«Mediamall.am» լրատվականն ամփոփում է օրը.




Բրազիլիայի Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև


Մայիսի 27-ին Բրազիլիայի Դաշնային Սենատը միաձայն ընդունել է Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած No 550/2015 բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը:

 

 

Բրազիլիայի Դաշնային Սենատի կողմից ընդունված բանաձևում ասված է. «Դաշնային Սենատը ճանաչում է Հայ ժողովրդի Ցեղասպանությունը, որի 100-րդ տարելիցը նշվեց 2015թ. ապրիլի 24-ին: Հարգանքի տուրք է մատուցում Ցեղասպանության զոհերին և գնահատում Բրազիլիայում բնակվող հայ փախստականների հազարավոր բրազիլահայ ժառանգների ներդրումը երկրի տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում, և ընդգծում է, որ ոչ մի ցեղասպանություն չպետք է մոռացվի, որպեսզի չկրկնվի»:



***


Սամվել Ալեքսանյանի «թեթև ձեռքով» բարձրացել է ալյուրի գինը


Այս տարվա մարտի 25-ից մինչև մայիսի 26-ն ընկած ժամանակահատվածում բարձր տեսակի ալյուրի գինը բարձրացել է: Նախկին 207.9 դրամի փոխարեն դարձել է 219 դրամ: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մրցակցության գնահատման բաժնի պետ Մանուկ Միքայելյանը:

 

 

Նշենք, որ շուկայում կան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ: Մասնավորապես՝ երկու տնտեսվարող սուբյեկտ կա, որ գերիշխող դիրք ունի, դրանք են «Մանանա գրեյը» և Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը:

 

 

«Մենք ամեն օրվա կտրվածքով գների դիտանցում իրականացնում ենք: Իմ ձեռքի տակ եղած տվյալներով՝ 2015 թվականի մարտի 29-ի դրությամբ բարձր տեսակի ալյուրի մեկ կիլոգրամի գինը եղել է 207.9 դրամ, որը մայիսի 26-ի դրությամբ դարձել է 219 դրամ, բայց մինչև այդ ալյուրի գինը եղել է 265 դրամ, այսինքն՝ մարտի 29-ից մինչև մայիսի 26-ը մենք որոշակի բարձրացում ունեցել ենք, բայց մինչև այդ շատ ավելի էին գները նվազել: Այսինքն՝ 265 դրամից դարձել է 207 դրամ»,- ասաց մեր զրուցակիցը:

 

 

Ըստ ՏՄՊՊՀ տվյալների՝ շուկայում այս պահի դրությամբ որևէ խնդիր չկա, մուտքի խոչընդոտներ ևս չկան, գնային փոփոխություններ միշտ էլ կլինեն, որովհետև գների վրա տարբեր բնույթի գործոններ են ազդում՝ առաջարկ-պահանջարկ, փոխարժեք, տարբեր ընթացակարգային խնդիրներ:

 

 

Մեր այն հարցին, թե Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ռուսական ալյուրի ներկրման արդյունքում էականորեն նվազեց Հայաստանում վաճառվող ալյուրի գինը, սակայն նորից բարձրացում է գրանցվում, ինչի՞ հետևանք է դա, Միքայելյանը մեկնաբանեց.

 

 

«ԵՏՄ անդամակցությամբ չի բացառվում մաքսատուրքեր չվճարելու, մի շարք այլ ընթացակարգերի հեշտացման արդյունքում որոշ տնտեսավարող սուբյեկտներ հնարավորություն են ունեցել ներկրել ալյուր՝ էժան գներով: Սա վկայում է այն մասին, որ շուկայում խնդիրներ չկան: Եթե ինչ-որ տնտեսվարող սուբյեկտներ ներկրել են այդ ալյուրը՝ դա խոսում է այն մասին, որ մուտքի խոչընդոտ չկա»:

 

 

Նկատենք, որ «Ժամանակ» օրաթերթն այսօրվա իր համարում գրել է, որ Սամվել Ալեքսանյանը գտել է Ռուսաստանից Հայաստան ալյուրի ներկրումներն արգելելու և իր ապրանքը մենաշնորհային գնով վաճառելու հնարավորությունը: Այն անհատները կամ ընկերությունները, որոնք մի քանի անգամ Ռուսաստանից ալյուր են ներմուծել Հայաստան, հայտնվել են ստուգող կազմակերպությունների տեսադաշտում: Երբ ալյուր ներկրողները կանգնել են անհաղթահարելի խնդիրների առջև, Ալեքսանյանը սկսել է կրկին բարձրացնել ալյուրի գինը:



***


Կայծակնային քաղցկեղից զինվոր է մահացել


Արարատի մարզի Նորամարգ գյուղում այսօր ժամկետային զինծառայող է մահացել:


ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Նորամարգի գյուղապետ Սարգիս Գալստյանն ասաց, որ մահացածը 19-ամյա Խդր Սարոյանն է:

 

Գյուղապետի խոսքով՝ մահվան պատճառը կայծակնային քաղցկեղն է եղել: 

 

«Այդ տղան հիմնականում հիվանդանոցներում է եղել, երդումից հետո բերել են Վանաձորի հիվանդանոց»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ ծառայության տանելիս հիվանդության մասին տեղեկություն չի եղել: