«Mediamall.am» լրատվականն ամփոփում է օրը.












Ողբերգական դեպք' Լոռու մարզում. մեքենայի հրդեհի հետևանքով մահացել է 7 երիտասարդ


ՀՀ ՏԿԱԻ նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր' կեսգիշերն անց, տեղեկատվություն է ստացվել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին' Սարատովկա գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

 

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան (առանց պ/հ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել քարերին և բռնկվել: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել են 1994թ. ծնված Վ. Մ.-ն, 1991թ. ծնված Վ. Ա, 1993թ. ծնված Գ. Ղ.-ն, 1993թ. ծնված Ա. Տ.-ն, 1991թ. ծնված Գ. Պ.-ն, 1993թ. ծնված Կ. Խ.-ն և մեկ անձը չպարզված քաղաքացի (տղա):

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.20-ին, մարվել' 01.33-ին: Դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները կռունկի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա. ավտոմեքենան (5 զոհով) տեղափոխվել է Ստեփանավան քաղաքի ԲԿ-ի տարածք, ավտոմեքենայի մասնատման և դիակների հանման համար:


***

Զանգվածային թունավորում՝ Վահան գյուղում. 25 քաղաքացի հոսպիտալացվել է

 

Հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը ՀՀ առողջապահության նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Ճամբարակի առողջության կենտրոն են հոսպիտալացվում Վահան գյուղի տարբեր տարիքի բնակիչներ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկանում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից: 

 

Հունիսի 6-ին, ժամը 10:45-ի դրությամբ դիմել է 25 անձ, որից 7-ը՝ 4-ից 14 տարեկան երեխա:

 

Բոլորի մոտ նկատվել են նույն ախտանշանները' սրտխառնոց, փսխում, լուծ, ընդհանուր թուլություն, մի մասի մոտ՝ ջերմություն:

 

Հիվանդներից 6-ը, որից մեկը՝ երեխա, ստացել են առաջնային բուժօգնություն և տուն ուղարկվել, իսկ 19-ը՝ հոսպիտալացվել է: Նրանցից 12-ի վիճակը գնահատվում է թեթև, 7-ի վիճակը՝ միջին ծանրության:

 

Դեպքերի առաջացման պատճառը պարզաբանելու նպատակով ձեռնարկվել են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, որոնք զուգորդվում են լաբորատոր հետազոտություններով:

 

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում բացահայտվել է, որ բոլոր հիվանդները կերել են թութ՝ գնված իրենց գյուղում այդ օրը ժ. 16-ի մոտակայքում միրգ վաճառող նույն անձից:

 

Հիվանդների վիճակն այժմ բավարար է, ունեն առողջացման դրական տեղաշարժ:

 

Իրականացվում են բակային համայցեր՝ հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով:

 

Աշխատանքները տարվում են շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ համատեղ:

 

 

 

***

 

Վիճաբանություն, բռունքի հարվածներ ու դանակահարություն՝ Հաղարծին գյուղում

 

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Հաղարծին գյուղից բաժին են հրավիրել 1979 թ. ծնված Վարդան Պ.-ին:

 

Պարզվել է, որ հունիսի 4-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Հաղարծին գյուղի «Քսնաջուր» կոչվող վայրում գտնվող, Վարդան Պ.-ին պատկանող անասնագոմում 1944 թ. ծնված Իսրայել Գ.-ի հետ ծագած վիճաբանության ընթացքում վերջինս ձեռքով հարվածել է Վարդան Պ.-ի դեմքին, այնուհետև ձեռքի դանակով մեկ անգամ հարվածել գլխին և պատճառել վնասվածքներ:

 

Վարդան Պ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

 

Նյութերի նախապատրաստման ընթացքում Հաղարծին գյուղից բաժին է հրավիրվել Վարդան Պ.-ի կինը' 1981 թ. ծնված Անահիտ Բ.-ն: Պարզվել է, որ նույն վիճաբանության ընթացքում Իսրայել Գ.-ն ձեռքով հարվածել է նաև Անահիտ Բ.-ի դեմքին և պատճառել ֆիզիկական ցավ:

 

Անահիտ Բ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

 

Ձեռնարկվում են միջոցառումներ Իսրայել Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

 

Կատարվում է հետաքննություն: