Իտալիայի Ռավեննա (Ravenna) քաղաքը հոկտեմբերի 22-ին միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Ռավենայի քաղաքային խորհուրդի կողմից ընդունված բանաձևում նշվում է, որ, հաշվի առնելով Իտալիայում հայերի միության դիմումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հայերի ողբերգությունը որպես Ցեղասպանություն ճանաչվել է ՄԱԿ մարդու իրավունքների ենթահանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի, Իտալիայի պատգամավորների պալատի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից (հիշատակելով 2015թ. ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ պատարագի մատուցման ժամանակ նրա ունեցած ելույթը), Ռավեննայի քաղաքային խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և իր համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ: