Հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը ՀՀ առողջապահության նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Ճամբարակի առողջության կենտրոն են հոսպիտալացվում Վահան գյուղի տարբեր տարիքի բնակիչներ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկանում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից: 

 

Հունիսի 6-ին, ժամը 10:45-ի դրությամբ դիմել է 25 անձ, որից 7-ը՝ 4-ից 14 տարեկան երեխա:

 

Բոլորի մոտ նկատվել են նույն ախտանշանները' սրտխառնոց, փսխում, լուծ, ընդհանուր թուլություն, մի մասի մոտ՝ ջերմություն:

 

Հիվանդներից 6-ը, որից մեկը՝ երեխա, ստացել են առաջնային բուժօգնություն և տուն ուղարկվել, իսկ 19-ը՝ հոսպիտալացվել է: Նրանցից 12-ի վիճակը գնահատվում է թեթև, 7-ի վիճակը՝ միջին ծանրության:

 

Դեպքերի առաջացման պատճառը պարզաբանելու նպատակով ձեռնարկվել են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, որոնք զուգորդվում են լաբորատոր հետազոտություններով:

 

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում բացահայտվել է, որ բոլոր հիվանդները կերել են թութ՝ գնված իրենց գյուղում այդ օրը ժ. 16-ի մոտակայքում միրգ վաճառող նույն անձից:

 

Հիվանդների վիճակն այժմ բավարար է, ունեն առողջացման դրական տեղաշարժ:

 

Իրականացվում են բակային համայցեր՝ հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով:

 

Աշխատանքները տարվում են շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ համատեղ: