Անցնող օրն ամփոփ ներկայացնում է «Mediamall.am» լրատվականը.


Իրադրությունն' առաջնագծում

 

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 45 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 210 կրակոց:

 

ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն պահպանել են հրադադարի պահպանման ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն


***


Կալանավորվել է ոստիկանության Իջևանի բաժնի պետը. ՀՔԾ


Սեպտեմբերի 17-ին, Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը, և որոշում կայացրել կալանավորվել ոստիկանության Իջևանի բաժնի պետ Անդրանիկ Ա.-ին: Իջևանի ոստիկանապետը դատարանից տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ:

 

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ա.-ի և ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետ Անդրանիկ Ա.-ի կողմից հանցագործության դեպքը նախ թաքցնելու, ապա' մեղադրանքի արհեստական ապացույցներով իրականությունը խեղաթյուրելու դեպքի մասին: Դեպքի առնչությամբ, սեպտեմբերի 14-ին ձերբակալվել էր ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետ Անդրանիկ Ա.-ն, իսկ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ա.-ին նույն օրը մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:


Լուսանկարը՝ Shamshyan.com

 

***

 

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. ննջասենյակում հայտնաբերվել է կնոջ դի. կա ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 2 վիրավոր. shamshyan.com

 

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, արտակարգ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Գուգարքի բաժին, որ Գուգարք գյուղի 2-րդ փողոցի 14 տանը գողություն է տեղի ունենում:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մտնելով տուն՝ ոստիկանները ննջարանում հայտնաբերում են դանակի մի քանի հարվածներից մահացած տանտիրուհու՝ Հայկուշ Աղաջանյանի դին: Հայտնաբերում են նաև նրա եղբոր տղային՝ 23-ամյա Րաֆֆի Աղաջանյանին՝ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վնասվածքով: Ոստիկաններն իրենց ավտոմեքենայով Ր. Աղաջանյանին տեղափոխում են Վանաձորի բժշկական կենտրոն


Ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ դեպքից րոպեներ առաջ նշված հասցեում է գտնվել «Ռուս Արթուր» մականվամբ Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի բնակիչ, 24-ամյա Արթուր Ղավալյանը: Օպերատիվ քննչական խմբերը սկսում են որոնողական աշխատանքները կասկածյալ Ա. Ղավակյանին հայտնաբերելու ուղղությամբ: 2 ժամ անց դեպքի վայրից մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող Գուգարք գյուղի ավագ դպրոցի հիմնական մասնաշենքի նկուղային հարկ իջնող աստիճանների վրա դանակի մի քանի հարվածներից ստացած վիրավոր վիճակում հայտնաբերվում է Ա. Ղավալյանը, ով նույնպես ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվում է հիվանդանոց: 


Շարունակությունն՝ այստեղ:



***



Մեր պատասխան գործողությունները ցույց տվեցին մեր զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակը. Բակո Սահակյան



Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը հայոց անկախ պետականության հենասյուներից և ազգային ինքնության պահպանման, հայրենիքի հետ կապերի ամրապնդման առանցքային բաղադրամասերից մեկն է: Այս մասին Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովի բացման արարողության ժամանակ իր ելույթում ասաց ԼՂՀ նախագահ Բակո Սահակայնը: «Եվ մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք այն անսասան պահելու և զարգացնելու ուղղությամբ: Մեր եռամիասնությունն ունի կարևոր աշխարհաքաղաքական դերակատարություն, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն լուծել մեզ առաջադրվող խնդիրները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սահակյանը:

Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջերս գրանցված լարվածությանը՝ Բակո Սահակյանը նշեց, որ սույն թվականի հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները, դիվերսիոն ներթափանցման փորձերը 1994թ. կնքված հրադադարից հետո հանդիսացան հակառակորդի կողմից իրավիճակի ապակայունացմանն ուղղված ամենակոպիտ խախտումները, որոնք ուղեկցվել են սահմանային շրջանում ադրբեջանական զինուժի ծանր զինտեխնիկայի կենտրոնացմամբ: «Նման զարգացումները համարժեք քայլեր են պահանջել նաև մեր կողմից:

Արցախի պաշտպանության բանակի և համապատասխան կառույցների համատեղ գործողությունների շնորհիվ հակառակորդի կողմից ձեռնարկված բոլոր գործողություններն արդյունավետորեն կասեցվել են, ինչի հետևանքով վերջինս, կրելով զգալի կորուստներ, հետ է շպրտվել իր ելման դիրքեր: Մեր պատասխան գործողությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին մեր զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակը, զինվորների անսասան ոգին և հայրենասիրությունը, հասարակության համախմբվածությունը վտանգի դեմ և պատրաստակամությունը պահպանելու մեր երկրի անկախությունը, անվտանգությունն ու արժանապատվությունը»,- ասաց ԼՂՀ նախագահը:

Բակո Սահակյանն ընդգծեց, որ այդ օրերին իրենց գոտեպնդում էր Հայաստանի և Սփյուռքի համայն հայության համախմբվածությունը, ինչը շատ կարևոր է սահմանին կանգնած զինվորի համար: «Այսօր արդեն իրավիճակը շփման գծում համեմատաբար կայուն է և վերահսկվում է մեր կողմից: Բայց մենք լուծում ենք բազմաթիվ այլ խնդիրներ ևս: Զարգացնում ենք տնտեսությունը, աշխատում ենք սոցիալական տարբեր հարցերի լուծման ուղղությամբ»,- նշեց Բակո Սահակյանը:

 

***

 

ՀՅԴ-ի «դավաճանության» և ներքին քաղաքական զարգացումների մասին

 

Ինչպես տեղեկացրել էինք, սահմանադրական բարեփոխումների հարցում քառյակում տարաձայնություններ կան: ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը հոկտեմբերի 10-ին հանրահավաք կանցկացնեն. ՀՅԴ-ն չի մասնակցի հանրահավաքին:


ՀՅԴ-ի հանրահավաքին չմասնակցելու և ներքաղաքական զարգացումների մասին Լուրեր.com-ը զրուցեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ.


-Սպասելի՞ էր, որ ՀՅԴ-ն հանրահավաքին չի մասնակցի:

 

-Ինձ համար ի սկզբանե հասկանալի էր, որ այսպես կլինի: Դժվար է պատկերացնել «Դաշնակցությանը» Լևոն Տեր-Պետրոսյանի հետ նույն հարթակում: 


-Ճի՞շտ են այն որակումները, որ ՀՅԴ-ն կարևոր պահին դավաճանեց ընդդիմությանը:

 

-Կարծում եմ՝ ոչ:


-Եռյակի հանրահավաքն ինչ-որ բան կկարողանա՞ փոխել ներքաղաքական իրավիճակում:

 

-Ոչ:


-Իսկ առաջիկայում ի՞նչ ներքաղաքական զարգացումների սպասենք:

 

-Ոչ մի:



***



Դատարանն ընդունել է Լևոն Հայրապետյանի փաստաբանի օգնության մերժումը



Մոսկվայի Բասմանյան դատարանն ընդունել է քննիչի մերժումը' փաստաբան Ալեքսանդր Հարությունյանի կողմից հայտնի գործարար Լևոն Հայրապետյանի շահերը պաշտպանելու թույլտվության վերաբերյալ: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հայրապետյանը մեղադրվում է դրամական միջոցների վատնման և փողերի լվացման մեջ:

 

Ավելի վաղ քննիչը փաստաբանին մերժելու որոշումը բացատրել է՝ ասելով, որ Հայրապետյանը հայտարարության մեջ գրել է այն երեք փաստաբանների անունները, ովքեր պետք է պաշտպանեին իր իրավունքները: Այդ ցուցակի մեջ ներառված չէր Հարությունյանի անունը:

 

Հայրապետյանը ձերբակալվել է հուլիսի 15-ին Դոմոդեդովո օդանավակայանում, ուր նա ժամանել էր Նիցցայից:

 

***

 

Միացյալ Նահանգներն Ուկրաինային կաջակցի 1մլրդ դոլար երաշխիքի չափով. Պորոշենկո

 

Ուկրաինայի արևելքում հրադադարը պետք է «վերածվի տևական խաղաղության»: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից հետո: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Մոտ ժամանակներս մենք ակնկալում ենք Մինսկի երկխոսության շարունակությունը: Տասներկու օր տևող հրադադարի ռեժիմը պետք է «վերածվի տևական խաղաղության»,- Պորոշենկոյի խոսքը մեջբերում է վերջինիս մամուլի ծառայությունը:

Նախագահը նաև նշել է, որ իր երկիրը գործնական օգնություն կստանա ի լրացում այն մեկի, որը արդեն առկա է, իսկ դա կազմում է $240 մլն և 1 մլրդ դոլար ֆինանսական երաշխիքներ»:

Պորոշենկոն հայտնել է, որ Ուկրաինայում կսկսվի Ուկրաինայի տնտեսության մեջ ամերիկյան ներդրումների քաղաքական անվտանգության հատուկ ծրագիր: Սակայն տվյալ ծրագրի չակերտները դեռևս բացված չեն:

Բացի այդ, Ուկրաինայի նախագահի խոսքով, Վաշինգտոնն իր դիտորդներին պետք է ուղարկի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, որոնք երկրում կանցկացվեն հոկտեմբերի 26-ին:

 

***

 

Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է Հռոմի Պապին

 

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, առավոտյան ժամը 10:30-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն իր գրասենյակում ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին և նրան ուղեկցող պատվիրակությանը: Այս մասին հայտնում է Վատիկանի ռադիոն

Հռոմի Պապն այնուհետև ընդունել է Հավատո Ժողովի քարտուղար Լուիս Ֆրանսիսկօ Լատարիա Ֆերրերին և Պերուի հանրապետության առաքելական նվիրակ Ժեյմս Պատրիկ Կրիինին:

 

***

 

Ադրբեջանական բանակի զինվորն ինքնասպանություն է գործել

 

Բաքվի զորամասերից մեկում ինքնասպանության դեպք է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով moderator.az լրատվական կայքը, 18-ամյա զինվոր Հուսեյն Հաբիլ օղլու Հուսեյնովն իրեն ամրակցված զենքից կրակել է իր վրա եւ տեղում մահացել: Դեռեւս հայտնի չէ զինվորի ինքնասպանության դիմելու պատճառը: Ադրբեջանի ՊՆ-ն դեռեւս չի հաստատել փաստը:

Ադրբեջանի լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի տվյալներով' այս տարվա սկզբից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 77 զինծառայող, որոնցից 49-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 117 զինծառայող էլ վիրավորվել են: «Դոկտրինա»-ն հայտնել է, որ հիշյալ ժամանակահատվածում ադրբեջանական բանակում 15 զինծառայող մահացել են ինքնասպանության եւ անզգուշության արդյունքում:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են սեպտեմբերի ընթացքում տարբեր պատճառներով եւս երկու զինվորի մահվան մասին:

 

***

 

Իսկ ո՞ւր է նա. Ժիրինովսկին կասկածում է, որ Պորոշենկոյի որդին մասնակցում է երկրի արևելքի մարտական գործողություններին

 

Պետդումայի պատգամավոր, ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կասկածում է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի որդին մասնակցում է Ուկրաինայի արևելքում մարտական գործողություններին: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:

«Պորոշենկոյի արած հայտարարությունն այն մասին, որ իր որդին բանակ է գնացել, բազում հարցերի տեղիք է տալիս: Իսկ ո՞ւր է նա: Ցույց տվեք նրան: Բրիտանիայի արքայազնը ժամանակին ոչ ոքից չէր թաքնվում»,- գրել է Ժիրինովսկին Twitter-ի իր միկրոբլոգում:

Ավելի վաղ CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում Պորոշենկոն հայտարարել է, որ իր որդին կամավոր հիմունքներով պայքարում է Ուկրաինայի արևելքում: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ իր որդին ETON-ի, Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի, INSEAD-ի և Օքսֆորդի շրջանավարտներից է:

 

***

 

Ռուսաստանի հայ համայնքը մտահոգված է Լևոն Հայրապետյանի խնդրով. Արա Աբրահամյան

 

Ռուսաստանի 2.5 միլիոնանոց հայ համայնքը մտահոգված է հայ բարերար Լևոն Հայրապետյանի ձերբակալման հանգամանքով: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

 

«Պետք է համբերություն ունենալ, և ամեն ինչ կպարզվի, ու Լևոն Հայրապետյանն անպայման դուրս կգա: Մենք բոլորս՝ երկուսուկես միլիոն հայություն Ռուսաստանում, մտահոգված է այդ խնդրով»,- «Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ շեշտեց Աբրահամյանը:

 

Նա ընդգծեց, որ իրենք այդ հարցում համագործակցում են Հայաստանի հետ: Աբրահամյանը նկատեց, որ Լևոն Հայրապետյանի խնդիրն իր համար շատ կարևոր է: «Պիտի փորձենք օգտակար լինել: Հայրապետյանը բազմաթիվ բարեգործություններ է իրականացրել Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում: Հիմա ժամանակն է, որ մենք մեր խոսքն ասենք: Ռուսաստանի ողջ հայությունն ուզում է մեկ բան' որ նա ազատության մեջ լինի մինչև դատավարության ավարտը»,- նշեց Աբրահամյանը:

 

ՌՀՄ նախագահը նաև կարծիք հայտնեց, որ Լևոն Հայրապետյանը որևէ բանում մեղավոր չէ, և նրան հարկավոր է ազատ արձակել, ինչին էլ ուղղված են բոլոր ջանքերը:

 

Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Ըստ նախաքննության' հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի գործարքի ժամանակ, որում ենթադրվում է, որ ներգրավված է եղել նաև Հայրապետյանը:

 

Հայրապետյանն այդ գործարքից իբր խոշոր չափի գումար է ստացել: Վերոնշյալ մեղադրանքները Հայրապետյանը չի ընդունում, իսկ նրա փաստաբանն արդեն բողոքարկել է դրանք: Հուլիսի 24-ին դատարանը պաշտոնական մեղադրանք է առաջադրել Հայրապետյանին: Ռուսաստանում գործող մի շարք հայկական կազմակերպություններ, ՀՀ պետական և հասարակական գործիչներ իրենց աջակցությունն են հայտնել գործարարին:

 

 

***

 

 

Օգոստոսյան իրադարձությունները ցույց տվեցին հայոց բանակի մարտունակությունը

 

 

Օգոստոսյան դեպքերը ցույց տվեցին, որ հայկական զինված ուժերը պատշաճ մակարդակի վրա են, և տարբեր օղակներ համախմբած են, երբ երկրին վտանգ է սպառնում:

Հենց այդ շնորհիվ հայերը հաջողություն ունեցան: Այս մասին ԵՊԼՀ ուսանողների հետ հանդիպման ընթացքում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

«Ծանր իրավիճակ է, երբ տեսնում ես, որ 18 տարեկան տղան մահանում է: Դրա հետ մեկտեղ, զգում ես, որ մենք վաղվա օրվա հետ կապված խնդիր չունենք: Մենք ունենք տղաներ, որոնք այսօր պահում են սահմանը: Մեր գալիք սերունդը շարունակելու է պաշտպանել սահմանները:

Ես հպարտանում եմ իրենցով: Եղել են դեպքեր, երբ մեր տղաներն առանց զենքի վռնդել են ադրբեջանական դիվերսիոն խմբերին: Փոքր ժողովուրդ ենք, բայց բազմաթիվ հաղթանակներ ենք ունենում: Քանակը ոչինչ չի որոշում, ոգին է կարևոր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց ՀՀ պաշտպանության նախա րարի տեղակալը: