Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Ջերսի նահանգը ներկայացնող դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսն ապրիլի 24-ին Սենատին ներկայացրել է երկկուսակցական նախագիծ, որով առաջարկվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ներկայացված նախագծով առաջարկվում է երաշխավորել, որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը կարտացոլի համապատասխան ըմբռնում մարդու իրավունքներին առնչվող հարցերին, մարդկության դեմ հանցագործություններին, էթնիկ զտումներին և ցեղասպանություններին' ԱՄՆ-ի կողմից փաստագրված Հայոց ցեղասպանության օրինակով:
Նախագծի համահեղինակներն են սենատորներ Թեդ Քրուզը, Էդ Մարկին և Թոմ Ուդոլը:
«Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգությունից 102 տարի անց մենք պետք է այն անվանենք իր իսկական անունով' Ցեղասպանություն: Ես կարծում եմ, որ այդ քայլին գնալու մեր շարունակական անկարողությունը տեղ է թողնում ժամանակակից աշխարհում բարբարոսությունների համար, ուստի ես իմ սենատոր գործընկերներին կոչ եմ անում վերջ դնել այս ամոթալի իրողությանը: Այս բանաձևը հստակ հաստատում է, որ մենք միշտ կհարգենք այն անմեղ հայ տղամարդկանց, կանանց և երեխաների հիշատակը, ովքեր սպանվել են կամ արտաքսվել են իրենց հայրենիքից, և միշտ կհիշենք այդ ամենը որպեÕ ½ դաս, որը միշտ հակազդելու մարդկության դեմ բոլոր հանցագործություններին»,- ասել է Ռոբերտ Մենենդեսը:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել սենատոր Մենենդեսին և նրա գործընկերներին նախագիծը ներկայացնելու համար: «Ակնհայտ է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նախ անհրաժեշտ է, որ Թուրքիան ճանաչի փաստերը և Հայոց ցեղասպանության հետևանքները»,- ասել է Համբարյանը: