Իսպանիայի Սենատի լիագումար նիստում մայիսի 13-ին տեղի ունեցած լսումների ժամանակ մերժվել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը, տեղեկացնում է La Vanguardia իսպանական պարբերականը:

 

Նիստի ժամանակ քվեարկության է դրվել միջնորդագիր, որն ուղղված էր Իսպանիայի կառավարությանը' Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում հստակ քայլեր ձեռնարկելու կոչով:

 

Մայիսի 4-ին այն Սենատի դիտարկմանն էր ներկայացրել կատալոնական Entesa քաղաքական միավորումը: Այդուհանդերձ, միջնորդագրի օգտին քվեարկել է 14 պատգամավոր, դեմ' 130-ը, իսկ 68-ը ձեռնպահ է մնացել: Դեմ է քվեարկել իշխող «Ժողովրդական կուսակցություն» խմբակցությունը (Parlamentario Popular, PP), որը Սենատում մեծամասնություն է կազմում, ինչի արդյունքում էլ միջնորդագիրը մերժվել է:

 

Նշվում է, որ բոլոր քաղաքական ուժերը ներկայացնող բանախոսները միասնական կարծիք են հայտնել, որ տեղի ունեցածը մարդկության պատմության մեծագույն ողբերգություններից է և որ յուրաքանչյուրը կիսում է հայ ժողովրդի ցավը: