Դեռևս օգոստոսի 2-ին Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել Իջևան քաղաքի «Իջևանատուն» համալիրի մոտ տեղի ունեցած հրաձգության և սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի մասին'
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ա.-ն և ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետ Անդրանիկ Ա.-ն մտերիմ փոխհարաբերությունների մեջ են եղել Իջևան քաղաքի բնակիչ, «Իջևանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խ.-ի հետ: 2014թ. ապրիլի 2-ին, տեղեկանալով նախորդ օրը «Իջևանատուն» համալիրի բակում տեղի ունեցած հրաձգության մասին, ժամանել են նշված համալիր: Քննչական բաժնի պետի տեղակալը և ոստիկանության բաժնի պետը' Անդրանիկ Խ.-ից տեղեկանալով Աշոտ Ա.-ի ուղղությամբ նրա կողմից մարտական փափուշտներով լիցքավորված որսորդական «Սայգա» տեսակի ինքնաձիգով շուրջ 30 կրակոցների արձակման մասին' նրան օգնելու նպատակով հանցագործության մասին ստացված հաղորդումն ընդունելու, գրանցելու և բացահայտման ուղղությամբ օրենքով սահմանված իրենց պարտականությունները կատարելու փոխարեն' նախ' որոշել են թաքցնել դեպքը, ապա' դրա հասարակական լայն արձագանքից անհանգստացած, մինչև դեպքի օրենքով սահմանված կարգով հաշվառումը, ձեռնամուխ են եղել մեղադրանքի արհեստական ապացույցներով իրականության խեղաթյուրմանը: Նրանք հրահանգավորել են Անդրանիկ Խ.-ին' դեպքի վայրից վերացնել հանցագործության իրական հետքերը և ստեղծել կեղծ ապացույցներ: Ոստիկանության տարածքային բաժնում հանցագործության դեպքն օրենքով սահմանված կարգով գրանցվել և ընթացք է տրվել միայն կեղծ ապացույցների ստեղծումից հետո:
2014թ. սեպտեմբերի 14-ին ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետ Անդրանիկ Ա.-ն, իսկ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ա.-ին նույն օրը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: