Օրեր առաջ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ՝ պարզելու, թե ինչու այդ բանաձևը հիմա ընդունվեց և որոնք են լինելու հետագա հավանական քայլերը:
«ԱՄՆ-ի համար կան մի շարք պատժամիջոց հանդիսացող բանաձևեր, որոնք, ըստ անհրաժեշտության, շատ արագ բերվում են օրակարգ, ընդունվում են կամ չեն ընդունվում: Բնականաբար, խոսքը միայն Հայոց ցեղասպանության հարցին չի վերաբերում: Այս պարագայում բանաձևը Ներկայացուցիչների պալատում հայտնվեց դեռ ապրիլին, սակայն երկար ժամանակ հարմար պահ չկար, որպեսզի բերվեր օրակարգ»,-նշեց Իսպիրյանը:
Նրա խոսքով՝ հարմար պահ ստեղծվեց վերջերս, երբ թուրք-ամերիկյան հարաբերություներում նկատվեց խիստ լարվածություն, որի արդյունքում էլ Ներկայացուցիչների պալատում բանաձևը ճանաչվեց. «Հաջորդ քայլով բանաձևը հասավ Սենատ, սակայն վետո դրվեց, քանի որ ԱՄՆ-Թուրքիա բանակցություները շարունակվում էին: Իսկ բանակցությունների ոչ այնքան ցանկալի արդյունքի հետևանքով՝ դրվեց քվեարկության: Ինչպես տեսանք՝ ընդունվեց միաձայն, ինչը շատ խոսուն փաստ է: Չմոռանանք, երբ վետո դրվեց այդ բանաձևը օրակարգ մտցնելուն, վետո դնող սենատորը շեշտեց, որ դա անում է Սպիտակ տան խնդրանքով: Այսինքն՝ այդ պահին Սպիտակ տանը պետք չէր բանաձևի ընդունումը, իսկ հիմա պետք է: Թերևս հարցը ընդամենը իրավիճակային էր»:
Իսպիրյանը ընդգծեց, որ սա նաև հայակական լոբբիստական կազմակերպություների, Հայ դատի գրասենյակի տարիներով կատարած աշխատանքի արդյունքն է. «Պատկերացրեք, եթե այս հարցը չդառնար այս կարևորության, ԱՄՆ-ն այն չէր կարող օգտագործել որպես շանտաժի միջոց: Այսինքն՝ միայն երկար տարիների աշխատանքի արդյունքում ցեղասպանության ճանաչման հարցը դարձավ այդքան կարևոր գործոն»:
Իսպիրյանը շեշտեց, որ բանաձևի ընդունումը շատ կարևոր քայլ է, նույնիսկ եթե ընդամենը գործիք է ԱՄՆ-ի ձեռքում:
«Իրականում, այս պահին բանաձևի ընդունման համար մենք ոչինչ չարեցինք, Հայաստանը ոչինչ չի արել: Ամեն ինչ արեցին ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպություները»,-ընդգծեց թուրքագետը:
Իսպիրյանը նաև հիշեցրեց, որ վերջին տարիներին ԱՄՆ նախագահի բոլոր թեկնածուները նախընտրական քարոզարշավներում խոստանում էին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բացի՝ Թրամփից:
«Սպասենք զարգացումներին, քանի որ ամեն ինչ կախված է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություների ընթացքից»,-խոսքն ամփոփելով' ասաց Իսպիրյանը:
Լուսինե Մարդոյան