբ:
***
Կառավարությունը որոշմամբ հաստատեց. էլեկտրաէներգիայի սակագինը կսուբսիդավորվի մինչ հաջորդ տարվա հուլիսի 31-ը ներառյալ
ՀՀ կառավարությունը և «Տաշիր» բարեգործական հիմնադրամն էլեկտրաէներգիայի սակագնի 6,93 դրամ բարձրացումը կսուբսիդավորեն մինչև 2016 թվականի հուլիսի 31-ը: Կռավարությունն այսօվա նիստում հաստատեց այդ մասին որոշման նախագիծը:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը նշեց, որ կառավարությունն իր 2015 թվականի օգոստոսի 31-ի և 2014 թ. դեկտեմբերի 18-ի որոշումներում կատարում է փոփոխություններ: Մասնավորապես, որոշման նախաբանում «մինչև էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը» բառերը փոխարինվում են «մինչև 2016թ. հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար» բառերով, ինչը նշանակում է, որ սուբսիդիաները վճարվելու են մինչև 2016թ. հուլիսի 31-ը: Միաժամանակ, մեկ այլ փոփոխությամբ' սահմանամերձ համայնքների բնակիչ-բաժանորդների համար 2015 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2016-ի հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար 6,93 դրամ/կՎտժ նվազեցումը կկիրառվի ամսական մինչև 250 կՎտժ սպառում ունեցող բնակիչ-բաժանորդների համար:
«Ըստ մեր պայմանավորվածության' քաղաքացիների և փոքր ու միջին բիզնեսի ծախսած մինչև 250 կվտ/ժամ էլեկտրաէներգիայի սակագինը մենք ենք վճարելու»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:
Սույն որոշման նախագծով' ՀՀ կառավարությունը և «Տաշիրը» (յուրաքանչյուրը' հավասար չափով) 2015-ի հոկտեմբերի 1-ից մինչև 2016թ. հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում սպառած էլեկտրաէներգիայի դիմաց՝ ամսական մինչև 250 կՎտժ սպառում ունեցող բնակիչ սպառողների ու 0.38 կՎ և ցածր լարմամբ սնվող՝ սպառման յուրաքանչյուր առանձին համակարգում (էլեկտրական էներգիայի մատակարարման յուրաքանչյուր առանձին պայմանագրով) ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող այլ սպառողների (ամսական մինչև 250 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառման մասով) օգտին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին կփոխհատուցեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված նոր և նախորդ սակագների տարբերությունը (6,93 դրամ/կՎտժ):
Որոշման նախագծով ամսական 250 կՎտժ-ից ավել սպառում ունեցող սպառողների համար փոխհատուցում չի նախատեսվում:
***
Սերժ Սարգսյանն ու արքայազն Չարլզը մասնակցել են Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակի ոգեկոչման արարողությանը
Աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ Վեսթմինսթրյան աբբայությունում մասնակցել է 1915թ. Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակի ոգեկոչման արարողությանը: Էկումենիկ արարողությունը Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ հանդիսապետել է Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Արարողությանը ներկա է գտնվել նաև Նորին Արքայական Մեծություն, Ուելսի արքայազն Չարլզը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում Միացյալ Թագավորությունում Հայոց ցեղասպանության սրբադասված մարտիրոսների հիշատակությունն ու նրանց անմահ հոգիների համար էկումենիկ աղոթքը հնչել է նաև որպես հրավեր բարի կամքի տեր բոլոր մարդկանց, ազգերին ու ժողովուրդներին' միանալու արդարության հաստատման համար աղոթքին և իրենց ձայնը հնչեցնելու մարդկության դեմ մեծագույն հանցագործության' ցեղասպանության դեմ պայքարում, աղոթելու աշխարհում խաղաղության հաստատման ու պահպանման համար:
Արարողության ժամանակ հոգևոր երգերը կատարել է Լոնդոնի Սբ. Եղիշե Հայկական եկեղեցու երգչախումբը: